2020.09.28,

Ստուգված է

«Հրապարակը» հին նկարներ և չճշտված ծագման սքրինշոթեր հրապարակեց

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Սեպտեմների 28-ին, հայ-ադրբեջանական լայնածավալ բախումների երկրորդ օրը, Hraparak.am-ը հայտնեց, թե Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է տեղափոխում Հայաստան։ Լուրը ուղեկցում էր հին լուսանկար։ 

Վերջին շաբաթներին ռուսաստանից տեղափոխվող զենքի մասին չճշտված լուրեր էր տարածում պաշտոնական Բաքուն։ Eurasianet պարբերականը նշում է, որ նման կերպ Ադրբեջանը փորձում էր դիվանագիտական խոչընդոտներ ստեղծել Հայաստանին զենք մատակարարելու համար։ 

«Հրապարակի» ապացույցները կայքի պնդումները չեն ապացուցում 

Hraparak.am-ը գրեց, թե վերջին մեկ օրվա ընթացքում «Ռուսաստանը ավիացիոն ուժեր է տեղափոխում Հայաստան» և հրապարակեց ռուսական ռազմական օդանավի՝ 2015 թվականին արված լուսանկար։

Բացի հին լուսանկարից, կայքը այլ ապացույցներ էլ էր բերում․ երկու սքրինշոթ  flightradar24.com կայքից, որը իրականացնում է ինքնաթիռների տեղաշարժի մոնիթորինգ։ 

Առաջին սքրինշոթում պատկերված էր Դոնի Ռոստովից Հայաստան թռիչքը, երկրորդում՝ Մոսկվայից Դոնի Ռոստով։ Այս թռիչքների սքրինշոթերի վրա չի նշվում թռիչքի ամսաթիվը՝ միայն ժամը։ 

Առաջին սքրինշոթում (Դոնի Ռոստով-Հայաստան) պատկերված է ռուսական ռազմական Antonov An-124 (RA-82035) ինքնաթիռը, որի վերջին թռիչքը իրականացվել է սեպտեմբերի 26-ին։ Թռիչքի վերջնակետի մասին flightradar24.com-ը տեղեկություն չի տրամադրում։

Երկրորդ սքրինշոթում (Մոսկվա-Դոնի Ռոստով) պատկերված է ռուսական Ilyushin Il-76MD (RA78850) օդանավը։ Այս դեպքում նույնիպես flightradar24.com-ում վերջնակետի մասին տվյալներ րկան։ 

Ինքնաթիռների կատարած ճանապարհը flightradar24.com-ը նաև պատկերում է քարտեզի վրա։ Այս դեպքում նույնպես Media.am-ին չհաջողվեց համընկնում գտնել Hraparak.am-ի տարածած սքրինշոթերի հետ։  

Այսպիսով, Media.am-ին չհաջողվեց հաստատել Hraparak.am-ը տարածած սքրինշոթերի տեղեկությունը flightradar24.com կայքում։

Պաշտոնական Բաքում չճշտված լուրեր էր տարածում Հայաստան մատակարարվող զենքի մասին 

Hraparak.am-ի տարածած սքրինշոթերից մեկը երեկ հրապարակել էր նաև ադրբեջանական Vzglyad.az կայքը, հղում տալով մեկ այլ ադրբեջանական աղբյուրի՝ armenianreport.com-ին։ Vzglyad.az-ը գրում էր, թե Ռուսաստանը օգնություն է ուղարկում Հայաստանին։ Ադրբեջանական կայքի հրապարակումը տարածվեց նաև ուկրաինական մամուլում։ 

Վերջին շաբաթներին պաշտոնական Բաքուն առհասարակ ակտիվորեն շրջանառում էր թեզը այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանին օգնություն է ուղարկում։ Իլհամ Ալիևը նույնիսկ անձամբ բողոքեց Վլադիմիր Պուտինին։ Ավելին՝ պրոիշխանական կայքերը մեղադրում էին Վրաստանին իր տարածքով Հայաստան զենք ուղարկել թույլ տալու մեջ։ Վրաստանը այս մեղադրանքները հերքեց։ 

Eurasianet պարբերականը նշում է, որ նման կերպ Ադրբեջանը, հնարավոր է, փորձում էր դիվանագիտական խոչընդոտներ ստեղծել Հայաստանին զենք մատակարարելու համար։ 

Hraparak.am-ը որպես իր տարածած տեղեկության աղբյուր նշում է ոչ թե ադրբեջանական, այլ հենց ռուսական կայքերը, մասնավորապես Avia Pro հարթակը։ Օգոստոսին այս հարթակի տարածած տեղեկությունը հերքել էր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ 

Սեպտեմբերի 28-ին Hraparak.am-ը տարածած սքրինշոթերը և տեղեկությունը վերատպեցին Bavnews.am-ը, Hayeli.am-ը, ինչպես նաև սունկ կայքերը։ Այս կայքերը  նույնպես ինքնաթիռների հին նկարներ օգտագործեցին հրապարակումներում։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *