Մայիսի երկրորդ կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ իր հերթական մամուլի ասուլիսը՝ անելով մի շարք խնդրահարույց պնդուներ։ Պարզվեց, որ երեխաներին սեռական հարաբերության մասին գիրք չէր բաժանվել, իսկ տարածվող այլ ապատեղեկատվությունների համար հերքման պահանջը հասավ մինչև դատարան։
Փաշինյանի պապը ֆաշիստների դե՞մ, թե՞ կողմ
Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Մեծ հայրենականին մասնակցած իր պապի լուսանկարը։ Նկարագրության մեջ թողեց նրա անուն-ազգանունը, ծննդյան-մահվան թվերը և ծառայած գնդի տվյալները։
Պարզվեց, որ Հայրենական մեծ պատերազմի զոհերի, անհայտ կորածների և մահացածների տվյալները ամփոփող Obd-memorial.ru կայքում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով էլի մարդ կա։ Նրանցից մեկը կռվել է ԽՍՀՄ բանակում և անհայտ կորել (տվյալն այժմ հասանելի չէ), մյուսը՝ համագործակցել Նացիստական Գերմանիայի հետ։ Արդյունքում հարց առաջացավ, թե ո՞րն է վարչապետի պապը։
Փաշինյանն իր գրառումը մի քանի ժամ անց խմբագրեց ու ավելացրեց պապի հայրանունը, իսկ հայկական լրատվական դաշտում եղան պարզաբանումներ։ Սական, ռուսական կայքերը օրեր անց սկսեցին նույն բանի մասին գրել ու հարց բարձրացնել, թե ինչու է լռում Փաշինյանը։ Info24.ru-ին հղում տալով այս կեղծ լուրը տարածեցին մի քանի ադրբեջանական կայքեր՝ այդ թվում հայերեն բովանդակություն ստեղծող cbc.az-ը։
Մայիսի 17-ին ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը հրապարակեց հերքումը, թե Փաշինյանի պապը կռվել է Կարմիր բանակի դեմ։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել էր, որ նման լուրերի տարածումը հետապնդում է քաղաքական նպատակներ։
Երեխաներին սեռականության մասին գիրք չէր բաժանվել
Մայիսի 25-ին ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը հայտարարեց, որ մի կին Վրացական փողոցում իր 9-ամյա որդուն և այլ երեխաների բաժանել է «սրբապիղծ գիրք»՝ «Оргазм для вас, или Вы для оргазма» վերնագրով։ Աթանեսյանը տեսանյութում մի քանի անգամ «սպանելու» մասին սպառնալիքներ էր հնչեցրել, դեպքի համար մեղադրել «սրբապիղծներին» ու առանց որևէ հիմքի այն կապել տրանս անձանց հետ։
Media.am-ն անդրադարձել է թեմային ու պարզել, որ այս տեսանյութը հարյուր հազարավոր դիտումներ է հավաքել։ Աթանեսյանի մտահոգությունները լուսաբանել են մի քանի հեռուստաընկերություն (Armnews-ը, «5-րդ ալիքը», Armenia TV-ն) և բազմաթիվ կայքեր: Թեմային անդրադարձել են նաև Ազգային ժողովում։
Սակայն, երկու օր անց հայտնի է դարձել տարածվող լուրը իրականությանը չի համապատասխանում։ Երեխան ոստիկաններին խոստովանել է, որ գիրքը գտել էր՝ որևէ մեկը նրան չէր տվել։
Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աստիճանը
Մայսիս 14-ին ազատման դիմումի մասին գրառում կատարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը՝ բարձրաձայնելով որոշման պատճառների մասին: Այս հրապարակման հաջորդ օրն alternativ.am-ը մանիպուլյատիվ վերնագրով լուր տարածեց։
Թեև վերնագրում նշված է, որ «Անդրանիկ Քոչարյանի որդուն գիտական աստիճան է շնորհվել Սմբատ Գոգյանի հրաժարականի հաջորդ օրը», սակայն, բովանդակության մեջ ասվում է, որ «հրամանը ստորագրվել է հենց Գոգյանի կողմից, իսկ մասնագիտական հանձնաժողովն էլ աշխատանքին դրական գնահատական է տվել»։
Համադրելով մի քանի հանգամանքներ, ենթադրության մակարդակով կայքը եզրակացրել է՝ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են եղել: Առանց փաստական հիմքի գրել՝ «Չի բացառվում, որ Գոգյանի վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից։ […] Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից»:
Օրեր անց Գոգյանը պարզաբանել է, որ Լևոն Քոչարյանի գիտական աստիճան ստանալը կապ չունի իր ազատման դիմումի հետ:
Ենթադրությունների վրա հիմնված լուրը նույն վերնագրով վերատպել են մի քանի կայքեր՝ 168.am, news.am։ Նույն նյութին է հղում տվել yerevan.today-ը։
Փաշինյանի մամուլի ասուլիսը․ ովքե՞ր էին կորոնավիրուսները
Մայիսի 16-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
Media.am-ն առանձնացրել է լրագրողների հարցերի ու վարչապետի պատասխանների մեջ հնչած մի քանի մանիպուլյատիվ պնդումները։ Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում էր Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ կորոնավիրուսը պինցետով հանելու ու արաղով ախտահանելու Փաշինյանի հայտարարությանը։
Ի պատասխան 5-րդ ալիքի հարցին, Փաշինյանն ասաց չի հիշում, որ կորոնավիրուսի վերաբերյալ նման հայտարարություն արած լինի։ Պարզվում է, այսպիսի ձևակերպմամբ հայտարարություն Փաշինյանն արել էր, սակայն, այն չէր վերաբերում կորոնավիրուսին։
Փաշինյանը խոսել էր պետական ապարատում աշխատող կոռումպացված պաշտոնյաների մասին և հայտարարել էր․ «կորոնավիրուսը չի վտանգավոր, այ կորոնավիրուսը նրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են։ Ու էտ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրանց գործերին»։
Այս արտահայտությունը կոնտեքստից կտրված ներկայացրել էին մի շարք կայքեր (blognews.am, hayeli.am, YerevanToday)։ Անգամ ասուլիսի ակնարկից հետո լրատվամիջոցները շարունակում են կոնտեքստից կտրված արտահայտությունը տարածել՝ ավելին, նաև պնդում են, թե Փաշինյանը սուտ է խոսում, հերքում է ինքն իրեն։
Հերքման պահանջներ
Մայիսի երկրորդ կեսին բարձրաստիճան երկու պաշտոնյա հերքման պահանջներ ներկայացրեցին ֆեյբուքյան օգտատիրոջը և լրատվականին։
? Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 14-ին դատական հայց ներկայացրեց «Մասիսի ԲԿ»-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։
Նման պահանջի առիթը ապրիլի 25-ի Նունե Ավանեսյանի (Facebook-ում գրանցված է Նունե Ներսիսյան) գրառումն է։ Վերջինս պնդել է, թե տարբեր մարդկանցից նամակներ է ստանում, որ հանգուցյալի հարազատներին առաջարկում են 100 000 դրամի դիմաց մահը նշել կորոնավիրուսի հետևանք։ Հիվանդանոցներում էլ ԱՆ-ից հրահանգ կա՝ ցանկացած ջերմողի՝ անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր:
Ի դեպ, այս հրապարակմանն անդրադարձել էր «Փաստերի ստուգամն հարթակ»-ը ու պարզել, որ չնայած Նունե Ներսիսյանը նշել էր, որ տեղեկության աղբյուրը մահացածի հարազատն է, պարզվում է, մահացածն աղբյուրի ծանոթի մորաքրոջ հարևանն է եղել։
? Էջմիածնի քաղաքապետարանը պահանջեց hraparak.am-ից հերքում տարածել «ակնհայտ կեղծիք տարածող» հրապարակման համար։
Ինչպես նշված է պահանջում, կայքը, հղում անելով քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանին, գրել էր, թե նրանք 150 դրամանոց ձնծաղիկը գնել են 3000 դրամով։ Իրականում, քաղաքապետարանը գնել է 150 դրամ արժողությամբ 3000 ծաղկեփունջ։ Քաղաքապետարանը հերքման պահանջում նաև պարզաբանել է հրապարակման մեջ առկա մյուս գնումների և օգտագործված անունների հարցը։
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ ապատեղեկատվության մասին հրապարակումից հետո, կայքը ուղղում է կատարել նյութում և փոփոխել վերնագիրը, սակայն, դրա մասին նշում չի թողել։ Ավելին, պարզաբանման և հերքման փոխարեն hraparak.am-ը կատարել է մեկ այլ հրապարակում` ապատեղեկատվությունը «ըստ էության ընդամենը շփոթության արդյունք» որակելով։
Հերքումներ
❌ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել։
❌ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ որևէ հիմք չկա պնդելու, թե Հայաստանում ուժեղ երկրաշարժ է զգացվել։ Տարածվող լուրը, ըստ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, վերաբերում է մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում տեղի ունեցած երկրաշարժին։ Այն զգացվել է Տավուշի և Լոռու մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։
❌ infocheck.am-ը հերքել է մամուլում տարածվող լուրը, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու Սոցապ ծառայության պետ Անի Ամիրշադյանն ազգականներ են։ Կայքը տեղեկացրել է, որ նախարարն ու Ամիրշադյանը ծանոթացել են վերջինիս աշխատանքի ընդունվելու պահին միայն։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: