2021.01.22,

Ստուգված է

Տարածել լրագրողական աշխատանքը՝ այլ մարդու անվան տակ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հայաստանում թե՛ ակադեմիական, թե՛ մեդիա դաշտում գրագողության խնդիրը լուրջ է։ Պետական բուհի ռեկտոր է նշանակում գրագողությամբ աշխատանքով գիտական աստիճան ստացած անձը։ Իսկ լրատվական դաշտում “copy-paste”-ի մշակույթը կարգավորելու համար 2013-ին հեղինակային իրավունքի մասին օրենքում լրացում է կատարվում՝  սահմանելով լրատվական նյութի օգտագործման պայմանները։

Այն է, նյութերը կարելի է վերատպել մեջբերման նպատակն արդարացնող ծավալով, որը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Նաև պարտադիր է ակտիվ հղում տալը (էլ․ կայքերի դեպքում), վերնագրում սկզբնաղբյուրի անվանումը նշելը և այլն։

Բայց դեպքերը, երբ լրատվականը վերատպում է սոցիալական մեդիայի օգտատիրոջ գրառումը, որի  հեղինակը շարադրած փաստերը վերցրել է այլ աղբյուրից և դրա մասին որևէ նշում չի թողել, օրենքով չեն կարգավորվում։

Ռոբերտ Հայրապետյան ֆեյսբուքյան օգտատիրոջ մոտ այսպիսի դեպքերը կանոնավոր են։ 

Նա այլ աղբյուրներից վերցրած փաստերով հրապարակումներ է կատարում, որը վերատպում են լրատվական կայքերը։ Հայրապետյանը մամուլում ներկայացվում է որպես իրավաբան, հյուրընկալվում է մեծ լսարան ունեցող հեռուստաընկերության տաղավարում։ 

Դեպք 1․ փաստերը վերցված էին media.am-ի հրապարակումից

Հունվարի 21-ին Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այս հրապարկման 5 պարբերության միայն գնահատողական արտահայտություններով խմբագրումներն են Հայրապետյանինը։ Փաստերը, հավաքագրված տվյալները և ձևակերպումներն ամբողջությամբ վերցված է media.am-ի հունվարի 20-ի «Փաշինյանը հայրենադարձված գերիների տվյալը մանիպուլացնում է» հրապարակումից։ Համեմատենք․

Այս խմբագրման արդյունքում դուրս է մնացել կարևոր փաստ՝ 2000-ականներից սկսած հայրենադարձվածներից 26-ն են եղել հայկական կողմերից։ Հայրապետյանը տեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրություններից մեկի սքրինշոթը, որը ներառված էր մեր նյութի ակտիվ հղումներում։ 

Media.am-ի փաստերի ստուգման նյութում առկա տվյալները հավաքագրել էինք 2020-ի ամռանը՝ մի քանի օր շարունակ ուսումնասիրելով ԿԽՄԿ-ի մամուլի հաղորդագրությունները։

Հայրապետյանը որևէ կերպ չի նշել իր մեջբերած տվյալների սկզբնաղբյուրը։ Այս գրառումը և առկա տվյալները նրա անունից տարածել են մի շարք կայքեր՝ 168.am, lurer.com, panorama.am, news.am, aysor.am, ankakh.com, alternativ.am, 4news.amhayeli.am, irakanum.am, iravunk.com, onnet.am: Վերատպել են նաև սունկ կայքերը՝ newshub.am, armenia24.live, yerevan24.am և այլն։

Լրատվականներից մի քանիսը վերատպումների հղումները տեղադրել են Ռոբերտ Հայրապետյանի հրապարակման մեկնաբանություններում։ Նա էլ շնորհակալ է եղել։

Դեպք 2․ փաստերը վերցված էին hetq.am-ի հրապարակումից

Հունվարի 18-ին Հայրապետյանը քաղվածքներ է կատարել hetq.am-ի «Փոխնախարարին կապակցված ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոցներ է վաճառել պետությանը» 2020-ին հրապարակված հետաքննությունից։

5 պարբերությամբ հրապարակման 3 պարբերությունը այս նյութից վերատպում է, նորից՝ առանց հեղինակային իրավունքը հարգելու։ Համեմատենք նորից․

Այս գրառումը հունվարի 22-ի՝ 12։00-ի դրությամբ ունի 374 հավանում, կիսվել է 411 անգամ։

Այս ևս տարածել են մի շարք կայքեր՝ 7or.am, yerkir.am, politeconomy.org, alternativ.am, artsakh.news, zham.am, 4news.am և այլն։ Վերատպող և մեկնաբանություններում նյութի հղումը դնող կայքերին Հայրապետյանը նորից շնորհակալություն է հայտնել։

Hetq.am-ի նյութի հեղինակ Տաթև Խաչատրյանը այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան «Մեդիագրագիտություն» խմբում։ Նա բարձրաձայնել է սկզբնաղբյուրին հղում տալու խնդրի մասին։ 

Դեպք 3․ բովանդակությունը վերցված էր ՀՀ դատախազության հաղորդագրությունից

Ռոբերտ Հայրապետյանը նույն մոտեցմամբ նոյեմբերի 25-ին վերատպել է Հայաստանի դատախազության տարածած հաղորդագրությունից քաղվածքներ՝ դուրս թողելով կառույցի անունը բոլոր տեղերից։

Հրապարակման 8 պարբերությունից 6-ը հաղորդագրությունից ուղիղ մեջբերում է։ Դրանում կառույցը հայտնում էր, որ ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով: 

Հայրապետյանը թողել է միայն դեպքերի նկարագրության հատվածները, նաև սկզբում ու վերջում ավելացրել մեկնաբանություն։ Դատախազության հավաքագրած տվյալները ևս օգտատիրոջ անունից տարածել են ankakh.com, alternativ.am, hayeli.am, zham.am և այլ կայքեր։ 

Սա ամբողջ չէ

Ռոբերտ Հայրապետյանը երբեմն հղումներ տալիս է, օրինակ, Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը մեջբերելիս։ Բայց նորից, առանց սկզբնաղբյուրին հղում տալու, իր էջում տեղադրել է pastinfo.am-ի տարածած տեսանյութը։ Կրկնել է կայքի պնդումը, թե իբրև «ադրբեջանական զորամիավորումները կուտակվում են Ջերմուկի սարերում. զորամաս են կառուցելու»։ Այս լուրը հերքել և տեսանյութի նկարահանման տեղանքը և հանգամանքները հստակեցրել է Ջերմուկի քաղաքապետը։

Ինչպես մեջվերված ակտիվ հղումներից է երևում, մի շարք կայքեր կանոնավոր կերպով տարածում են Հայրապետյանի գրառումները։ Որոշներն առանց խմբագրման հրապարակում են նաև կոպիտ բառապաշարով գրվածները։

Սոցցանցերի գրառումների վերատպումների հենց այս րոպեական լրագրության հայկական ավանադույթին media.am-ն անդրադարձել է նախկինում։ Գրել, որ լրատվամիջոցի՝ ֆեյսբուքի հետևից կրկնողի դերը թույլ չի տալիս հստակ տարբերակել լրատվականը ու սոցցանցը, և հավասարության նշան է դնում դրանց միջև:

Բայց Ռոբերտ Հայրապետյանի գործելաոճի դեպքում վերատպումները խթանում են գրագողության տարածումը։ Ստացում է, որ որոշ մարդիկ աշխատում են, հետաքննում, իսկ մեկ այլ անձ դառնում է կատարված աշխատանքի հեղինակը, սոցիալական մեդիայում ազդեցիկ մարդը, որի՝ այլ աղբյուրներից՝ առանց հղման վերցված բովակդակությունը վերածվում է լրատվամիջոցներում հրապարակումների։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *