Մայիսի 7-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դեմ։
Ցույցի մասնակիցները քիչ էին, սակայն կազմակերպիչ Սևակ Մարտիրոսյանի խոսքով` իրենց համակիրները բազմահազար են, ուղղակի չէին եկել կորոնավիրուսի պատճառով։ Նրանք պաստառներ էին բերել՝ հայ-ռուսական բարեկամության, լաբորատորիաների վտանգների, ինչպես նաև գործարար Ջորջ Սորոսի մասին։
Media.am-ը ուսումնասիրեց, թե ի՞նչ քննադատություն է հնչում ՀՎԿ ազգային կենտրոնի հասցեին և պարզեց, որ այն արդեն տարիներ շարունակ արտաքին և ներքին քաղաքական ապատեղեկատվության թիրախ է։
Ինչու՞ էին ցույց անում
ՀՎԿ ազգային կենտրոնի դեմ ցույցը կազմակերպել և գլխավորում էր Սևակ Մարտիրոսյանը, ով համագործակցում է ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության հետ։ Այժմ Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, սակայն որոշ ժամանակ առաջ ներկայացել է նաև որպես Արարատ Միրզոյանի համախոհ։
Քաղաքական դիրքորոշման փոփոխությունը Մարտիրոսյանը պայմանավորել էր նրանով, որ իշխանության գալուց հետո ՔՊ-ն «360 աստիճանով հակառակն արեց»: Նա համոզվել էր, որ «ազգի փրկությունը գալիս է դեպի Ռոբերտ Քոչարյան»։
Ցույցը լուսաբանող 1in.am-ի եթերում Սևակ Մարտիրոսյանը պնդել է․ «Այդ լաբորատորիաները, ըստ մեր տեղեկությունների, 2018 թվականին է հիմնվել՝ Նիկոլի իշխանության գալուց հետո, և մինչ օրս այդ լաբորատորիաների գործողությունները պահվում ա գաղտնի»։ Նա հայտնել է, թե վարկած կա, որ այնտեղ կենսաբանական զենք են արտադրում ընդդեմ Ռուսաստանի, Պարսկաստանի և Չինաստանի։ Նա իր պնդումներն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացրել, բայց ասել է՝ եթե իր վարկածը ճիշտ չի, թող իրեն հերքեն։
Մարտիրոսյանը նաեւ ասել է, որ կորոնավիրուսից մահացածների մի մասը հենց լաբորատորիաների փորձարկումների արդյունքում է մահացել։ Ինչպես և մնացած պնդումների դեպքում, այս մեկը նույնպես «ուղղակի վարկած» էր։
Սևակ Մարտիրոսյանի պնդումները կեղծ են՝ լաբորատորիաները հիմնվել են 2014-ին և կենսաբանական զենք չեն մշակում։ ՀՎԿ ազգային կենտրոնի շուրջ միֆերը այսքանով չեն սահմանափակվում։
Ի՞նչ են տարածում լաբորատորիաների գործողությունները քննադատողները
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քննադատները կարծում են, որ լաբորատորիաները փչացնում են Հայաստանի հարաբերությունները բարեկամ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն իսկապես խիստ դեմ է լաբորատորիաների աշխատանքին։
2016-ին Հայաստանում նույնիսկ կոնֆերանս էր կազմակերպվել, որի մասնակիցները լաբորատորիաները անվանում էին Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող կառույցներ։
Ամենատարածված պնդումներից է այն, որ լաբորատորիաների գործունեությունը գաղտնի է պահվում և Հայաստանի կառավարությունը լիովին չի վերահսկում այնտեղ կատարվողը։ Սակայն Հայաստանը հայտարարել է, որ դեմ չէ ռուս մասնագետների այցին լաբորատորիա։ Ավելին՝ հայկական կողմը արդեն մեկ անգամ կազմակերպել է ռուս ներկայացուցիչների ճանաչողական այց ՀՎԿ ազգային կենտրոն, սակայն շահարկումները դրանից հետո չեն դադարել։ Մայիսի 8-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ բանակցությունները այս հարցով շարունակվում են։
Հայաստանում լաբորատորիաների վտանգի մասին պարբերաբար բարձրաձայնում են ռուսական արտաքին քաղաքականության հետ համահունչ արտահայտվող փորձագետներ։ Օրինակ, «Ереванский геополитический клуб» կազմակերպության ղեկավար Արման Բոշյանը դրանք «դանդաղ գործողության ռումբ» էր անվանել և կանխատեսել, որ երբ ՆԱՏՕ-ն պատերազմ սկսի, այդ լաբորատորիաները կաշխատեն Հայաստանի դեմ։
ՀՎԿ ազգային կենտրոնի քննադատների մյուս խումբը ծայրահեղ պահպանողական նախաձեռնություններն են։ Թեման նաև ներքին քաղաքական պայքարի շրջանակներում է շահարկվում, ինչպես անում էր Սևակ Մարտիրոսյանը կամ ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։
Վերջապես, լաբորատորիաների մասին գրում են տարատեսակ ֆեյսբուքյան էջերը և սունկ կայքերը։ Օրինակ, «Apricot / Ծիրան» էջը հրապարակել էր գիտաֆանտաստիկ (sci-fi) ժանրի գեղարվեստական պատկեր և գրել, որ Հայաստանը արգելում է ռուս մասնագետների մուտքը լաբորատորիաներ։ Գրառումը հավաքել է 112 կիսում և 151 մեկնաբանություն։ Որոշ օգտատերեր մեկնաբանություններում փորձում էին ճշտել, թե արդյո՞ք նկարը լաբորատորիաների ներսից է։ «Apricot / Ծիրան» էջը 20 անգամ անվանում է փոխել («Հ’ Apricot», «Apricot Revolution» և այլն)։ Այն ունի 4 համակարգող, բոլորը՝ Ռուսաստանի տարածքից։
ՌԴ կառավարությունն ու պետական մամուլը կեղծ տեղեկություններ են տարածում հետխորհրդային երկրներում գործող լաբորատորիաների մասին
Լաբորատորիաների դեմ ցույցի ժամանակ Սևակ Մարտիրոսյանը նշել էր, որ իր «ընդամենը վարկած» հանդիսացող պնդումների աղբյուրը բարեկամ պետության՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Իսկապես, Ռուսաստանը տարիներ շարունակ մանիպուլյատիվ տեղեկություններ է տարածում Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում գործող լաբորատորիաների մասին։
Օրինակ, կորոնավիրուսի համավարակի օրերին «Московский комсомолец» թերթը հայտնեց, թե հենց այդ լաբորատորիաներն են Հայաստանում վարակի տարածման օջախը, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ռուսաստանը արդեն տարիներ ի վեր մտահոգություն է հայտնում հետխորհրդային տարբեր երկրներում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների հետ կապված։ Սակայն այդ մտահոգությունը հաճախ արտահայտվում է կեղծ լուրերի տեղատարափով։
Օրինակ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վրաստանին մեղադրել էր, որ այդ երկրում գործող լաբորատորիաները «վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ» են ստեղծում։ Վրաստանը հրավիրել էր ՌԴ ներկայացուցիչներին այցելել լաբորատորիա, սակայն վերջիններս հրաժարվել էին։ Զախարովան դա պատճառաբանել էր այսպես․«Եթե ուզում եք իսկապես իմանալ, թե ինչ է կատարվում լաբորատորիայում, ապա այնտեղ պետք է ոչ թե այցելել, այլ զննում անցկացնել»։
Վրաստանում այս հարցը նաև ներքին քաղաքական շահակումների առարկա է։ Երկրի ԱԱԾ նախկին պետ Իգոր Գիորգաձեն, ով հայտնի է իր պրոկրեմլական դիրքորոշմամբ, հայտարարել էր, թե լաբորատորիաներում կենդանի մարդկանց վրա փորձարկումներ են իրականացնում։ Ինչպես և լաբորատորիաների դեմ ցույց անող Սևակ Մարտիրոսյանը, Գիորգաձեն պնդել էր, թե իր ասածը ուղղակի վարկած է։
Չնայած որ նրա բերած վկայությունները չէին ապացուցել իր պնդումները, Գիորգաձեի վարկածը լայնորեն շրջանառվեց ռուսական պետական կառույցների ու ԶԼՄ-ների կողմից։ Ռուսական կողմը պնդել էր, որ Պենտագոնը Վրաստանում փորձարկում է ռազմական նշանակության քիմիական և կենսաբանական նյութեր։
Նմանատիպ պատումներ տարածվում են նաև Ղազախստանում և Ուկրաինայում գործող լաբորատորիաների մասին։ Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին վերաբերող քարոզչական ալիքը մյուսներից չի տարբերվում․ ռուսական մեդիայում, ինչպես նաև հայաստանյան սոցցանցերում ու լրատվականներում հաճախ են հանդիպում պնդումներ, թե Պենտագոնը լաբորատորիաներում գաղտնի և վտանգավոր կենսաբանական զենք է ստեղծում։
Ինչո՞վ են զբաղվում հայաստանյան լաբորատորիաները
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ստեղծվել է 2014 թվականին։ Այս նպատակով ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրել, սակայն կենտրոնի կանոնադրության համաձայն հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ դրա կառավարող մարմինը՝ Առողջապահության նախարարությունը։ Կենտրոնը մասնաճյուղեր ունի տարբեր քաղաքներում։
ՀՎԿ ազգային կենտրոնը զբաղվում է հանրային առողջության խնդիրներով և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմամբ։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ հենց այս կենտրոնում են իրականացվում հետազոտություններ, մասնագետների վերապատրաստում և այլն։ Մինչև ապրիլ միայն այս կենտրոնում և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցներում էր անցկացվում կորոնավիրուսի թեստավորում։ Ապրիլից սկսած դրանց միացան նաև երկու մասնավոր բուժհաստատություններ։
Այսպիսով, ռուսական քարոզչությունը և հայաստանյան տարբեր քաղաքական շրջանակներ տարիներ շարունակ կրկնում են նույն կեղծ լուրերը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասին։
Քարոզչական պատումը նույնն է Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և պտտվում է հետևյալ պնդումների շուրջ՝ լաբորատորիաներում գաղտնի կենսաբանական զենք է ստեղծվում, կատարվում են վտանգավոր փորձարկումներ, երկրի կառավարությունը չի վերահսկում կատարվողը և վտանգում է լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Չնայած մեղադրանքների լրջությանը, դրանք հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվում։ Փոխարենը առաջ են քաշվում «վարկածներ», իսկ հակառակ կողմին առաջարկվում է ինքնուրույն ապացուցել այդ վարկածները։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: