2020.11.14,

Ստուգված է

Ֆեյքերի ֆաբրիկան ֆեյք նյուզ դուրս եկավ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Նոյեմբերի 13-ին տեսանյութեր տարածվեցին, որոնցում մի խումբ քաղաքացիներ իբրև գտել են իշխանության օգտին աշխատող և ազատամարտիկներին հայհոյող «ֆեյքերի ֆաբրիկա»։ Ոչ միայն գտել են, այլև մտել են գրասենյակ, ֆիքսել աշխատակիցների դեմքերը, հարցեր ու ամոթանք տվել։

Տասնյակ հազարավոր դիտումներ հավաքած տեսանյութերի բովանդակությունն առանց ստուգելու տարածեցին մի շարք լրատվականներ։ Իրականում, «ֆեյքերի ֆաբրիկան» պարզվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գրասենյակն է։

Ինչ պնդումներ էր կատարում գրասենյակ մտած խումբը և որ լրատվականները նրանց անվերապահորեն վստահեցին 

Առանց հստակեցնելու վայրը, տեսախցիները միացրած մի խումբ կանայք մտնում են ինչ-որ գրասենյակ՝ հանկարծակիի բերելով աշխատակիցներին։ Տալիս են հարցեր, նկարահանում համակարգիչների էկրանները և փաստաթղթերը, նախատինքներ հնչեցնում։

Պնդում են, թե այդ «ֆեյքերի ֆաբրիկան» զոհված զինվորների ընտանիքների, արցախցիների հասցեին գումարի դիմաց հայհոյանքներ է գրում, վիրավորում է վարչապետ  Փաշինյանին քննադատողներին։ Ներխուժող խումբը խոստանում է այցելել բոլոր մյուս վայրերը, որտեղից «իշխանական ֆեյքերը հայհոյանքներ են գրում»՝ նշելով, որ բոլորի հասցեները գիտեն։

Տեսանյութերում հնչում են մեղադրանքներ, բայց չի ներկայացվում ինչ հիմքով են գրասենյակը «ֆեյքերի ֆաբրիկա» համարում։

Սենսացիոն բովանդակությունն առանց ստուգելու տարածեցին aysor.am-ը, ipress.am-ը, auroranews.am-ը, Shamshyan.com-ը, 24News-ը, antifake.am-ը, Yerkir.am-ը։

Yerkir.am-ը գրեց «Ֆեյքերի ֆաբրիկա են բացահայտել «ՎԵՏՕ»-ի անդամները»։

Antifake.am-ը գրեց, որ Analitik.am կայքի լրագրողն է տեսանյութ հրապարակել։ Antifake.am-ը թեև ներկայանում է փաստեր ստուգող հարթակ, սակայն, պնդումները որևէ կերպ չեն ստուգել կայքում տեղադրելուց առաջ։ 

Իսկ Analitik.am-ը մեկնաբանեց՝ «մի խումբ կանայք և աղջիկներ» են բացահայտել գրասենյակը՝ չնշելով, որ դրանց թվում իրենց լրագրողներն են։

Նյութում նշված է, որ գրասենյակի աշխատակիցները ներկայացել են որպես «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության աշխատողներ։ Իսկ որպես իրենց պնդման ապացույց, կայքը գրում է՝ «սակայն տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես են աշխատակիցներն արագ փակում իրենց ֆեյքերի էջերը, երբ կանայք և աղջիկները ներս են մտնում»։ 

Լրատվական կայքերում հայտնված լուրերի աղբյուրներն են․

«Ինգո Արմենիա»-ն դիմել է ոստիկանություն

Նույն օրը երեկոյան «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից հայտարարություն տարածեցին, որ ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք մուտք են գործել ընկերության Երևանի Դեմիրճյան 38 հասցեում գտնվող գրասենյակ։ Շուրջ 10 րոպե հայհոյանքներ, սպառնալիքներ են հնչեցրել, աշխատակիցներին «անհիմն մեղադրել» համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածելու համար։ 

Այս գործողության ընթացում աշխատակիցներին բարոյահոգեբանական հարված, իսկ ընկերության բարի համբավին վնաս է հասցվել, ինչի արդյունքում խաթարված է գրասենյակի բնականոն աշխատանքը և «ընկերությունը կրում է ֆինանսական վնասներ»։ 

Տեղեկացրել են, որ գրասենյակը ընկերության սեփականությունն է, որտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն։ Ընկերությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Տեղորոշում

Ապահովագրության ընկերությունից media.am-ին տեղեկացրեցին, որ խումբը գրասենյակ է մուտք գործել Դեմիրճյան մասնաճյուղի ետնամուտքից, որտեղ ընկերության ցուցանակը չկա։ Փոխարենը ցուցանակը երևում է գլխավոր մուտքի մոտ։

Ընկերության անունը և տարբերանշանը երևում է ներսում․ կատարված տեսագրություններում դռների և փաստաթղթերի վրա ակներև է այն։

Տեսագրության վերջում հայտնվում է (տեսանյութում 5:45 րոպեից) Արշակ Ղազարյան անունով անձը, ներկայանում որպես կազմակերպության փոխտնօրեն։ Ընկերության կայքում իսկապես անձի մասին տվյալներ առկա են։ Նա Վաճառքների գծով գործադիր տնօրենի տեղակալն է։

Փոխտօրենը բացատրում է գրասենյակի գործառույթը և ասում՝ եթե տեղեկություն ունեն աշխատանքային ժամին իրենց աշխատակիցների այլ գործունեությամբ զբաղվելուց՝ առանձին կարգով ներկայացնեն իրեն։

Ովքե՞ր էին գրասենյակ մուտք գործածները

Գրասենյակ մուտք գործած անձինք ծայրահեղ պահպանողական ՎԵՏՕ շարժման անդամներն ու analitik.am կայքի լրագրողներն էին։ ՎԵՏՕ-ի համակարգողը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, PR մասնագետ Նարեկ Մալյանն է։ Նա ունի իր անունով PR գրասենյակ։

Այս շարժումից է նաև analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Նա պարբերաբար տարբեր նախաձեռնությունների մեջ է ներգրավվում ու տարբեր ոլորտների փորձագետի ներկայանում։

2017 թ․ Անի Հովհաննիսյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու մեղադրանքով։ Նա Ուրիխանյանից պահանջել էր ամսական 300,000 դրամ վճարել՝ պատգամավորի և նրա մերձավորների մասին վարկաբեկող տեղեկությունները չհրապարակելու դիմաց։

Գրասենյակ էին մուտք գործել հետևյալ անձինք․

1․ Հերմինե Անդրեա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում նշված է ՎԵՏՕ Հայաստանի թվիթերյան էջը։

Հրապարակած տեսանյութը տարածել է ՎԵՏՕ շարժման համակարգող Նարեկ Մալյանը։ Տեսանյութում Շուշիում ծնված իր «ապուպապի» անունով երդվում է, թե պատերազմի օրերին այս աղջիկներն ավելի շատ հայհոյանք են գրել հայերի հասցեին, քան՝ ադրբեջանցիները։

2․ Աննա Ստյոպայի Հակոբյանը, որը նույնպես ՎԵՏՕ շարժման անդամ է, իր էջում տեղադրել է նույն վայրից տեսանյութ։ Նրա հրապարակած նկարներում տեսնում ենք «սիրելի թիմ» գրությամբ ՎԵՏՕ-ի թիմին և Անի Հովհաննիսյանին։ 

3․ Օֆելի Իսրայելյանի ֆեյսբուքյան էջում մի քանի աշխատավայրեր են նշված։ Դրանցից վերջինը analitik.am կայնք է։ Իսրայելյանը ևս լուսնկարներ ունի ՎԵՏՕ-ի ակցիաներից։

4․ Ֆեյսբուքյան Գևորգ Մանուկյան անունով օգտատերը իդենտիֆիկացրեց գրասենյակ ներխուժած անձնացից մեկին։ Պնդեց, որ իր համագյուղացի «Անժոն» է։ Նա կից տեղադրեց լուսանկար, որտեղ մեկ այլ ցույցի ժամանակ նույն կնոջ ձեռքին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարով պաստառ է։

Անի Հովհաննիսյանի նույն օրը՝ ուշ երեկոյան կատարած հրապարակումից պարզվեցին նաև մյուս անձինք։

5․ Մառա Գալոյանը ֆեյսբուքում ներկայանում է որպես analitik.am-ի լրագրող։ 

6․ Ալեքսանդրա Հարությունյանը ֆեյսբուքում ներկայացնում է որպես Malian PR Agency-ի Գործադիր տնօրենի օգնական։

7․ Ստելլա Լալայանի էջում նշված չէ զբաղմունքը, սակայն նրա էջում զգալի են analitik.am կայքի հրապարակումները։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *