44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպումը տևեց 4 ժամ, որից հետո ՌԴ նախագահը հայտնեց համատեղ հայտարարություն ստորագրելու մասին։
Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նախ Վլադիմիր Պուտինը, ապա Իլհամ Ալիևը նշեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարության նորմերը պահպանվում կամ մեծամասամբ պահպանվում են։ Մանավորապես ՌԴ նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չեն եղել։
Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչպիսի միջադեպեր են հաջորդել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանն ու արդյոք պահպանվե՞լ կամ մեծամասամբ պահպանվել են նորմերը։
Կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում. կետ 1-ին
Ըստ հայտարարության առաջին կետի՝ նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար, և կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում:
Համաձայնության առաջին կետը խախտվեց արդեն մեկ ամիս անց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր համայնքներում։ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերին հաջողվել էր Հադրութի երկու գյուղ պահպանել։ Հրադադարից հետո այս համայնքները շարունակում էին մնալ հայկական վերահսկողության տակ, քանի որ կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում։
Դեկտեմբերի 12-ին այս համայնքներում զինված բախում տեղի ունեցավ հայկական և ադրբեջանական ուժերի միջև։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը վերսկսել էր հարձակողական գործողություններն այդ բնակավայրերի ուղղությամբ։ Դրա հետևանքով հայկական և ադրբեջանական զինված ուժերը կրեցին մարդկային կորուստներ, ստացան վիրավորումներ, մի շարք հայ զինծառայողներ գերեվարվեցին։
Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակվեց Արցախում իրավիճակը ներկայացնող քարտեզ, որում Հադրութի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածն առաջին անգամ ներառված էր ռուս խաղաղապահների իրավասության գոտում։ Սակայն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին, այդ հատվածը հանվեց ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց։
Ռուս խաղաղապահները դիրքավորումը. կետ 3-րդ
Ըստ համաձայնագրի 3-րդ կետի՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվեր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, սակայն դեկտեմբերի 12-ին, երբ տեղի ունեցավ բախումը Հադրութի շրջանի համայնքներում, ռուս խաղաղապահներ չկային։
«Ըստ ռուսական կողմի պարզաբանման՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում ռուս խաղաղապահների բացակայությունը պայմանավորված է եղել ՌԴ խաղաղապահ ուժերի սահմանափակ հնարավորություններով»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել էր ՀՀ կառավարությունը։
ԱԽ նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 12-ին ռուս խաղաղապահների փոքր ստորաբաժանում է մոտեցել մարտական գործողությունների գոտի, իսկ ամսի 13-ին խաղաղապահների ավելի մեծ ուժեր են մտել այդ տարածք: Այս հայտարարությունից ժամեր անց ռուսական ուժերը դուրս եկան այդ տարածքից: Պատճառը մինչ օրս չի հստակեցվել։
Անվտանգության երաշխիքներ. կետ 6-րդ և 7-րդ
Հայտարարության 6-րդ կետը ենթադրում էր, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: 7-րդ կետով սահմանվում էր տեղահանված անձանց և փախստականների՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադարձ ԼՂ կամ հարակից շրջաններ։
Այս կետի խախտման տարբեր օրինակներ են դիտարկվել։
Նախ նոյեմբերի 11-ին Երևան-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել են առնվազն 10 քաղաքացիներ, որ պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ ադրբեջանցի օգտատերերը սկսեցին տարածել մի խումբ հայ գերիների մեքենայով տեղափոխելու տեսանյութը։
Նրանց մեջ էր Դավիթ Իսահակյանը, որը տարեց ամուսիններ Էլզա Սարգսյանն և Բենիկ Ավթանդիլյանին տեղափոխում էր հարազատ գյուղ՝ Գիշ։ Դավիթ Իսահակյանին տեսանյութի միջոցով նույնականացրել էր կինը։ Տարեց ամուսինները կադրերում չեն երևում. նրանց մասին տեղեկություն այդպես էլ չնշվեց։
Այլ քաղաքացիներ ևս տեսանյութում ճանաչել էին իրենց հարազատներին։ Սևակ Աբրահամյանը, օրինակ, ճանաչել է հորեղբոր երեք թոռներին, որոնք գնում էին քրոջ իրերը Բերդաձորից բերելու։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկաայցուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ստրասբուրգի դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջում է քայլեր ձեռնարկել ապահովելու 10 քաղաքացիների կյանքի իրավունքը, զերծ մնալ նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքից։
Անվտանգության երաշխիքների խախատման հաջորդ փաստը Հին Թաղեր-Խծաբերդ հատվածքում ռազմական բախման հետևանքով գերեվարված հայ զինվորներն էին։
Այդ մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 16-ին, երբ համացանցը ողողված էր հայ զինվորների գերեվարման տեսանյութերով։ Պաշտպանության բանակը այս առիթով հայտնեց, որ ամսի 15-ի երեկոյան «դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»։
Դեկտեմբերի 17-ին Արցախի պաշտպանության բանակը հաղորդեց, որ ռուս խաղաղապահների կողմից ՊԲ-ին է փոխանցվել Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Մյուս կողմից Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել է մոտ 60 զինծառայող:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայ ռազմագերիներին ահաբեկիչ էր անվանել. «Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են, սակայն նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»,- հայտարարել էր Ալիևը։
Պայմանագրի կետերը խախտելու համար Աբդուլաևան մեղադրեց Հայաստանին
2021-ի հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց էր կատարել Արցախ՝ հանդիպելով նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։ Հանդիպման ընթացքում շեշտվել էր, որ հակամարտության քաղաքական կարգավորման առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումն է, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան այցն անօրինական էր որակել և հայտարարել, որ այն հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին։
Ստորագրված հայտարարության կետերից որևէ մեկում չկա կետ կամ դրույթ, որն արգելում է հայ պաշտոնյաներին կամ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին այցելել Արցախ, սակայն Արա Այվազյանի՝ տարածքների դեօկուպացիայի մասին հայտարարությունը, այնումանեայնիվ, կարող է դիտարկվել որպես եռակողմ հայտարարության ոգուն դեմ հայտարարություն, քանի որ առաջին կետով հաստատվում էր՝ կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերում:
Նկատի ունենալով անվտանգության երաշխիքների խախտման՝ զինվորական և քաղաքացիական անձանց գերեվարման, զբաղեցրած դիրքում կանգ չառնելու, ռազմական բախումները շարունակելու արձանագրված փաստերը, կարող ենք նշել, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների պահպանման մասին դեռ վաղ է խոսել։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: