Օգոստոսի սկզբին կեղծ լուրեր տարածվեցին Բեյրութի պայթյունի մասին։ Մամուլը կրկնեց հին ու հերքված պնդումները Ջորջ Սորոսի և Լանսարոտեի կոնվենցիայի մասին։
Բեյրութի պայթյունից հետո տարածվեցին կեղծ լուրեր
Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հաջորդ օրերին համացանցում հայտնվեցին բազմաթիվ կեղծ լուրեր, որոնք այս կամ այն կերպ փորձում էին բացատրել պայթյունի պատճառը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չստուգված լուրեր տարածողներից մեկն էր․ նա հայտարարեց, թե Բեյրութում ռումբ է պայթել։ Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարը հակադարձեց՝ ասելով, որ պայթյունը ամենայն հավանականությամբ դժբախտ պատահար էր։
Թրամփը միակը չէր, որ կեղծ պնդումներ էր տարածում պայթյունի մասին․ մեդիայում հայտնվեցին ամենատարբեր վարկածներ՝ իսրայելական հարձակում, թշնամու ռազմական ինքնաթիռ, միջուկային պայթյուն և այլն։
Սոցցանցերում տարածվեց մի տեսանյութ, որում պայթյունից վարկյաններ առաջ իբր հրթիռ է երևում։ Այս տեսանյութը հայտնվեց նաև հայալեզու Ֆեյսբուքում։ Հետագայում պարզվեց, որ տեսանյութը մոնտաժված էր և որևէ հրթիռ իրականում չկար։
Լիբանանի կառավարությունը հայտարարել էր, որ պայթյունի պատճառը, ամենայն հավանականությամբ, առանց պատշաճ հսկողության պահվող ամոնիումի նիտրատի բեռն էր։
5-րդ ալիքը հին կեղծ պնդումներով նոր ֆիլմ պատրաստեց Լանսարոտեի կոնվենցիայի մասին
Օգոստոսի սկզբին 5-րդ ալիքը «Արժեհամակարգերի առևտուր» վերնագրով դոկումենտալ ֆիլմ պատրաստեց Լանսարոտեի կոնվենցիայի մասին, որի ստեղծումը ֆինանսավորվել էր նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի կողմից։
Լանսարոտեի կամ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 10 տարի առաջ, իսկ վավերացրել 2020-ին՝ մայիսի 11-ին։
Շուրջ 20 րոպե տևող ֆիլմում 5-րդ ալիքը կեղծ և մոլորեցնող հայտարարություններ արեց կոնվենցիայի նպատակների և բովանդակության մասին։ Այս պնդումները հիմնականում կրկնում էին բազմիցս հերքված մանիպուլյատիվ թեզերը, որոնք ուղեկցում էին ոչ միայն Լանսարոտեի, այլև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Հայաստանը ներկայացվեց որպես Եվրոպայի մշակութային տարածքից դուրս գտնվող երկիր, իսկ Եվրոպան՝ որպես խեղաթյուրված բարոյականություն ունեցող աշխարհամաս։ Այդպես, 5-րդ ալիքի հաղորդավարը հայտարարեց, որ Եվրոպայում առանց երեխայի համաձայնության նրան գրկելու, հետույքին դաստիարակչական հարված տալու համար «ձեզ կարող են դատել մանկապղծության համար»։
Թեմայի շուրջ հեռուստաալիքը զրուցել էր մի քանի փորձագետի հետ, որոնք նախկինում էլ տարածել էին կեղծ տեղեկություն։ Օրինակ, փորձագետներից մեկը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էր, ով տարածում էր ռուսական քարոզչական միֆը Հայաստանում գործող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն մասին։
Ռուսական քարոզչությունը նորից մանիպուլյատիվ պնդումներ տարածեց Հայաստանի մասին
Ռուսական քարոզչական Соловьёв LIVE յութուբյան ալիքը նորից անդրադարձավ Հայաստանին և հետհեղափոխական կառավարությանը։ Վլադիմիր Սոլովյովի փոխարեն այս անգամ հիմնական հաղորդավարը Սեմյոն Բաղդասարովն էր, որը նախկինում Պետդումայի պատգամավոր էր, իսկ այժմ ռուսական պետական ալիքների հաճախակի հյուրն է։
Բաղդասարովը մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ արեց Հայաստանի քաղաքական իրադրության մասին։ Օրինակ, նա օգտագործեց Ջորջ Սորոսի մասին դավադրության տեսությունը և պնդեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո պատմական հերոսների փոխարեն փառաբանվում է Սորոսը, իսկ կառավարությունում ոչ մի պաշտոնյա չի նշանակվում առանց Հայաստանում Բաց հասարակությունների հիմնադրամի ղեկավարի թույլտվության։
Բաղդասարովի մեկ այլ մանիպուլյատիվ պնդում վերաբերվում էր ռուսական 102-րդ ռազմաբազային։ Առանց որևէ հիմնավորում բերելու հաղորդավարը հայտարարեց, թե Փաշինյանը որոշել էր 102-րդ ռազմաբազան հանել Հայաստանի տարածքից, բայց հետո տեսավ, որ Թուրքիան վտանգավոր է, իսկ միակ օգնողը՝ Ռուսաստանը։
Գրիգոր Արեշյանին շփոթեցին նրա պապ Գրիգոր Արեշյանի հետ
Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Covid-19-ից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը։
News.am-ը հրապարակեց Արեշյանի մահվան մասին լուրը, բայց շփոթեց նրա կենսագրությունը՝ տեքստում տեղադրելով նրա պապի՝ մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆոսոր Գրիգոր Արեշյանի կենսագրական տվյալները։
Ավելի ուշ կայքը ուղղեց սխալը, սակայն այդ մասին որևէ նշում հոդվածում չարեց։
Հերքումներ և հերքման պահանջներ
❌ ՊՆ խոսնակը հերքեց տեղեկությունն այն մասին, թե թուրքական F-16 ինքնաթիռները մոտեցել էր Հայաստանի սահմնին։ Տեղեկությունը տարածել էր ռուսական Avia.pro կայքը։
❌ Արցախի ԱԳՆ-ն հերքեց ռուսական Topwar.ru կայքում հրապարակված և նախարար Մասիս Մայիլյանին վերագրվող հայտարարությունը։ Ռուսական լրատվականը՝ հղում տալով լեհական Defense24.pl կայքին, պնդել էր, թե Մայիլյանը ասել է, որ Հայաստանը ռուսական ռազմական ուժերը կհեռացնի իր տարածքից, եթե ՌԴ-ն օգնություն չտրամադրի։
Լեհական հոդվածում, սակայն, այս խոսքերը ասում էր պաշտոնաթող զինվորական, այլ ոչ թե նախարար Մայիլյանը։
❌ Վարչապետի մամուլի խոսնակը հերքեց լուրերն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը գաղտնի կերպով Իջևանում հարսանիքի էր մասնակցել։ Լուրը տարածել էր Hraparak.am կայքը։ Hraparak-ը օգտագործել էր Փաշինյանի հին ընտանեկան լուսանկար և նշել էր, որ հարսանիքին մասնակցման ապացույցներ չի հաջողվել ստանալ։
Լուրը տարածել էին Tert.am-ը, News.am-ը, Analtik.am-ը։ Բոլոր հոդվածները զուգորդվում էին հին լուսանկարներով․ Analtik.am-ը, օրինակ, օգտագործել էր 2018 թվականի տեսահոլովակից վերցված կադր։
❌ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Politik.am կայքի ղեկավար Բորիս Մուրազիին՝ զրպարտություն որակելով կայքի տարածած տեղեկությունն այն մասին, թե Փաշինյանի պապը ԽՍՀՄ բանակում դավաճան է եղել։
Վարչապետը պահանջել է հերքել տեղեկությունը՝ «դատական գործընթացից խուսափելու նպատակով»։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: