2021.01.19,

Ստուգված է

Հունվարի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

2021-ի առաջին օրերին սկանդալային կեղծ լուրերի ու ապատեղեկատվությունների պակաս չկար։ Թե ինչքանով եք ծանոթ դրանց ու ինչ եք բաց թողել` կարող եք ստուգել մեր թեստի միջոցով։ Իսկ եթե թեստի տրամադրություն չունեք կամ այն անցնելուց հետո մի քիչ ավելի կարդալու ցանկություն կա՝ տեքստը ավելի ներքևում է։ Գնացինք։

Երևանի սուպերմարկետում ոչ թե ադրբեջանցիներ, այլ իրանցիներ էին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ և antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը հունվարի 15-ին նկար տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում ու գրեց, որ իբրև Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայաստանի ՊՆ և ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցի գնումներ է կատարում: «Վաղը ձեր տներն են նույն մարդկանց ուղեկցությամբ մտնելու», – գրել էր նա: Տեղեկությունն առանց ստուգելու տարածեցին մի շարք կայքեր։

Ավելի ուշ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից պարզաբանեցին, որ տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են, այլ՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստանում են աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցում են նրանց։

Պայմանագրի նախնական տարբերակը չկար, իսկ հանդիպումը` եղավ

Հունվարի սկզբում լուր տարածվեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա և տարածքային նոր զիջումներ են լինելու։ Իբրև Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը գաղտնի կերպով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:

Նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքում տեղեկացրեց, որ նախարարությունը «որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»։ Ցավ հայտնեց, որ «ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ  հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում»։ 

Մոսկվայում եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 11-ին։ Նոր տարածքներ չզիջվեցին։ Հանդիպման օրակարգը տնտեսական բնույթի էր՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում։ Հանդիպմանը չլուծվեց նաև հայկական կողմի համար «անկյունաքարային և սկզբունքային» համարված գերիների վերադարձի հարցը։

Փաշինյանը և Պուտինը առանձնազրույց ունեցել են․ Коммерсантъ-ը սխալվում է

Հունվարի 11-ի հանդիպման շուրջ ապատեղեկատվություն տարածեց ռուսական Коммерсантъ կայքը։ Գրեցին, իբրև եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցից անմիջապես հետո Փաշինյանը գնացել է օդանավակայան։ Մինչդեռ Ալիևը մնացել է Կրեմլում, նախապես պլանավորված առանձնազրույց ունեցել Պուտինի հետ։ Նա չուներ շտապելու տեղ և «թվում է, որ նա դեռ օգտագործում է ամեն հնարավորություն՝ իր հաղթանակը հերթական անգամ վայելելու համար», – գրել է կայքը:

Եթե հոդվածի հեղինակը բացեր ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ kremlin.ru-ն, կտեսներ, որ Ալիևի հետ հանդիպումից հետո, Պուտինը առանձնազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետի հետ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից որո՞նք են խախտվել

Եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ նախ Վլադիմիր Պուտինը, ապա Իլհամ Ալիևը նշեցին, որ 2020-ի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարության նորմերը պահպանվում կամ մեծամասամբ պահպանվում են, լուրջ միջադեպեր չեն եղել։ Միջադեպեր, սակայն, արձանագրվել էին․ media.am-ը ամփոփել է դրանք։

Օրինակ, հայտարարության առաջին կետը՝ կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում, խախտվեց դեկտեմբերի 12-ին։ Հադրութի շրջանի երկու համայնքում զինված բախում տեղի ունեցավ հայկական և ադրբեջանական ուժերի միջև։ Այս համայնքները, ի տարբերություն դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի ՊՆ-ի հրապարակած քարտեզի, հաջորդ օրը հանվեցին ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց։ 

Ռիտա Սարգսյանը իբրև չի մահացել

Հայաստանի Ոստիկանության նախկին աշխատակից, այժմ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանը հունվարի 13-ին հայտարարեց՝ կասկածներ ունի, որ երրորդ նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը, չի մահացել։ 

Սարգսյանը վարակվել էր նոր տեսակի կորոնավիրուսով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, ապա արտերկիր, սակայն, կյանքը փրկել չէր հաջողվել։

Ղուկասյանը պատմում է, որ հետաքրքրվել է ու պարզել՝ հիվանդանոցի աշխատողներից ոչ մեկը Ռիտա Սարգսյանին` որպես հիվանդ, չի տեսել։ Նրա համար խնդրահարույց է հիվանդին Գերմանիա տեղափոխելը․ ըստ նրա, վիրուսի բուժման մեթոդները նույնն են բոլոր տեղերում։ Կասկածի առիթ է հոգեհանգստի չլուսաբանվելը, անգամ այն, որ հանգուցյալի դագաղը փակ է եղել։ Այս մահը նա պայմանավորում է երեխաների առք ու վաճառքի քրեական գործով։ Սկանդալային լուրը տարածեցին սունկ կայքերը, իսկ Ֆեյսբուքում տեսանյութը հավաքեց տասնյակ հազարավոր դիտումներ։ 

Առանց փաստական հիմքի այս պնդումը դավադրության տեսության ժանրից է․ չկա փաստ, կա ենթադրություն, թույլ հիմնավորումներով պատճառահետևանքային կապեր։ Օրինակ, անհասկանալի է վարակակրի փակ դագաղի մասով նրա կասկածը։ Սա ընդունված կարգ է՝ կանխարգելիչ միջոցառում, որը կիրառվում է ամբողջ աշխարհում և Հայաստանում։ 

Սկանդալային նույնաբովանդակ լուրի մեկ այլ աղբյուր էլ Ժասմին Հարությունյան անունով օգտատիրոջ լատինատառ գրառումն էր։ Սա ևս տարածեցին սունկ կայքերը՝ ipress.amyn.am, maxinfo.am, lurer24.am, goodnews.am և այլն։

Սուրեն Պապիկյանը բողոքի ակցիաների «համակարգող» է

Տելեգրամյան «Դեժավյու» ալիքը հունվարի 5-ին գրեց, ըստ իրենց աղբյուրի՝ Հայ առաքելական եկեղեցու և հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կոորդինացվում են կառավարության շենքից: «Այս աշխատանքների համար կոորդինատոր է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը», – գրված է հրապարակման մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից տեղեկացրեցին՝ «նախարարը դատական հայց է ներկայացնելու տելեգրամյան ալիքում հրապարակված «զզվելի հոդվածը արտատպած ԲՈԼՈՐ լրատվականների դեմ»։

Ջհանգիրյանի տարիքը և օրենսդրությունը

168.am կայքը հունվարի 12-ին գրեց՝ իշխանությունները նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ օրենքի խախտումով, ուզում են դարձնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Կայքը զրուցել էր ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, որը մատնանշել էր ԲԴԽ անդամ դառնալու համար օրենքով սահմանված չափանիշներից տարիքային շեմը։ 

Fip.am-ը պարզել է, որ օրենքի խախտում չկա, քանի որ «Դատական օրենսգրքով» տարիքային սահմանափակումը վերաբերում է ԲԴԽ դատավոր անդամներին և ոչ ԱԺ-ի կողմից ընտրվող իրավաբան-գիտնականներին: Բարձրագույն դատական խորհուրդն ունի 10 անդամ, որոնցից 5-ը դատավոր են ու ընտրվում են դատավորների կողմից, իսկ մյուս 5-ը իրավաբան-գիտնականներ են ու ընտրվում են Ազգային ժողովի կողմից: Ջհանգիրյանին «Իմ քայլ»-ականները ցանկանում են առաջադրել որպես ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ։ 

Սկանդալային ապատեղեկատվության համաձայն ադրբեջանցին Կապանն է նկարահանում

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է Կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժում պատմում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը անարգել մուտք է գործել Կապան քաղաք և տեղի ադրբեջանցի նախկին բնակիչների խնդրանքով ցուցադրել է իրենց պատկանած տները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզեց, որ տեսանյութի հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։ Տեսանյութը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 8-ին՝ հեղինակին պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ» յութուբյան ալիքում։ Վերջինիս ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են բացառապես Կապանի մասին տեսանյութեր։

Փաշինյան-Պոպով հայտարարությունները հակասում են իրար

Հունվարի 4-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածը, որտեղ վարչապետն անդրադարձել էր արցախյան բանակցային գործընթացներին՝ փորձելով բացատրել պատերազմի ծագման պատճառը։ Դրանում նշվում էր, որ ռուսական առաջարկները նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ որևէ կերպ չանդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։

Օրեր անց՝ հունվարի 13-ին, այս պնդմանը անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հերքելով վարչապետին. «Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին»։ 

Ավելի ուշ Պոպովի ասածին արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը․ «Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է, այսօր»։ 

Media.am-ը ուսումնասիրել է հրապարակված փաստաթղթերը և հայտարարությունները ու եզրակացրել՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը իսկապես դուրս չի մնացել ՌԴ առաջարկների փաթեթից, սակայն, կարգավիճակի հարցը թողնվել է անորոշ ապագային: 

Գենդերային արգելված տերմինաբանության խառնաշփոթը

Tert.am-ը և մի շարք տեղական կայքեր հունվարի 8-ին լուր տարածեցին, թե «տղամարդ», «կին», «մայր», «որդի» և «դուստր» բառերը դուրս կգան գործածությունից։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նորմերի հարցերով հանձնաժողովը մտադիր է սահմանել ներպալատական նոր նորմեր, որոնց նպատակն է գենդերային չեզոք միջավայր ստեղծել ու հարգալից վերաբերմունք ապահովել գենդերային բոլոր ինքնությունների նկատմամբ: 

The Washington Times-ին հղում տալով պարզաբանեցին՝ նորմերի հաստատման դեպքում շրջանառության մեջ են դրվելու միայն այն դերանուններն ու ընտանեկան, բարեկամական հարաբերությունները բնութագրող բառերը, որոնք սեռային չեզոքություն են ապահովում: 

Մեծ տարածում ստացող այս լուրին անդրադարձել է Snopes հարթակը ու բացատրել, որ Դեմոկրատները առաջարկում են «Ներկայացուցիչների պալատի կանոնակարգ» փաստաթղթի տեքստում գենդերային ինքնությունը ցույց տվող տերմինները փոխարինել գենդերային չեզոք այլընտրանքներով: Այսինքն, խոսքը միայն այս մեկ փաստաթղթի մասին է, և սա չի խանգարի Պալատի անդամներին օգտագործել սեռը ընդգծող բառեր ելույթ ունենալիս, օրինագծեր մշակելիս։

Հերքումներ

❌ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը կեղծ անվանեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անունից տարածված գրությունը։ Դրանում խուրհուրդն  իբրև պահանջում էր հիմնադրամի տնօրինությունից հաշվետվություն ներկայացնել 2020թ․ հանգանակած գումարների ծախսի մասին։ Թերացման դեպքում հոգաբարձուների խորհուրդը իբրև կդիմի ԱՄՆ ներքին եկամուտների ծառայություն և Արդարադատության բաժանմունք։

❌ Տավուշի մարզպետարանը հերքեց լուրերը, թե մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ: 

❌ ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն որակեց Տելագրամի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է առևանգել:

❌ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին լուրը հերքեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Տեղեկացրեց՝ «Կառավարությունում նման դիմում մենք չենք ստացել»։ Սակայն, ի վերջո ազատվեց պաշտոնից և այսուհետ կլինի վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *