2020.09.11,

Ստուգված է

«Հայերը Բաքվում»․ հայկական կայքերը կասկածելի տեսանյութ են տարածում

Սեպտեմբերի 9-ին լրատվական կայքերը սկսեցին տարածել «սենսացիոն տեսանյութ», որտեղ հայ տղամարդը քայլում է Բաքվում և բարևներ փոխանցում ադրբեջանական ոստիկանությանն ու անվտանգության աշխատակիցներին։ Հոլովակը խմբագրված էր, իսկ դրա աղբյուրը կասկածելի յութուբյան ալիքն է։ Չնայած դրան, լրատվամիջոցները, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությունը, տարածեցին տեսանյութը։

Media.am-ը ուսումնասիրել է հոլովակը և պարզել, որ այն մի շարք տարօրինակություններ ունի։ 

Տեսանյութի աղբյուրը կասկածելի յութուբյան էջ է 

Տեսանյութը հրապարակել էր Rasim Huseynov յություբյան ալիքը։ Այն ստեղծվել է սեպտեմբերի 9-ին, և ստեղծումից յոթ րոպե անց ներբեռնել է «Armyane v Baku» հոլովակը։ Այլևս որևէ տեսանյութ ալիքում չկա։ 

Յութուբյան նորաստեղծ ալիքի տեսահոլովակը տարածեցին մի քանի լրատվականներ (օրինակ՝ verelq.am-ը) ու բազմաթիվ սունկ կայքեր։ 

Առաջինը նյութը տարածել էր Infoport.am-ը։ Infoport-ին հղում տալով՝ հոլովակը հրապարակեց նաև Artsakhpress-ը։ 

Ըստ Crowdtangle սոցցանցերում մոնիթորինգ իրականացնելու գործիքի տվյալների՝ հենց Infoport.am-ի նյութը առաջինը տարածվեց ֆեյսբուքում։  

Բաքվի տեսանյութը հրապարակողները

Շուտով նյութը հրապարակեց նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը։ Հանրայինի կայքը տարածեց Infoport.am-ում հրապարակված տեքստը նույնությամբ՝ հավելելով միայն այն հրապարակած օգտատիրոջ ալիքի անունը։

Տեսանյութում խմբագրման հետքեր կան 

Ըստ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի՝ տեսահոլովակը ամենայն հավանականությամբ անցել է որոշ խմբագրում։ Պապյանը ասում է, որ հոլովակում առկա աղմուկը արհեստական չէ, բայց ի տարբերություն դրան՝ խոսող տղամարդու ձայնը տարօրինակություններ ունի։ Այդպես, չնայած ուժեղ քամուն՝ նրա ձայնը բոլորովին չի ընդհատվում, չի տատանվում։ 

«Տարօրինակ է իրեն պահում ձայնը։ Ես equalizer-ով (ձայնի խմբագրման ծրագրի գործիք – խմբ․) փակում եմ աղմուկը, քամին լրիվ կորում է, իսկ իր ձայնը լրիվ լսվում է», – ասում է Պապյանը։ Ըստ նրա, տեսահոլովակը ակնհայտ նկարահանված է հեռախոսով, և հեռախոսի ձայնագրիչը չէր կարող նման քամու դեպքում ձայնի տատանում չֆիքսել։ 

Սա թույլ է տալիս ենթադրել, որ տեսաշարը կարող էր նկարահանված լինել առանձին, իսկ խոսող տղամարդու ձայնը՝ հետագայում ավելացված։

Հեղինակը խոսում է ռուսերեն, սակայն կադրում հայերենով խնդրում է «բռնել կամերան», որպեսզի սկսի հեռախոսով նկարել։ Պապյանն ուշադրություն է դարձնում կադրում նույն տեղում երևացող լուսավոր կետին, որը, ամենայն հավանականությամբ, նկարահանող տեսախցիկի թերությունն է։ Այսինքն, հավանական է, որ ամբողջ հոլովակը նկարվել է նույն սարքով։ 

Բաքու տեսանյութ պիքսել

Պապյանը նաև նշում է, որ տեսանյութը Յութուբում չի սկզբում տեղադրվել, քանի որ ուղղահայաց նկարահանման ժամանակ աջ և ձախ կողմի «ազատ» հատվածները Յութուբը ուղղակի սև է դարձնում, իսկ այս դեպքում դրանց տեղում աղոտ պատկերներ են։ Կարելի է ենթադրել, որ տեսանյութը սկզբում որևէ սոցիալական ցանցում է հայտնվել կամ խմբագրվել է մոնտաժային ծրագրով։  

Գեոլոկացիայի տվյալները փաստում են, որ տեսանյութը նոր չէ

Տեսաշարն իսկապես նկարված է Բաքվում, ավելի կոնկրետ՝ «Հեյդար Ալիև» կենտրոնի բակում։ Երևացող որոշ դետալներ հուշում են, որ տեսանյութը նոր չէ։

Հեյդրար Ալիև կենտրոնը

Դրանում կենտրոնի լանդշաֆտային դիզայնում երևում են վարդագույն ծաղիկներ։ Կենտրոնը այս տարվա օգոստոսի 29-ին նույն տարածքից նկարներ է հրապարակել։ Դրանցում եռանկյունաձև հարթակները կանաչ են և ծաղիկներ չկան։ 

Սրանում համոզվելու և պարզելու համար, թե երբ են ծաղիկները եղել, մենք օգտագործեցինք Google Earth հավելվածը։ Վարդագույն շերտը երևում է միայն 2017-ի և 2018-ի որոշ պատկերներում։

Գուգլ պատկեր 2018

2020թ․-ին այդ շերտն արդեն չկա։

գուգլ պատկեր 2020

Տեսագրության մեջ երևացող բացօթյա ցուցահանդեսը հաջորդ ֆիլտն է, որ թույլ է տալիս որոշել տեսանյութի տարեթիվը։

Երևացող ցուցանմուշները ֆոտոլրագրող Ռեզա Դեգատիի գործերն են։ Կենտրոնը նրա գործերը ցուցադրել է մի քանի անգամ, այդ թվում 2018-ի ապրիլ-հոկտեմբերին։ 2017-ին նման ցուցադրություն չի եղել։

Տեսանյութով մի քանի ամիս առաջ ադրբեջանցիներն էին Երևանում

Տեղեկատվական պատերազմում սա առաջին նման դեպքը չէ։ Նույն տրամաբանությամբ կառուցված տեսանյութ տարածվել էր 2020 թվի փետրվարին։ Իբրև մի քանի ադրբեջանցի ազատ շրջում են Երևանում, քաղաքը համարում ադրբեջանական, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններին մեղադրում անգործության մեջ։ 

Օրեր անց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց, որ տեսանյութը մոնտաժված է։ Իրական տեսանյութը նկարահանվել և սոցիալական ցանցում տեղադրվել էր 2018 թվի սկզբում։ Դրանում հեղինակը ցույց էր տալիս Երևանի նորաբաց առևտրի կենտրոնը։ 

Այս տեսանյութին հետագայում կցվել է ադրբեջանցիների խոսակցության ձայնագրությունը և ֆեյսբուքյան «Давуд Гаджиев» օգտատիրոջից ուղարկվել հայ օգտատիրոջը։ Վերջինս այն փոխանցել է «Գոռ Մադիգ Գրիգորյան» օգտատիրոջը, որի էջից տեսանյութը տարածվել է։

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *