2020.07.01,

Ստուգված է

Նկարեցին, հարցեր չտվեցին, հայտարարեցին «այլասերված»

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Նորաստեղծ հագուստի բրենդի նկարահանման ժամանակ անցորդը մոդելներին լուսանկարել է և հեռացել։ Երեկոյան նկարը հայտնվել է լրատվական կայքի հիմնադրի Ֆեյսբուքյան էջում՝ «այլասերվածության» մեղադրանքով և քաղաքական մեկնաբանությամբ։

Մանիպուլյատիվ մեկնաբանությամբ լուսանկարը տարածվեց սոցցանցերում և մամուլում

Հունիսի 28-ին Ֆեյսբուքյան օգտատեր Արիանա Հովսեփյանն իր էջում հրապարակեց երիտասարդների մի լուսանկար և գրեց, թե այդ լուսանկարներում տեղի է ունենում «այլասերվածություն» օրը ցերեկով Երևանի փողոցներում։

Հովսեփյանն իր հրապարակմանը նաև քաղաքական բովանդակություն հաղորդեց․ «[…] նրանք, ովքեր անընդհատ խոսում են 20 տարվա ստրկությունից իրենց իբրև թե <<ազատած>> նիկոլի մասին ու աստվածացնում նրան, հիմա թող պատասխանեն՝ էս ազատության մասի՞ն եք էդքան ասում, է՞ս էիք երազում, ազատությունը սա՞ է, որ այլասերվածությունը անարգել ու ազատ թևածի՞ փողոցներում, հա՞…»։

Ֆեյսբուքում Հովսեփյանի հրապարակումով կիսվեցին շուրջ 520 անգամ։ Լուսանկարը հրապարակեցին 7or.am-ը, blognews.am-ը, artsakh.news-ը, մի շարք սունկ կայքեր։

Լուսանկարում կատարվողը սակայն Հովսեփյանը ներկայացրել էր խեղաթյուրված։ Իրականում պակերված էին SHA նորաստեղծ հագուստի բրենդի մոդելները, իսկ կատարվողը նկարահանում էր՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի։

Հուլիսի 1-ին բրենդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նկարահանումից մի հատված և տեղեկացրեց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Արիանա Հովսեփյանի դեմ։

Ո՞վ է Արիանա Հովսեփյանը

Արիանա՝ նույն ինքը Արմենուհի Հովսեփյանը «Անդրադարձ» մամուլի ակումբի և newspress.am կայքի հիմնադիրն է։

2016-ին Արիանա Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել սուտ մատնության դրդելու մեջ և դատապարտվել մեկ տարի ազատազրկման։ Նրա նկատմամբ, սակայն, կիրառվել է այլ խափանման միջոց՝ 500,000 դրամի չափով գրավ:

2019-ին Հովսեփյանը ստեղծել է «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամը։ «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի ունեցած պաշտոնական բացմանը ներկա են եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Ոստիկանության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը և այլ հյուրեր։

Ariana Hovsepyan

Հիմնադրամի բացմանը Արիանա Հովսեփյանը տեղեկացրել է, որ հիմնադրամը ստեղծել է  մոսկվայաբնակ գործարար Ալբերտ Հարությունյանի հետ։ Հիմնադրամն աջակցելու է անապահով ընտանիքներին։

Հովսեփյանը Հայաստանի հետհեղափոխական կառավարության խիստ քննադատ է։ Նա չի խուսափում հայհոյախառն արտահայտություններից։ Հովսեփյանը հրաժարվում է դիմակ կրել, դեպքեր են եղել, երբ տարածել է մանիպուլյատիվ կամ կեղծ լուրեր։

Media.am-ը Արիանա Հովսեփյանին խնդրեց մեկնաբանել հունիսի 28-ի իր գրառումը։ Մեզ հետ զրույցում Հովսեփյանն ասաց, որ նկարը իրեն ուղարկել է իր աղբյուրը, սակայն նա առաջինը չի հրապարակել նկարը։ «Ես համացանցում տարածվելուց մի քանի ժամ առաջ ունեի [նկարը], դեռ չէի տեղադրում։ Երբ տեղադրեցին, նոր արդեն իմ էջում տեղադրեցի», – ասաց Հովսեփյանը։

Հարցին, թե ի՞նչ հիմքով է նա ենթադրել, որ տեղի ունեցողը միասեռականության «քարոզ» է, Հովսեփյանը ասաց․ «Ինչպես ինձ ներկայացրել են, ես էդպես էլ էնտեղ գրել եմ»։

Media.am չկարողացավ Հովսեփյանի մեկնաբանությունը ստանալ SHA-ի՝ իր դեմ դատական հայց ներկայացնելու հայտարարության վերաբերյալ։ Զրույցի կեսից Հովսեփյանը խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ հետո չպատասխանեց մեր զանգերին։

Ի՞նչ էր կատարվել նկարահանման ժամանակ

Նշված նկարահանումը տեղի էր ունեցել կիրակի՝ հունիսի 28-ին։ Այն ներկայացնում էր SHA բրենդի դեբյուտային հավաքածուի հագուստները։

Բրենդի կրեատիվ տնօրեն Էմիլ Ավետիսյանը պատմում է, որ իրենք համավարակի հետևանքով պոստապոկալիպտիկ իրականության մեջ հայտնված մարդկանց կյանքն էին փորձել պատկերացնել և այդ էսթետիկայով կառուցել նկարահանումը։

Նկարահանման կեսից նկատել են, որ մի անցորդ լուսանկարում է իրենց․ «Հասմիկ Մուրադյան կամ Հասմիկ Մանուկյան ազգանունով կին, որովհետև ես հասցրեցի տեսնեմ, որ նկարում ա» (Արիանա Հովսեփյանի հրապարակումից կարճ ժամանակ անց նմանատիպ մեկնաբանությամբ նկարը հրապարակել էր նաև Հասմիկ Մանուկյան անունով ֆեյսբուքյան օգտատերը)։

Ավետիսյանի խոսքով նկարողը չի մոտեցել, որևէ հարց չի տվել, միայն նկարել է ու հեռացել։

«Երեկոյան ես տեսնում եմ դա ինչ-որ Արիանա Հովսեփյան կնոջ էջում, որտեղ արդեն սա ստանում ա մի այլ բնույթ, այլ մեկնաբանություն, մոտավորապես՝ «այլասերվածները» Նիկոլի Հայաստանում «այլասերվածությամբ» են զբաղված»։ Ավետիսյանի խոսքով, Հովսեփյանը հաշվի չի առել, որ այնտեղ ներկա մոդելները կարող են խնդիրներ ունենալ հասարակության մեջ կամ ընտանիքում։

Մոդելների հասցեին հնչող մեղադրանքները Ավետիսյանը համարում է տարօրինակ, քանի որ նրանք պարզապես կատարել են իրենց աշխատանքը «առանց ինչ-որ, գաղափարների, ինչ-որ շարժառիթների»։

Նրա խոսքով՝ նկարահանումը բացառապես կոմերցիոն բնույթ է կրել․ «Որևէ բանի քարոզչություն, բացի «կրե՛ք մեր կարած հագուստը», մենք չենք ունեցել»։

Արիանա Հովսեփյանը հրաժարվել է հեռացնել գրառումը և սպառնալիքներ հնչեցրել

SHA-ից կապվել են Արիանա Հովսեփյանի հետ և խնդրել հեռացնել նկարը։ Սակայն Հովսեփյանը հրաժարվել է և սպառնացել, որ «ավելի վատ» նկարներ կհրապարակի։

Նույն օրը SHA-ը դիմել է ոստիկանություն, իսկ այժմ նախապատրաստում է Հովսեփյանի դեմ գործարար համբավի պաշտպանության հիմունքով դատական հայցը։

Կարինե Ղազարյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *