ՀՀ նախագահի թվիթերի միկրոբլոգում լրատվական վարչությունն այսօր ապատեղեկատվություն է տարածել ու ջնջել, ապա խմբագրված բովանդակությունն է տեղադրել, բայց լսարանին դրա մասին տեղյակ չի պահել։
Խոսքը նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 30-ի ելթույթի մի դրվագի մասին է։ Իտալական “Milano Finanza Digital Week” համաժողովի բացման իր խոսքում նա անդրադարձել է Ղարաբաղյան իրավիճակին։ Անգլերենով տեղեկացրել, որ ադրբեջանցիները «թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որոնցում վիրավորներ կամ քաղաքացիականներ կան» (տեսանյութում 5։58 րոպեից)։
Այս տեղեկությունը տարածվել է նախագահի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։ Հաղորդագրության հայերեն տեքստը և անգլերեն, ռուսերեն տարբերակներն իրար չէին համապատասխանում։
Հայերեն տեքստում գրված է, որ «Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»:
Թարգմանություններում «կարմիր խաչով» արտահայտությունը թարգմանվել էր “#redcross vehicles” և “машины красного креста”: Արդյունքում տպավորություն էր ստեղծվել, իբրև թիրախավորվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները։
Հրապարակումից մոտ մեկ ժամ հետո անգլերեն և ռուսերեն թվիթերը հեռացվել են, ապա տեղեդրվել են հայերեն բովանդակությանը համապատասխանող խմբագրված տարբերակները, համապատասխանաբար “attacking emergency vehicles” և “нападают на машины скорой помощи” ձևակերպումներով։
Այսինքն, ճշգրտվել է, որ ոչ թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այլ կարմիր խաչ նշով մեքենաներն են թիրախավորվել, ինչպես Արմեն Սարգսյանն էր իր խոսքում նշել։
Ուշագրավ է, որ նախագահի աշխատակազմի լրատվական վարչությունն այս փոփոխության մասին լսարանին տեղյակ չի պահել։ Մինչդեռ այս ոչ ճիշտ թարգմանության վրա հիմնված ռուսերենով թվիթ է կատարել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մասնավորապես գրել է․
«#Азербайджанцы нападают на машины #Красного Креста с #гражданским населением, среди которых и раненые. Это открытое #преступление против человечества и цивилизации. #Армения #НКР»։
Իսկ Ալեն Սիմոնյանի գրառումը տարածել են լրատվականները։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: