Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանային բախումները տեղափոխվեցին նաև սոցցանցային և լրատվական տիրույթ։ Media.am-ն առանձնացրել է տեղական և միջազգային մի քանի ապատեղեկատվություններ։
Hraparak.am-ը ադրբեջանական տեսանյութը ներկայացրեց վրացական աղբյուրից ստացած
Սոցցանցերում արդեն հրապարակված է hraparak.am-ի նյութի պատմությունը, որը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութը IMEDI TV-ի իրենց վրացական գործընկերներից ստացված է ներկայացնում։
Ավելի ուշ hraparak.am-ը հրապարակել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի տեսանյութը, որը նույն իրենց՝ որպես Վրաստանից ստացված տեանյութի որոշ «տարօրինակ» դրվագներից է խոսում։ Hraparak.am-ը մեկ այլ հրապարակմամբ էլ, Սամվել Մարտիրոսյանից գրեթե նույն բովանդակությունը տվող մեկնաբանություն է հրապարակել։
Hraparak.am-ի առաջին հրապարակմանն անդրադարձել է Վրաստանում գործող հայկական aliq.ge-ն։ Կայքը տեղեկացրել է․ «IMEDI TV-ի ինչպես կայքում, այնպես էլ եթերում նման տեսանյութ չի հրապարակվել»։
Ավելին, ըստ aliq.ge-ի իշխանամետ Imedinews.ge կայքը առաջին վրացական լրատվականներից էր, որ անդրադարձել է սահմանային զարգացումներին, «սակայն լրատվականի հրապարակած նյութերում գերակշռում են ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները»:
Yerevan.Today-ի խմբագիրը Փաշինյանին անուղղակի մեղադրում է դավաճանության մեջ
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր «Կարճ ասած» շարքում անդրադարձել է Կառավարության արտահերթ նիստին Փաշինյանի հնչեցրած հարցին, թե հնարավո՞ր է ադրբեջանցի զինվորները մոլորվել էին։
Հակոբյանն ասում է՝ «Հայկական կողմը ինչո՞ւ վստահորեն հետ շպրտեց թշնամուն․ որովհետև Նիկոլ Փաշինյանը ընտանեկան ժամանցի մեջ էր»։
Նա նաև բարձրացրել է ուղիղ կապի խնդիրը՝ շրջանառության մեջ դնելով քարոզչական թեզը, թե «դա գործում էր մինչև Աշոտի բանակից գա՞լը»։ Հակոբյանը նկատի ունի օրեր առաջ զորացրված վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։
Իսկ նյութի եզրակացությունն է․ «Նիկոլ Փաշինյանը փախչող տեսակ է, բոլոր պատասխանատու պահերին նա արել է այն, ինչից շատ լավ է՝ պարզապես թռել է»։
Գրառում կատարողը պատգամավորի օգնական չէր
Politik.am-ը առանձնացրել էր երկու օգտատիրոջ, որոնք ըստ կայքի, վարչապետ Փաշինյանի թիմակիցներն են և ադրբեջանական քարոզչական թեզեր են առաջ տանում։
Երկու օգտատիրոջ խաղաղասիրական նույնաբովանդակ գրառումն է կայքը որակել է «ադրբեջանական քարոզչական թեզերի առաջ տանել»։
Կայքը սոցիալական մեդիայում գրառման հեղինակին կոչել է «իշխանափոխության գործընթացին մասնակցած», ներկայացրել իբրև «Փաշինյանի թիմակից» և «Փաշինյանի մտերիմ ակտիվիստ»։ Գրառումը տարածած մյուս օգտատիրոջ մասին չստուգված լուր է հրապարակել՝ «Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների այս օգտատերը իշխանական պատգամավորներից մեկի օգնականն է»։ Ֆեյսբուքյան օգտատերը պատասխանել է կայքին՝ հերքելով պատգամավորի օգնական լինելը։
Politik.am-ը հետագայում հեռացրել է պատգամավորի օգնական լինելու դրվագը, որը, սակայն, պահպանվել է Google cache-ում։ Այս տեղեկությունը տարածել են այլ կայքեր ևս, որոնցում պահպանված է հեռացված նախադասությունը՝ Yerevan.Today, 7or.am, hayeli.am, antifake.am և այլն։
Կեղծ տեղեկություններ տարածող հաշիվները
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր «Ինչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են» տեսանյութում, ի թիվս մի քանի կետերի, տեղեկացրել է, որ այս շրջանում ադրբեջանական կողմն արթնացնում է ֆեյսբուքյան կոտրած հայկական հաշիվներ ու դրանցով տագնապալի մեկնաբանություններ թողնում։ Պետք է զգուշավոր լինել ու գիտակցել, որ մեկնաբանություն գրող բացարձակ չի նշանակում այն մարդն է, որի հաշվով գրվում է։
Որպես հայկական ներկայացող ադրբեջանական մի քանի էջեր և դրանց տարածած տեղեկություններն առանձնացրել է infocheck.am-ը։ Կայքը տեղեկացրել է, որ գողացված կամ կեղծ օգտահաշիվներից կեղծ տեղեկություն են տարածում, թե իրենց եղբայրները, որոնք ծառայում են բանականում, խոսում են ավելի քան 37 զինծառայողի մահվան մասին, իսկ ՀՀ կառավարությունը թաքցնում է հանրությունից այդ փաստը։
Նման դեպքի մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը։
Միջազգային մամուլ
? Ռուսական Gazeta.ru-ն և rosbalt.ru-ն ապատեղեկատվություն էր տարածել հայկական կողմից զոհերի մասին, ինչը հետագայում ուղղել են։ Հուլիսի 13-ի դրությամբ հայկական կողմը զոհերի մասին տեղեկություն չէր հրապարակել։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: