Դեկտեմբերի 1-ին հրապարակվեց Ֆեյսբուքի կողմից հեռացված գրառումների առաջին ցանկը, որտեղ ամփոփված էր թվով 6 դեպք, երբ ֆեյսբուքյան Oversight Board-ը արգելափակել է պլատֆորմի քաղաքականությանը և սահմանված էթիկական նորմերին դեմ բովանդակությունը։ Հեռացված գրառումներից մեկը վերաբերում էր Բաքվի հայկական եկեղեցիներին, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են ադրբեջանցիների կողմից։ Որպես հեռացման պատճառ նշվում էր գրառման մեջ տեղ գտած վիրավորանքներն ու ատելության խոսքը ադրբեջանցիների հասցեին։
Oversight Board-ը ստեղծելու որոշում կայացվել է դեռևս 2018-ին։ Այն փորձելու էր բարելավել Ֆեյսբուքում օգտատերերի բողոքարկման գործընթացը, զտել այն ատելության խոսքից և բռնության կոչերից։ Արդեն 2020-ին հարթակը սկսեց իր գործունեությունը։ Հեռացված գրառումների հետագա ճակատագիրը որոշում է նույն մարմինը՝ անկախ փորձագետների հետ խորհրդակցությունների արդյունքում։
Փորձենք հասկանալ՝ որքանո՞վ են իրական օգտատիրոջ պնդումներն ու արդյոք ճի՞շտ էր վերջինիս գրառման արգելափակումը։
Որ գրառման մասին է խոսքը
Խնդրահարույց գրառման հեղինակը օգտատեր Արեգ Բարսեղյանն է: Վերջինս նոյեմբերի 2-ին հրապարակել էր 20-րդ դարի սկզբներին Բաքվում արված լուսանկար՝ կարմիր շրջանակով ընդգծելով քաղաքի կենտրոնում կառուցված եկեղեցիներն ու կից գրելով, որ դրանցից որևէ մեկն այժմ պահպանված չէ։ Օգտատերը նշել էր նաև, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում մզկիթները վերակառուցվում են։
Ֆեյսբուքն այս գրառումը հեռացրել էր հաջորդ իսկ օրը, երբ այն հասցրել էր ունենալ ավելի քան 6 հազար կիսում, լայնորեն տարածվել telegram-ում և Ֆեյսբուքում, հայտնվել լրատվականներում։
Հետաքրքիր է, որ այլ օգտատերերի կողմից վերահրապարակված գրառումը չի հեռացվել՝ ի տարբերություն սկզբնաղբյուրի։
Ատելության խոսքը՝ ըստ Ֆեյսբուքի
Ըստ Ֆեյսբուքի՝ Արեգ Բարսեղյանի գրառումը պարունակում է ատելության խոսք։ Մասնավորապես խնդրահարույց է համարվել օգտագործված «т.а.з.и.к.и» բառը, որով օգտատերը բնութագրում է «եկեղեցիներ ավերող ադրբեջանցիներին»։ Սոցցանցի կողմից հրապարակվել են ատելության խոսք համարվող բառերի և արտահայտությունների տարբերակման չափորոշիչներ, որոնք պայմանականորեն 3-ն են․
Մակարդակ մեկ
արտահայտություններ՝ ուղղված մարդկանց կամ մարդկանց խմբերի դեմ, որոնք նվաստացնում են արժանապատվությունը՝ համեմատության մեջ դնելով այս կամ այն խմբի/մարդու հետ։
Նման դեպքերում հաճախ կիրառվող (իսկ ֆեյսբուքում արգելված) բառերն են՝
. կեղտը, մանրէները, հիվանդությունները և արտաթորանքը
. երկրորդ կարգի մարդիկ կամ «չմարդիկ»
. հայտարարությունները, որոնք բացառում են որևէ սուբյեկտի գոյությունը
. հրեաները և մուսուլմանները
. անձի արժանապատվությունը ոտնահարող համեմատությունները, որոնք ներառում են սևամորթների համեմատությունը կապիկների հետ
Ամբողջական ցանկը։
Մակարդակ երկու
Արտահայտություններ, որոնք մարդու կամ մարդկանց խմբի մոտ փորձ են անում անլիարժեքության զգացողություն առաջացնել՝ կրկին թիրախավորելու ֆիզիկական և ինտելեկտուալ ունակությունները։ Նման դեպքերում հաճախ կրառվող (ֆեյսբուքի կողմից արգելվող) բառերն են.
. կեղտոտ, չլվացված (անլվա) և այլն
. տգեղ, սարսափելի և այլն
. հիմար, անգրագետ, գիժ և այլն
Ամբողջական ցանկը։
Մակարդակ երեք
Բովանդակություն, որը խտրականության պատճառ է դառնում։
․ խտրականության կոչեր
․ մեկուսացնելու, վտարելու կոչեր
․ սոցիալական մեկուսացում, երբ տարբեր հարթակներ (այդ թվում օնլայն) մուտքն արգելելու կոչեր են հնչում
Ամբողջական ցանկը։
Արեգ Բարսեղյանի «т.а.з.и.к.и» որակումը՝ ուղղված ադրբեջանցիներին, կարելի է ներառել անձի արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների ցանկում, որոնք համեմատում են մարդկանց իրերի կամ երևույթների հետ՝ նրանց ստորադասելու նպատակով։ Այս առումով, կարող ենք ասել, որ ֆեյսբուքի խմբագիրները չեն սխալվել։ Սակայն հետաքրքրական է, թե ինչո՞ւ է հրապարակված առաջին ցանկում ներառվել հենց Արեգ Բարսեղյանի գրառումը, երբ կան նմանատիպ հարյուր հազարավոր մեկնաբանություններ և գրառումներ։
Ճի՞շտ, թե՞ սխալ էին օգտատիրոջ պնդումները
Տարբեր աղբյուրներով (1 2 3) նախքան խորհրդային կարգերի հաստատումը Բաքվում գործում էր 5 հայկական եկեղեցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների եկեղեցին, Սուրբ Հարության մատուռն ու հայ-լյութերական եկեղեցին։ 1989 թ. դրությամբ կանգուն էր մնացել միայն 2 հայկական եկեղեցի՝ Սբ․ Աստվածածին և Սբ․ Գրիգոր Լուսավորիչ։ Այժմ պահպանվել է միայն վերջինը։
Փորձենք հասկանալ՝ նկարում երևացողներն իսկապե՞ս հայկական եկեղեցիներ են։
Լուսանկարում երևացող Կույսի աշտարակը փաստում է, որ այն իսկապես արվել է Բաքվում՝ Իչերի Շեհեր թաղամասում։
Աշտարակի հարևանությամբ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 1797 կամ 1799թթ.-ին, որն օգտատերն իրավացիորեն նշել է որպես այլևս գոյություն չունեցող։ 1990-ական թթ. վերջերին հիմնահատակ ոչնչացվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին և եկեղեցու զանգակատան երկու հարկը։
Սբ․ Աստվածածինը նախկինում և հիմա
Այժմ գործող միակ եկեղեցին՝ 1863 թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, նկարում չի երևում։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակի հարևանությամբ, Նիզամի փողոցում։ Կույսի աշտարակից այն հեռու է մոտավորապես 600 մետր։
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը Բաքվի հայկական եկեղեցիներից ամենամեծն էր։ Այն հիմնահատակ ավերվեց 1930-ականներին։
Եկեղեցու տեղակայման վայրը, սակայն, ավելի հեռու է Բաքվի՝ նկարում երևացող հատվածից։ Այն գտնվում էր այժմյան Շամսի Բադալբեյլի փողոցում, որը Կույսի աշտարակից հեռու է մոտ 700 մետր, իսկ արտաքնապես կառույցը բոլորովին նման չէ նկարում պատկերված եկեղեցիներից որևէ մեկին։
Կույսի աշտարակի անմիջապես դիմաց գտնվող փոքրիկ եկեղեցին Սուրբ Հարություն մատուռն է։
Գործել է 1892-1936 թթ.-ի ընթացքում։ Սակայն տարբեր աղբյուրներում այն հիշատակվում է որպես Բաքվի ռուսական եկեղեցի։ Կառույցն արտաքինից ևս նման չէ հայկական եկեղեցու։
Հիշատակվող վերջին՝ 5-րդ եկեղեցին, Հայ-լյութերականն է։ Վերջինիս մասին հայտնի է, որ կառուցվել է 1912-ին։ Եկեղեցու տարածքը վարձակալել էին Ավետարանական-լյութերական եկեղեցուց (Лютеранская кирха)։ Հայ-լյութերական եկեղեցին ոչնչացվել է և վերածվել համերգասրահի: Վերջինիցս պահպանված նկարներ չկան, սակայն նկատի ունենալով, որ գտնվել է Ավետարանական-լյութերական եկեղեցու մոտակայքում՝ Մայիսի 28 փողոցի վրա, կարող ենք ասել, որ նկարում այն չէր կարող երևալ՝ մեծ հեռավորության պատճառով։
Օգտատիրոջ հիշատակումը՝ Բաքվում ավերված Բագավանի եկեղեցու մասին, սխալ է, քանի որ հայտնի Բագավանը գտնվել է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի տարածքում՝ Արածանի (Մուրադ) գետի ձախ ափին։ Ավերվել է 1953-ին։
Ամփոփելով նշենք, որ Բաքվի հայակական եկեղեցիներն իսկապես ավերվել են ժամանակի ընթացքում։ Պահպանվել է դրանցից միայն մեկը, սակայն տարածված նկարում երևացող ոչ բոլոր եկեղեցիներն էին հայկական։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: