2020.12.25,

Ստուգված է

Պաշտոնանկությունները նոր Հայաստանում․ ինչքա՞ն են կառավարում բարձրաստիճան պաշտոնյաները

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հետհեղափոխական Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելը կայուն գործ չէ։ Պաշտոնյաները նշանակվում են, մի քանի ամիս աշխատում, ապա՝ հրաժարականներ ներկայացնում կամ պաշտոնանկ լինում։ Որոշները լուռ են հեռանում, ոմանք՝ պատճառների մասին բարձրաձայնելով։ 

Վարչապետի որոշմամբ կատարվող նշանակումների և պաշտոնանկությունների դինամիկան media.am-ը պարզել է տվյալների բազա հավաքելով։ Մենք e-gov.am կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնից առանձնացրել ու վերլուծել ենք 2018-ի մայիսից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ն ընկած  ժամանակահավածում վարչապետի կայացրած որոշումները։

Հարյուրավոր ազատված պաշտոնյաների 34%-ին Փաշինյանը չի նշանակել

2018 թվականի մայիսի 8-ից պաշտոնավարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է պաշտոնանկության 319 որոշում։ Սա չի նշանակում, որ նույն թվով մարդ է ազատվել։ Այս թիվը ներառում է.

  • նախորդ իշխանության ձևավորած աշխատակազմի փոփոխություն,
  • կադրային վերադասավորումներ,
  • աշխատանքից ազատումներ,
  • աշխատանքից ազատումներ՝ դիմումի համաձայն։

Պարզվում է՝ վարչապետին սա չի անհանգստացնում։  2020 թվականի մայիսի մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց․ – «Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում հեռանալը, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»: 

Անհանգստանալու կարիք ունեցող դեպքերում՝ ըստ անհրաժեշտության, հրավիրում ու լսում են հեռացողների տեսակետները։

Նման դեպքերից է Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանի 2020-ի մայիսի 14-ին ազատման դիմումը, որում բարձրաձայնվեցին որոշման պատճառները։ Սրան ոլորտը գլխավորող Արայիկ Հարությունյանը արձագանքեց ծաղրով։ Մինչդեռ նույն Հարությունյանի հետ աշխատանքի չստացվելու պատճառով մանդատը վայր դրեց «Իմ քայլ»-ական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ 

Նման բարձրաձայնումներով հրաժարականների մասին վերջում, մինչ այդ անցնենք մի քանի ոլորտով և տեսնենք թվային պատկեր։ Նաև հասկանանք, թե պաշտոնանկ եղածները ինչով են այժմ զբաղվում։

Վարչապետի աշխատակազմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած առաջին նշանակումը իր աշխատակազմի ղեկավարն էր․ Էդուարդ Աղաջանյանը պաշտոնավարում է 2018-ի մայիսի 10-ից։ Փոխարենը, վերջին երկուս ու կես տարում նշանակվել և ազատվել են վարչապետի խորհրդականներ, օգնականներ։ Տեղի են ունեցել կաբինետային այլ փոփոխություններ։

Նշանակվել է 3 մամուլի քարտուղար

Արման Եղոյանը դարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր։ Վլադիմիր Կարապետյանը, ըստ մամուլի հրապարակումների, հիմնադրել է երկու կայք՝ newarmenia.am և 365news.am, ունի նաև ռեստորանային բիզնես։

Նշանակվել է 12 օգնական, 5-ը շարունակում է պաշտոնավարել

Ավետիս Բերբերյանը, որը եղել է Սերժ Սարգսյանի նշանակած կադրը, ազատվել է Փաշինյանի վարչապետ դառնալուց կարճ ժամանակ հետո։

Արփի Դավոյանը և Արեն Մկրտչյանը դարձել են պատգամավոր։ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Հրաչյա Թաշչյանը դարձել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։

Մհեր Սահակյանն ազատվել է իր դիմումի համաձայն, այժմ Չինաստան-Եվրասիա խորհուրդ-հիմնադրամի ղեկավարն է։

Արտակ Գասպարյանը դարձել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, ապա՝ խորհրդական։ Հրաժարականի տեքստում նա հաջողություն է մաղթել Փաշինյանին ու թիմին։ Նշել է՝ հավատացել և հավատում է Փաշինյանին, սակայն, «այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, արդեն ամբողջովին կորցրել է իր ակտուալությունը»:

21 խորհրդականից 7*-ը շարունակում է պաշտոնավարել

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի «լիցենզիայից զրկելու»** քննարկումներից հետո Հակոբ Ճաղարյանը դադարեցրեց որպես խորհրդական պաշտոնավարումը։ Թեև ազատման որոշման մեջ նշված է «պաշտոնից ազատվել», սակայն Ճաղարյանը պնդեց՝ «հրաժարականի պահանջը» ինքն է ներկայացրել։ Պատճառը՝ «Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն» են:

Հեղափոխությունից հետո ոստիկանապետ նշանակված Վալերիյ Օսիպյանը պաշտոնանկության նույն օրը վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց։ Այս պաշտոնում մնաց քսան օր, բայց իր խոսքով՝ աշխատանքի չներկայացավ։ Մամուլում հրապարակումներ եղան, որ նա Ռուսաստանում քրեական հեղինակություն ունեցող անձի անվտանգության պետ է աշխատում։ Օսիպյանը պատերազմից հետո մասնակցում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ցույցերին։

Օսիպյանը պաշտոնից ազատվեց հեղափոխությունից հետո՝ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնակությունից/ հրաժարականից երկու օր անց։

Վարչապետի խորհրդականներից երկուսը երեք ամսից պակաս աշխատելուց հետո ազատվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Նրանցից Արսեն Խառատյանը ղեկավարում է վրաց-հայկական «Ալիք» մեդիան, իսկ Հայկակ Արշամյանը «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի տնօրենն է։

Մեկ օրում վարչապետը ազատել է երկու գլխավոր խորհրդական՝ Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։ Վերջինս նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, ապա՝ 2008-2018-ին վարչապետի և նախագահի խորհրդական։

Վարչապետի խորհրդականներից Վահե Հովհաննիսյանը Հանրային ռադիոյում ուներ հեղինակային հաղորդում՝ «Արժեքների հեղափոխության»***։ Գրիգոր Մուրադյանը դարձել էր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդականը։ 

Երեքը՝ Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը, «Իմ քայլը» դաշինքով դարձել են պատգամավոր։ Մեսրոպ Պապիկյանը Երևանի ավագանու անդամ էր։ 

Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է։ Ֆելիքս Թադևոսյանի գործունեության մասին տեղեկություն չկա։

Այսպիսով, ստացվում է, որ վարչապետի աշխատակազմից յոթ հոգի պատգամավորական մանդատ է ստացել։ 

Փաշինյանը մեկ օրում ազատել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասներեք աշխատակցի։ Նրանցից միայն երեքն է շարունակել նույն գրասենյակում այլ պաշտոններում աշխատել։

Նախարարություններ

Բարձրաստիճան պաշտոնյաներից ամենահաճախը ստանում ենք փոխնախարարների հեռացման լուրերը։ Այս փոփոխությունների մի մասը կապված է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նրանց պատգամավոր դառնալու և նախարարությունների օպտիմալացման հետ։ 2019-ի սկզբում մի շարք նախարարություններ օպտիմալացվեցին՝ 17-ից դառնալով 12։

Ներկայացնում ենք նախարարություններում կատարված փոփոխությունները՝ ըստ  օպտիմալացված 12 գերատեսչության անունների։ Պարզել ենք նաև, թե ինչով են զբաղվում պաշտոնաթող անձինք։ Որոշների գործունեության մասին տեղեկություններ չենք գտել։

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Նշանակվել է երկու, ազատվել՝ մեկ փոխնախարար։

Արմեն Փամբուխչյանը պատգամավորական մանդատը 2020-ի սեպտեմբերին վայր դրեց և դարձավ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Մինչ այդ նա աշխատել էր որպես Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ և առաջին տեղակալ։ Արա Նազարյանը տեղակալից դարձել է առաջին տեղակալ։ 

Հեռացված փոխնախարարներից Էնրիկո Ապրիամովը մինչև Փաշինյանը նշանակված կադրերից էր։

Առողջապահության նախարարություն

Փոխնախարարի պաշտոնից ազատվել է յոթ անձ։ Նրանցից երկուսը նախկին իշխանության նշանակվածներից էին, իսկ Անահիտ Ավանեսյանը փոխնախարարից դարձել է առաջին փոխնախարար։

Արդարադատության նախարարություն

Աշխատանքից ազատվել է նախարարի վեց տեղակալ, որոնցից մեկը դարձել է առաջին տեղակալ։

Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվել է 2019 թվականի հունիսի 19-ին։ Մինչ այդ` մեկ տարի աշխատել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Բադասյանը հեղափոխության օրերին ստանձնել էր Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը։

Փոխնախարարներից Աննա Վարդապետյանը 7 ամիս պաշտոնավարելուց հետո հեռացվել է, ապա 2020-ի մարտին նշանակվել վարչապետի օգնական։ Սրբուհի Գալյանը Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել։ 

Վիգեն Քոչարյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: 

Նույն օրը աշխատանքից ազատվել է երկու փոխնախարար․ Արթուր Հովհաննիսյանը, որն առաջին փոխնախարարի պաշտոնում եղել է 2016 թվականից, այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Սուրեն Քրմոյանը 2014-ից պաշտոնավարում էր որպես փոխնախարար։ Այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է։

Արտակ Ասատրյանը դարձել է նախարարի առաջին տեղակալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանքից ազատվել է յոթ փոխնախարար։ Երեքը հեղափոխությունից կարճ ժամանակ անց են աշխատանքից ազատվել։

Զարուհի Բաթոյանը մի քանի ամիս նախարարի տեղակալ աշխատելուց հետո 2019-ի հունվարից դարձել է նախարար։

Ժաննա Անդրեասյանը 2020-ի մարտին տեղափոխվել է ԿԳՄՍ նախարարություն՝ որպես փոխնախարար։

2019-ից առաջին փոխնախարար դարձած Գեմաֆին Գասպարյանը մեկ տարի անց սեփական դիմումի համաձայն թողել է պաշտոնը և վերադարձել է իր համահիմնադրած Բուն TV: Երկու տարի պաշտոնավարելուց հետո՝ սեփական դիմումի համաձայն, պաշտոնից ազատվել է Արման Ուդումյանը։

Արտաքին գործերի նախարարություն

Կառույցում տեղի է ունեցել վեց փոխնախարարի պաշտոնանկություն։ 

Նրանցից Ռոբերտ Հարությունյանը հեղափոխությունից կարճ ժամանակ հետո է նախարարի պաշտոնակատարի պաշտոնին հրաժեշտ տվել։ Ռուբեն Ռուբինյանը դարձել է պատգամավոր։ 

Երեքը՝ Աշոտ Հովակիմյանը, Կարեն Նազարյանը, Արմեն Պապիկյանը դեսպանների պորտֆելներ են ստացել։ Տեղեկություն չկա Գրիգոր Հովհաննիսյանի գործունեության մասին։

Շրջակա միջավայրի նախարարություն (նախկինում՝ Բնապահպանության նախարարություն)

Էրիկ Գրիգորյանը 2018-ի մայիսի 12-ից պաշտոնավարում էր որպես նախարար։ Մինչ այդ նա Բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր։ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2020-ի մայիսին։ Նրան փոխարինեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարությունում տեղի է ունեցել վեց փոխնախարարի փոփոխություն։ 

Չորս ամիս պաշտոնավարելուց հետո Գնել Սանոսյանը դարձավ Գեղարքունիքի մարզպետ։ Երկուսը՝ Վահե Ջիլավյանը և Իրինա Ղափլանյանը, վերանշանակվել են, հետագայում նորից թողել պաշտոնը։

Սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է Վարդան Մելիքյանը։

Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել` պատճառաբանելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին: Նա Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված սիգի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկությունները։ Այս ամենը, ըստ նախարարության, չի համապատասխանում իրականությանը։

Պաշտպանության նախարարություն

Ազատվել է մեկ փոխնախարար՝ Դավիթ Փախչանյանը։ Նա ծառայությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն։ Համակարգում էր 2016-ից, փոխնախարար՝ 2018-ից։

Ֆինանսների նախարարություն

Նախարարությունում կատարվել է երեք փոփոխություն։ 

Ատոմ Ջանջուղազյանը 2018-ի մայիսից դարձել է Ֆինանսների նախարար։ Մինչ այդ աշխատել է որպես առաջին տեղակալ։ 

Փոխնախարարներից Դավիթ Անանյանը դարձել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ապա ազատվել պաշտոնից։ Կարեն Թամազյանը նույնպես տեղափոխվել է ՊԵԿ՝ որպես Հարկային վարչարարության կազմակերպման վարչության պետ։

Էկոնոմիկայի նախարարություն

Էկոնոմիկայի փոխնախարարներից ազատվել է երկու անձ՝ Արման Հովնանյանը՝ երեք ամիս պաշտոնավարելուց հետո և Արտակ Քամալյանը։

Այս նախարարության մեջ միավորված է երկու նախարարություն՝ Տնտեսական զարգացման և ներդրումների և Գյուղատնտեսության։

Դրանցից առաջինում մինչև օպտիմալացումը և այդ առիթով աշխատանքից ազատվել է վեց փոխնախարար։ 

Երկուսը մինչև Փաշինյանը նշանակված կադրեր էին․ նրանցից Տիգրան Խաչատրյանը 2018-ից նշանակվեց Էկոնոմիկայի նախարար։ Այս կառույցի փոխնախարար Ավագ Ավանեսյանը շարունակեց մնալ նույն պաշտոնին նոր նախարարությունում։

Ալբերտ Բաբայանը դարձել է Էկոնոմիկայի նախարարության համակարգի կազմակերպություններից մեկի տնօրենը։ Մանե Ադամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականն է։ Հակոբ Ավագյանը դարձել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։

Գյուղատնտեսության նախարարությունից նույնպես ազատվել է վեց փոխնախարար։ 

Նրանցից երկուսը՝ Տիգրան Գաբրիելյանը և Արտակ Քամալյանը, դարձել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Ապա՝ Քամալյանը նոր պաշտոնի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։

Գեղամ Գևորգյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն է։ Ռոբերտ Մակարյանը Ագրարային համալսարանի պրոռեկտորն է, իսկ Արմեն Հարությունյանը՝ նույն համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Չորս փոխնախարար է ազատվել պաշտոնից, որոնցից երկուսի ազատումը կապված է կոռուպցիոն գործերի հետ։ 

Գևորգ Լոռեցյանն անցնում է քրեական գործով։ Գրիշա Թամրազյանը ՀՊՏՀ ռեկտորի հետ հովանավորչական կապ ուներ։ Արևիկ Անափիոսյանը կրթությունը շարունակելու պատճառապանությամբ հեռացավ, Լուսինե Առաքելյանը նույնպես հեռացել է իր դիմումի համաձայն։ 

Հետ գնանք մինչև օպտիպալացումը եղած նախարարություններ․

Կրթության և գիտության նախարարությունից ազատվել է վեց փոխնախարար։ Երեքը տեղափոխվել էին ԿԳՄՍ։ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր։ Ազատվածներից երկուսը մինչև Փաշինյանը նշանակած կադրերից էին։

Մշակույթի նախարարությունից ազատվել է վեց փոխնախարար։ Նույն թվով փոխնախարարներ են ազատվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։ Նրանցից միայն մեկն էր պաշտոնավարում ԿԳՄՍ նախարարությունում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Այս գերատեսչությունում մեկ փոխնախարար է ազատվել՝ Բագրատ Բադալյանը։ Նա դարձել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ապա՝ գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ Բադալյանը Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ է աշխատել։

Այս նախարարությունը միավորում է Տարածքային կառավարման և զարգացման ու էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները։

Առաջին նախարարությունից ազատվել է հինգ նախարարի տեղակալ։ Հակոբ Սիմիդյանը դարձել է «Իմ քայլ»-ական պատմանավոր, իսկ Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի մարզպետ։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ազատվել է յոթ փոխնախարար։ Նրանցից Հակոբ Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Երեք փոփոխություն է տեղի ունեցել։ 

Գոռ Մելիքյանը դարձել է նախարարի առաջին տեղակալ։

Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանն ազատվել են պաշտոնից։ Աբրոյանը դարձել է Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ, ամիսներ անց` ազատվել։ Վարդանյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ։

Մինչև անվանափոխումը այն ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ազատվել է յոթ փոխնախարար։ Հակոբ Արշակյանը դարձել է նախարար։ Երկուսը շարունակել են պաշտոնավարել որպես փոխնախարար։ Իսկ Արմեն Փամբուխչյանը դարձել էր պատգամավոր, ապա՝ ԱԻՆ փոխնախարար։

Աղմկոտ բարձրաձայնումներով հեռացումներ

Պաշտոնյաներից ոմանք հեռացել են առանց բացատրության, ոմանք էլ բարձրաձայնել են պատճառների մասին։ Մենք առանձնացրել ենք նման մի քանի օրինակ։

  • Արթուր Գրիգորյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Յոթ ամիս պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։

Ազատումից մեկ շաբաթ առաջ՝ իր խոսքով, նրան փոխանցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկը՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասին, ինչը Գրիգորյանը չի արել։ Օրեր անց կառավարության կայքից է իմացել իր ազատման որոշման մասին։

Սա կապում է Քաջարանի հանքավայրում կատարված ստուգումների և Ամուլսարի հարցի հետ։ Վարչապետի աշխատակազմից հերքել են Ամուլսարի հետ կապը։

  • Սարհատ Պետրոսյան, Կադաստրի կոմիտեի ղեկավար

2019 թվականի հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ֆեյսբուքյան գրառման մեջ որպես հրաժարականի պատճառ նշեց, որ այլևս չի կարողանում հանդուրժել «դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։ Քաղաքաշինության բնագավառի հետընթացը կապեց Քաղաքաշինության կոմիտեի «ներկա և նախկին» ղեկավարների հետ։ Ավելին, փակագծում հիշեցրեց, որ կառույցի նախկին ղեկավարն այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է։

Այդ ժամանակ կառույցը գլխավորող Վահագն Վերմիշյանը 2020 թվականի փետրվարի 27-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավելի վաղ հարուցված` կաշառք ստանալու քրեական գործով։ 

Ավելի ուշ՝ 2020-ի ապրիլի 30-ին փոխվարչապետ Ավինյանի խորհրդականի պաշտոնին հրաժեշտ տվեց նաև կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը։

  • Սմբատ Գոգյան, ԲՈԿ ղեկավար

Մայիս 14-ին ազատման դիմումի մասին գրառում կատարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը: Այս իրողությունը բացասական արձագանք գտավ, քանի որ պաշտոնից հեռանում էր ոլորտում հարգված մասնագետը՝ բարձրաձայնելով հիմնական մի քանի պատճառների մասին։ 

Որոշման համար նա թվել էր մի քանի պատճառ՝ ոլորտի բարեփոխման պատկերացումների չհամընկնելը նախարարության ռազմավարության հետ, հակասությունների խորացումը, օրենքի փոփոխությունների հարցը։ Նաև ՀՊՏՀ ռեկտորների ժամանակ պաշտոնակատարի նշանակումը, որի դոկտորական աշխատանքում առկա է գրագողություն։ Նա այս պաշտոնին, ըստ Գոգյանի, հասել է հովանավորչության շնորհիվ (խոսքը ԿԳՄՍ արդեն նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ կապի մասին է)։ ԲՈԿ ղեկավարը հայտարարեց՝ «իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»։

ԿԳՄՍ նախարարի արձագանքը միայն հեգնական էր։ Վարչապետը երկար ժամանակ չէր ստորագրում Գոգյանի ազատման որոշումը։ Գոգյանը և Թամրազյանը հետագայում նույն օրը՝ սեպտեմբերի 24-ին ազատվեցին պաշտոնից։

* [Խորհրդականներից երկուսը՝ Վաղարշակ Հարությունյանը և Մեսրոպ Առաքելյանը հետպատերազմական Հայաստանում նախարարի պորտֆելներ են ստացել, համապատասխանաբար՝ Պաշտպանության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ]։

** [Երկու ամիս հետո պարզվեց, որ Եվրահանձնաժողովը արգելել է Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում]:

*** Նյութը խմբագրվել է 25/12/2020-ին՝ 18։10-ի դրությամբ։ Մենք սխալ էինք նույնականացրել Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Վահե Հովհաննիսյանի անձը՝ նրան շփոթելով նույն անուն և ազգանունն ունեցող «Այլընտրանքային նախագծեր» խումբի ղեկավարի հետ։

————————

Պաշտոնանկություններ լինում էին 2020-ի սեպտեմբերից սկսած պատերազմի օրերին, առավել մեծ թափով՝ դրանից հետո։ Սակայն, մենք որոշեցինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկը դարձնել այս ուսումնասիրության վերջնակետը։ media.am-ը շարունակում է հետևել իրադարձություններին՝ հետագա հրապարակման համար։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *