2021.01.26,

Ստուգված է

Թվային զորքեր․ ինչպե՞ս էին օգտատերերը մասնակցում տեղեկատվական պատերազմին

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայտնվեցին հասարակությանը մոբիլիզացնող բազմաթիվ նախաձեռնություններ։ Նույնիսկ հատուկ կայք կար՝ Ognum.am, որտեղից կարելի էր իմանալ, թե ինչպես օգնել բանակին։ Առաջարկվող տարբերակներից մեկը թվային պատերազմին մասնակցելն էր՝ միանալով սոցիալական ցանցերի համապատասխան խմբերին։

Այս խմբերի մեծ մասը մարդկանց մոբիլիզացնում էր հայանպաստ բովանդակություն տարածելու, իսկ ոչ հայանպաստ բովանդակությունը քննադատելու կամ այն «ռեփորթելու» համար։

Խմբերն արագ տասնյակ հազարավոր անդամներ հավաքեցին։ Թե՛ մասնակիցները, թե՛ ադմինները այս խմբերը թվային պատերազմում դիմակայելու կարևոր գործիք են համարում։ Սակայն լրագրողները և փորձագետները քննադատում են այս ակտիվությունը՝ այն համարելով անիմաստ, իսկ որոշ դեպքերում՝ վնասակար։

Տասնյակ հազարավոր օգտատերերի թվային ակտիվիզմը

Օգտատերերին մոբիլիզացնող խմբերն ու էջերը տասնյակից ավելի էին։ Դրանցից շատերը անվանումներում օգտագործում էին ռազմական տերմինաբանություն՝ «Armenian Social Media Army» (ASMA), «Մեդիա Գրոհայինների խումբ», «Cyber banak 2020» և այլն։ Այս անվանումներում մասնակիցներն նկալվում էին որպես թվային զորքեր՝ տեղեկատվական պատերազմում երկիրը պաշտպանելու համար։

Մասնակիցների քանակը խմբերում տատանվում էր՝ 30,000-40,000-ից մինչև 150,000։

Օգտագործելով  Crowdtangle գործիքը Media.am-ը ներբեռնել և ուսումնասիրել է ASMA ֆեյսբուքյան խմբի բովանդակությունը։ ASMA-ն ստեղծվել է հոկտեմբերի 1-ին և շատ արագ դարձել այս շարքի խոշորագույն խմբերից մեկը․ այն ունի 140,000-ից ավել անդամներ։ Պատերազմի ընթացքում խմբի շուրջ 400 հրապարակումները հավաքում էին միջինում 2,000 լայք և մեկնաբանություն։ Մի քանի հրապարակումների լայքերն ու մեկնաբանությունները հատել էին 10,000-ը։

Հրապարակումներից սկսվում էին ուշադրություն գրավող և լարում ապահովող բառակապակցություններով՝ «‼️Խիստ կարևոր‼️», «‼️Չափազանց կարևոր‼️» և այլն։ Առավել հաճախ գրառումները լսարանին հորդորում էին ինչ-որ գործողություն անել։ Խմբի համակարգողները լսարանին դիմում էին որպես «թիմ» և ուղղորդում գործողության՝  մեկնաբանելու, տարածելու և այլն։ Գրառումները հաճախ պարունակում էին պահանջվող քայլերի նկարագրություն․ «‼️Թիմ ջան […] Like, comment share ենք անում։ Ով անի + դրեք բոլորին ակտիվացնենք։Գնացինք?»։

Խմբում տեղ գտնող բովանդակությունը բազմազան էր՝ ստորագրահավաքներ, որևէ դրական  նորություն ռազմի դաշտից կամ դիվանագիտական ճակատից, առավել հաճախ՝ որևէ բովանդակություն կիսելու կամ մեկնաբանելու կոչ։

Խմբերը երբեմն թիրախավորում էին միջազգային լրագրողներին՝ փորձելով նրանց լուսաբանումը ավելի հայամետ դարձնել։ Օրինակ՝ «Մեդիա Գրոհայինների Բանակ» խումբն սկզբում կոչվում էր «Գրոհենք Հայտնի Լրատվականները»։ Այստեղ օգտատերերին կոչ էին անում պատերազմի մասին միջազգային մամուլի հրապարակումների տակ որոշակի մեկնաբանություններ թողնել։

Խմբերը նաև օգնում էին կեղծ հաշիվների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ուղարկել սոցցանցերին, քանի որ պատերազմի օրերին ադրբեջանական կողմը ստեղծում էր պաշտոնյաների, հայկական լրատվականների, նույնիսկ Համահայկական հիմնադրամի կեղծ էջեր։ Նման կեղծ էջերը «ռեփորթելու» համար ASMA-ն ուներ նույնիսկ առանձին խումբ՝ ASMA | Report։

Այս խմբերի ակտիվությունը համակարգված էր։ Այսինքն՝ օգտատերերը ամբողջովին ինքնուրույն չէին, այլ իրենց գործողություններում ուղղորդվում էին ադմինների կողմից։ Սակայն այս խմբերը դժվար է բնութագրել որպես համակարգված ոչ իրական վարք (coordinated inauthentic behaviour)։ Դրանք կարելի է բնութագրել որպես առցանց ակտիվիզմ, քանի որ օգտատերերի մեծ մասը իրական էին, նրանք չէին վճարվում իրենց գործունեության համար։ Ավելին՝ չի հայտնաբերվել ավտոմատացված հաշիվների համատարած օգտագործում։

Գուցե սա է պատճառը, որ մեզ հետ զրուցած երկու ադմիններն էլ հաստատեցին, որ խմբերը որևէ լուրջ խնդիր (օրինակ՝ արգելափակում) Ֆեյսբուքի հետ չեն ունեցել։ Չնայած դրան, Թվիթերը հաճախ էր արգելափակում պատերազմի օրերին նոր ստեղծվող առանձին օգտահաշիվները։

Ի դեպ, խմբերի հետ մեկտեղ նաև հայ հայտնիներն էին օգտագործում իրենց սոցցանցային հարթակները՝ մարդկանց առցանց ակտիվիզմը համակարգելու համար։ Օրինակ, հաղորդավար Գարիկ Պապոյանը հաճախ էր մարդկանց հորդորում մեկնաբանել, կիսել կամ «ռեփորթել» որոշակի բովանդակություն, ինչպես նաև խորհուրդներ տալիս, թե ինչպես այդ ամենը անելը առանց արգելափակման վտանգի։

Խմբերը համակարգում էին ՏՏ մասնագետները

ASMA խմբի համակարգող Արսեն Հարությունյանը պատերազմի սկսվելու մասին իմացել է Covid-19-ի պատճառով մեկուսացման մեջ լինելու ժամանակ։ Հարությունյանը գլխավորում է Startup Armenia հիմնադրամը։ Պատերազմի առաջին օրերին  Startup Armenia-ի թիմը առցանց ժողով է արել և որոշել, որ առավել օգտակար կարող է լինել տեղեկատվական պայքարում․ «Մենք դիզայներների և վիդեոմեյքինգի թիմ ունենք ու բավական պատրաստ էինք կոնտենտ ստեղծելու և այդ ամեն ինչի վրա աշխատելու համար»։

Ինչպես ASMA-ի, այնպես էլ մյուս խմբերի դեպքում ադմինների մեծ մասը ՏՏ որոլտի մասնագետներ են, որոնք ունեն գիտելիք և հմտություններ առցանց տարածքում տեղեկության հետ աշխատելու համար։ Այդպես, մեկ այլ խմբի՝ «Մեդիա Գրոհայինների Բանակի» հիմնադիր Տիգրան Մկրտչյանը թվային մարքեթինգի մասնագետ է․ «Ստեղծեցի խումբը՝ հասկանալով խնդրից […]։ Դա կամավորական, տարերայնորեն ստեղծված խումբ էր»։

Մկրտչյանը նշում է, որ կարևոր էր հատկապես Թվիթերում աշխատանքը՝ «Թվիթերը շատ կարևոր է տեղեկատվության տարածման, տեղեկատվության վրա ազդեցության տեսանկյունից․ այնտեղ կան շատ լրագրողներ, դիվանագետներ և այլն։ Նաև Թվիթերը ավելի քիչ հայտնի է Հայաստանում, այնտեղ ավելի քիչ մարդ կար և արագ պետք էր մարդկանց տեղափոխել Ֆեյսբուքից, Ինստագրամից, Տիկտոկից և մյուս հարթակներից դեպի Թվիթեր»։

Խմբերի համար մարդկանց հավաքագրելու և համակարգելու հիմնական հարթակը Ֆեյսբուքն էր, սակայն ակտվիվությունը ուղղված էր Թվիթերում բովանդակություն ստեղծելուն և տարածելուն։ Այսինքն՝ մարդիկ ֆեյսբուքյան խմբում ստանում էին «առաջադրանք» ադմիններից և կատարում այն Թվիթերում։

Խմբերը փորձում էին չխանգարել կառավարության տեղեկատվական աշխատանքին

Մեզ հետ զրուցած երկու խմբերի համակարգողները համաձայն չէին խմբի մասնակիցների ակտիվությունը բնութագրել որպես ուղղորդված։ «Դու ուղղակի տեղեկացնում ես, ոչ թե պարտադրում ինչ-որ բան անել։ Այսինքն՝ մարդ ազատ է որոշելու ինքը դրա որ մասը կանի կամ առհասարակ կանի, թե՝ չէ», – ասում է Արսեն Հարությունյանը։

Թե՛ Հարությունյանը, թե՛ Մկրտչյանը ասում են, որ կառավարությունը չի միջամտել կամ ուղղորդել նրանց աշխատանքը․ «Հետևում էինք, թե ինչ է անում կառավարությունը, ինչ են նրանք հրապարակում, ինչ ուղղությամբ են տանում։ Փորձում էինք նվազագույնը չխանգարել, կամ այդ ռազմավարական ուղղությունը ավելի ուժեղացնել, բայց կոնկրետ ուղղորդում և այլն չի եղել»,- պատմում է Տիգրան Մկրտչյանը։

Ինչո՞ւ էին մարդիկ կամավոր անդամակցում «թվային զորքերին»

Մասնակիցները պատրաստակամ էին կատարելու ադմինների «առաջադրանքները»․ խմբերի տասնյակ հազարավոր անդամների համար սա միջոց էր օգտակար լինելու հոգեբանական կարիքը բավարարելու համար։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Մարի Սիմոնյանը, որը խմբերի ակտիվ անդամներից էր, պատմում է․ «Պատերազմական օրերին մի քանի օր մասնակցեցի կամավորական աշխատանքների՝ քնապարկեր էինք կարում գյուղում, տաք վերարկուներ, ու տուն գալուց իմ կատարած փոքր աշխատանքից ինձ շատ կարևոր էի զգում։ Քովիդի պատճառով չկարողացա մասնակցել հետագա աշխատանքներին ու տանն էի։ Համարյա բոլոր ՖԲ խմբերի գործունեությանը հետևում էի, մեծ մասամբ հրահանգներն էլ կատարում։ Ամեն մի հայամետ փոստից հետո մտածում էի՝ թեկուզ այսպես ես էլ իմ ներդրումն եմ ունենում։ Մեծ ոգևորությամբ էի թվիթներ անում, հատկապես անգլերեն։ Կարծում էի քաղաքակիրթ աշխարհը ինչպե՞ս կարող է լռել եթե, օրինակ, տեսնի՝ ռմբակոծում են ծննդատունը․․․ Մի խոսքով՝ մտածում էի իմ ձայնն եմ լսելի դարձնում աշխարհին»։

Քոփիրայթեր Մարիա Ուլիխանովան նույնպես մասնակցում էր խմբերի գործունեությանը․ «Ակտիվ էի, հա, անգամ Թվիթերում գրանցվեցի, հետևում էի, տարածում էի։ Պատճառը՝ ռեալ հավատում էի, որ կարա օգնի, որ բան կփոխվի»։

Խմբերի համակարգողները նույնպես ընդգծում են մարդկանց օգնելու ցանկությունը․ «Նմանատիպ խմբերի նպատակը այն էր, որ բոլորի ներուժը համախմբեինք։ Բոլորն էլ ինչ-որ ձև ինչ-որ տեղերում իրենց առանձին պայքարը տանում էին, ու երբ դու 140,000 հոգով ես այդ պայքարի մասնակից դառնում, դրա արդյունավետությունը լրիվ ուրիշ է լինում», – ասում է Արսեն Հարությունյանը։

Խմբերն օգնեցի՞ն, թե՞ վնասեցին

Ոչ բոլորն են համաձայն, որ խմբերի աշխատանքն  արդյունավետ է եղել։ BBC-ի լրագրողներ Յոնահ Ֆիշերը և Գրիգոր Աթանեսյանը քննադատեցին հայ օգտատերերի համակարգված ակտիվությունը։ «Սրանք պարզապես բոտեր չեն: Շատերն իրական հայեր են՝ համոզված, որ լրագրողներին հետապնդելով իրենց հայրենասիրական պարտքն են կատարում: Անձամբ եմ ճանաչում ոմանց: Հայկական կողմի նպատակներին հասցրած նրանց վնասը զգալի է», – գրեց Գրիգոր Աթանեսյանը:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը նույնպես կարծում է, որ խմբերը առանձնապես օգտակար չեն եղել։ Ըստ Պապյանի՝ հասկանալի է մասնակիցների՝ օգտակար լինելու հոգեբանական պահանջը պատերազմի օրոք, սակայն այս ակտիվիզմը նա համարում է slacktivism, այսինքն՝ մարդիկ քիչ ջանք գործադրելով՝ լայքով կամ քոմենթով փորձում են բավարարել օգուտ տալու ցանկությունը։

«Ուրիշ հարց, որ ինչ-որ դեպքերում ադմինները բավական ծանր աշխատանքով էին զբաղված։ Գրեթե միշտ նրանք ունեցել են լավագույն մտադրությունները, փորձել են ինչ-որ օգտակար բան անել։ Բայց ոչ միշտ է ստացվել նաև այն պատճառով, որ մարդիկ, այո՛, slacktivism-ով էին զբաղված՝ չէին ուզում իրենք էլ ավել ջանք ներդնել։ Դրա պատճառով կոորդինացվածությունը ակնհայտ էր դառնում ու դա վնասում էր հարյուր տոկոսով»,- ասում է Պապյանը։

Պատերազմի հենց առաջին օրերին Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի (Australian Strategic Policy Intitute) հետազոտողները հրապարակեցին հայկական և ադրբեջանական կասկածելի օգտահաշիվների՝ Թվիթերում համակարգված ակտիվության մասին հաշվետվություն՝ ընդգծելով համակարգված վարքը, նույն բովանդակության «քոփի-փեյսթը», լրագրողներին թիրախավորելը և այլն։ Թեման լուսաբանեցին նաև միջազգային լրատվամիջոցները։

Արթուր Պապյանի կարծիքով այս խմբերի ստեղծումը ռեակցիա էր սոցցանցերում ադրբեջանական ակտիվությանը․ «Մենք նախկինում էլ՝ հուլիսյան զարգացումների ու տարբեր սրացումների ժամանակ տեսել էինք [ադրբեջանական ակտիվությունը] Հայաստանին վերաբերվող թեմաներով։ Ասեմ, որ ադրբեջանական կողմի գործունեությունն էլ առանձնապես օգտակար կամ արդունավետ չի եղել․ նկատվել է, ինչ-որ դեպքերում հանգեցրել է Ֆեյսբուքի կողմից ադրբեջանական խմբերի արգելափակման»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *