2020.12.04,

Ստուգված է

Չարեքտարը հանձնելու, ապա անհատի ջանքով պահելու լուրը․ ինչո՞ւ գյուղը մնաց հայկական

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ամերիկացի լրագրող Պատրիկ Լանկասթերը, որն այս օրերին լուսաբանում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, վերջերս հրապարակեց տեսանյութ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանի մասնակցությամբ։ Վերջինս հաստատակամ էր՝ մինչև վերջ մնալ գյուղում և այն ոչ մի դեպքում հակառակորդին չհանձնել։

«Սա իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը։ Ես մինչ օրս զենքը ձեռքիս կանգնած եմ։ Մահացիր պատվով, բայց մի եղիր վախկոտ, մեջքով մի շրջվիր, միևնույն է, խփելու են», – ասում է Սևյանը։

Աշոտ Սևյանի տեսանյութը լայնորեն տարածվեց հայկական մեդիայում, նրա խոսքերը ոգևորություն առաջացրին հանրության շրջանում։ 

Ինչ եղավ հետո

Դեկտեմբերի 2-ին սոցցանցերում տարածվեց լուր, թե Չարեքտարի բնակչի ջանքերով գյուղըը չի հանձնվի Ադրբեջանին։ Գրառման հեղինակը օգտատեր Միքայել Ոսկանյանն էր։ Նրա խոսքերով՝ բնակիչը կապվել էր իր հետ ու հայտնել, որ նրանց հաջողվել է պահել գյուղը հայկական հատվածում:

Հրապարակումն ունեցավ ավելի քան 3000 կիսում և 5700 հավանում։

Սոցցանցերին զուգահեռ այդ մասին գրաեցին նաև լրատվակայքերը՝ politik.am, 7or.am, hayeli.am, newmedia.am և այլն։


Հայաստանում որոշակի ճանաչում ունեցող լրատվականներից բացի՝ լուրը տարածել էին նաև բազմաթիվ սունկ կայքեր (1 2 3 4), որոնց պատկանելության մասին որևէ ինֆորմացիա չի նշվում: Վերջիններս վերնագրում խուսափել էին սեփական մեկնաբանություններից և մեջբերել էին Միքայելի խոսքերը`

?Բայց Աշոտի պես հայրենակիցների փոխարեն` մենք ունենք բազմաթիվ անհայրենիք կոմֆորմիստներ ու իդեալիստներ
?Հիշո՞ւմ եք այս Չարեքթարցուն, որ ասում էր՝ ով եկավ տունս, կսպանեմ․ գյուղը կարողացել են պահել
?Աշոտ Սևյանին հիշում ե՞ք՝ նա հրաժարվում է լքել իր գյուղը․ այդիպիսով, նա կապվել է ու հայտնել, որ…Միքայել Ոսկանյանի կարևոր գրառումը, որը պետք է կարդա յուրաքանչյուրը

Politik.am-ը, 7or.am-ը, hayeli.am-ն ու zham.am-ն ավելի ստեղծագործ էին։ Այս կայքերը վերնագրին լրացուցիչ ինտրիգ էին ավելացրել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին թղթով հանձնված տարածքները պահել է արցախցին (Աշոտ Սևյանը)։

Ի վերջո՝ ո՞ր կողմին է մնում Չարեքտարը և ո՞ւմ շնորհիվ

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 21-ի որոշմամբ առաջին անգամ պաշտոնապես ներկայացվեց ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։ Ցանկում մինչ այժմ առկա է Չարեքտար համայնքը, ինչը սխալմունքի հետևանք է։

Չարեքտարը խորհրդային շրջանում եղել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի կազմում։ Բացի դրանից՝ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից հրապարակած քարտեզում ևս գյուղը հայկական ուժերի վերահսկողության տակ է։

Ավելին՝ դեռևս նոյեմբերի 26-ին Արմենպրեսը գրեց Չարեքտար գյուղում իրականացվող վերականգման ծրագրերի մասին։ Գյուղապետ Կամո Ցականյանը լրատվական գործակալության հետ զրույցում նշել էր՝ «Գյուղի վերակառուցման ծրագիրն իրականացնելու է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: Արդեն պայմանավորվածություն կա նաև շինարարական կազմակերպությունների հետ»:

Ամփոփելով նշենք, որ Չարեքտարի՝ ադրբեջանական կողմին անցնելու լուրի տարածումը ի սկզբանե սխալ է եղել՝ արված ՀՀ կառավարության կողմից։ Այն շարունակում է մնալ հայկական ուժերինը, քանի որ խորհրդային շրջանում եղել է ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանում։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *