2020.05.02,

Ստուգված է

Ապրիլի 16-30-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի երկրորդ կեսին շարունակվեցին շրջանառվել ապատեղեկատվություններ նոր տեսակի կորոնավիրուսի մասին։ Գավառի ողբերգական իրադարձություններին հաջորդեցին բազմաթիվ ապատեղեկատվություններ։ Պարզվեց նաև, որ Վլադիմիր Պուտինը չի նվագել «Ադանայի ողբը»։

COVID-19-ի ավարտը գիտնականների՞, թե՞ ծրագրի կանխատեսումն է

Ապրիլի 29-ին մի շարք կայքեր (shantnews.am, politik.am, yerkir.am և այլն) գրեցին, թե Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի մասնագետները, ուսումնասիրելով COVID-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ։ Համաձայն այդ կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է և լիովին կչեզոքացվի օգոստոի 19-ին։

Լուրը հայկական տիրույթում հայտվնել էր ռուսական աղբյուրներից՝ rusarminfo.ru, news.mail.ru։ Նույն բովանդակությունը հրապարակելիս iravunk.com-ը վերնագրեց՝ «Ե՞րբ կորոնավիրուսը կլքի տարբեր երկրները․ Համաճարակաբանների կարծիքները»։

Պարզվում է, չափազանցություն է համաճարակաբանների և մասնագետների կանխատեսում ձևակերպումները։ Կանխատեսումներ անողը վերը նշված ինստիտուտի Տվյալների վրա հիմնված նորարարության լաբորատորիայի ստեղծած կայք է։ Այստեղ հստակ նշված է, որ կայքը բացառապես կրթական և հետազոտական նպատակներ ունի և գուցե պարունակի սխալներ։ Իսկ կանխատեսումները կատարվել են համաճարակները չափելու մոդելի կոդերով և Our World in Data կայքում առկա կորոնավիրուսի հաստատված դեպքերի բազայի հիման վրա։

Ի դեպ, օրեր առաջ media.am-ը անդրադարձել էր մի շարք դեպքերի, երբ լրատվականները գրեթե բառացիորեն թարգմանել էին COVID-19-ի մասին ապատեղեկատվությունները։

Գումարի դիմաց մահվան պատճառը կորոնավիրուս չեն գրում

Ապրիլի երկրորդ կեսին Ֆեյսբուքում տեղեկություն շրջանառվեց, թե Հայաստանում ինֆարկտից մահացած անձի հարազատներին դիահերձրանում առաջարկել են 100,000 դրամ՝ մահվան պատճառը կորոնավիրուս գրանցելու համար։ Նաև նշվում էր, որ անկախ հարազատների որոշումից, մահը գրանցվել է իբրև կորոնավիրուսի հետևանք։ Ըստ նույն տեղեկության՝ Առողջապահության նախարարությունից հրահանգ կա՝ բոլոր ջերմողներին գրանցել որպես COVID-19-ի վարակակիր։

Infocheck.am-ը հայտնեց, որ տարածվող լուրերը իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Ու հավելեց, որ նույնաբովանդակ կեղծ լուր տարածվել էր նաև ռուսական մեդիադաշտում։

Թեմային անդրադարձել էր նաև «Փաստերի ստուգման հարթակ»-ը ու պարզել, որ լուրի շրջանառությունը փչացած հեռախոս խաղի մոդելով է։ Լուրի սկզբնաղբյուր, կորոնավիրուսի՝ արհեստածին լինելու մասին կասկածելի թեզեր շրջանառող Նունե Ներսիսյանը իր գրառման մեջ նշել էր, որ տեղեկության աղբյուրը հայտնել է իր հարազատի հետ տեղի ունեցած դեպքի մասին։ Մինչդեռ պարզվում է, որ տվյալ աղբյուրը խոսել է իր ծանոթի մորաքրոջ հարևանի մասին։ Իսկ ծանոթի հետ, ըստ աղբյուրի, հնարավոր չէ կապ հաստատել։

Նորատուսցիները չէին հարձակվել Հանրապետական հիվանդանոցի վրա

Գավառ քաղաքում ապրիլի 28-ի կրակոցներին և դրան հաջորդող զարգացումներին, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում, հաջորդեցին չճշտված լուրերը։ Նույն օրը, վենդետա իրականացնելու համար, սպանված կողմի հարազատները ներխուժել էին հիվանդանոց և ծանր վնասվածքներ հասցրել մյուս կողմին։

Այս տագնապալի իրադարձությունների ֆոնին ապրիլի 29-ի երեկոյան Hraparak.am-ը գրեց, թե տեղեկություն են ստացել, որ արյունահեղությունը Երևանի հանարապետական հիվանդանցում է շարունակվում։ Այս անգամ էլ հարազատները հարձակվել են հիվանդանոցի ու նաև բժշկի վրա: Սակայն, այս լուրը կարճ ժամանակ անց Armtimes.com-ին տրված մեկնաբանությամբ հերքել էր Ոստիկանությունը:

Պուտինը չի նվագել «Ադանայի ողբը»

Ապրիլի 24-ին համացանցում տասնյակ հազարավոր օգտատերեր տարածեցին տեսանյութ, որում իբրը թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնամուրով նվագում է «Ադանայի ողբը»։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ այս տեսանյութը մոնտաժված է։ Այն նկարահանվել է 2017 թ․ մայիսի 14-ին Չինաստանում, երբ Պուտինը  սպասում էր նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։

Այդ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը ներկայացել էր մի փոքր ավելի վաղ և որոշել սպասումը «լրացնել» դաշնամուր նվագելով՝ հնչել էին «Մոսկովյան պատուհաններ» (Московские окна) և «Քաղաքը ազատ Նևայի վրա»  (Город над вольной Невой) ստեղծագործությունները։

Հերքումներ

❌ Արարատ Միրզոյանի օգնականը հերքել է Ազգային ժողովում կորոնավիրուսով վարակված անձանց մասին լուրերը։
❌ Hraparak.am-ը լուր էր հրապարակել, թե Սերժ Սարգսյանը ԱԱԾ մեկուսարանում «մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ և որ հանդիպման կազմակերպիչն ու հովանավորը Նիկոլ Փաշինյանն է եղել։ Երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակների պատասխանատուները 168.am-ի հետ զրույցում հերքել են այս լուրը։
❌ԱԻՆ-ն էլ տեղեկացրել է, որ նախարարությունն օդանավ չունի։ Մինչ այդ լրատվականները, վկայակոչելով ռուսական աղբյուրների, տեղեկություններ են տարածել, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *