2020.04.22,

Ստուգված է

Լրատվականները գրեթե բառացիորեն թարգմանում են COVID-19 մասին ապատեղեկատվությունը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վերջին շաբաթների ընթացքում հայկական լրատվական կայքերը տարածում էին արտասահմանյան լրատվամիջոցներից գրեթե բառացիորեն թարգմանված հոդվածները COVID-19 համավարակի մասին։ Հաճախ դրանք ոչ ճիշտ տվյալներ էին պարունակում կամ խեղաթյուրված էին։ Media.am-ը առանձնացրել է երեք նման դեպք։

«Իրավունք»-ը թարգմանեց կայսերական գաղափարներով ռուս քաղաքագետի անհիմն պնդումները

Ապրիլի 13-ին Iravunk.am-ը թարգմանեց քաղաքագետ Իգոր Պանարինի՝ ռուսական Business-gazeta.ru կայքում տպագրված հարցազրույցից մի հատված։ Այդ հարցազրույցը ներկայացնում էր դավադրության տեսությունների մի ամբողջ փունջ՝ սկսած կորոնավիրուսի՝ կենսաբանական զենք լինելուց մինչև ՆԱՏՕ-ի զինվորների գաղտնի պատվաստումներ։

Iravunk.com-ը թարգմանել էր առաջին երեք հարցերն ու պատասխանները, իսկ վերնագիրը փոխել էր։ Ռուսական հոդվածը վերնագրված էր «Իգոր Պանարին․ «COVID-19 գործողություն․ խաղ՝ Պուտինին, Թրամփին և Սի Ցզինպինին գահընկեց անելու համար»։ Հայկական տարբերակում հոդվածը վերնագրված էր «Ենթադրվում է,որ կորոնավիրուսի մշակման աշխատանքների պատվիրատուն էր Ջորջ Սորոսը»։

Հայտնի ներդրող Ջորջ Սորոսը հաճախ է հիշատակվում Iravunk.am-ում․ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայքի 16 հոդվածներում այս կամ այն կերպ ձևակերպված է Սորոսի մասին հայտնի դավադրության տեսությունը։

Business-gazeta.ru-ն գործում է Թաթարստանի Կազան քաղաքում։ Վերջին շաբաթների ընթացքում պարբերականը հրապարակել է կորոնավիրուսի մասին ոչ ճշգրիտ տեղեկություն, օրինակ՝ տարածել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյուկ Մոնտանյեի սխալ պնդումները վիրուսի ծագման մասին։

Իգոր Պանարինը, ում հարցազրույցը թարգմանել էր Iravunk.am-ը, ռուս քաղաքագետ է։ Նա առաջարկել է ստեղծել Եվրասիական Ռուսաստան կառույցը (Евразийская Русь), որը հիմնված կլինի «Մոսկվա՝ երրորդ Հռոմ» դոկտրինի վրա և «Սուրբ Ռուսաստան՝ սուրբ հավատքի մտահղացման պահապան տիեզերական մտքի վրա»։

Պանարինը նաև առաջարկել է այդ Եվրասիական Ռուսաստանին միացնել հարևան երկրները, այդ թվում Հայաստանը։

News.am-ը թարգմանեց ռուս բժշկի չճշտված եզրակացությունները

Ապրիլի 18-ին news.am-ի բժշկական հավելվածը՝ med.news.am-ը թարգմանեց ռուսական newsru.com կայքում լույս տեսած ախտաբան (պաթոլոգ) Ալեքսանդր Էդիգերի հարցազրույցը։ Տեքստը med.news.am-ում թարգմանված էր որոշ կրճատումներով։

Էդիգերը պնդում էր, թե կորոնավիրուսի հետևանքով զարգացող թոքերի հիվանդությունը ամենևին էլ թոքաբորբ չէ։ Սակայն իր բոլոր եզրակացությունները ռուս բժիշկը արել էր ընդամենը 15 պացիենտի տվյալների հիման վրա, ինչը տվյալների չափազանց փոքր քանակ է որևէ պնդում անելու համար։

Ռուսական հոդվածը պարունակում էր նաև վիրուսի հետ կապված մի շարք այլ պնդումներ, որոնք med.news.am-ը նույնպես թարգմանել էր։ Այդպես, ասվում էր, թե կորոնավիրուսով հիվանդների մոտ կարող է զարգանալ թոքային իդիոպատիկ ֆիբրոզ, սակայն դեռ բավարար տվյալներ չկան վստահ լինելու համար։ Բավարար տվյալներ չլինելու մասին նախադասությունը հայերեն թարգմանությունում կրճատվել էր։

Միայն News.am-ի ֆեյսբուքյան էջից չճշտված տվյալներ պարունակող այս հրապարակումով կիսվել են ավելի քան 2,000 անգամ։ Ռուս բժշկի պնդումները մասամբ թարգմանեց նաև Lurer.com-ը։

Ի դեպ, News.am-ը ռուս բժշկի խոսքերը բնօրինակից չէր թարգմանել։ Newsru.com-ը դրանք նույնությամբ վերատպել էր osnmedia.ru կայքում հրապարակված հարցազրույցից։ Այդ կայքում նշվում է, որ Էդիգերը «Ուժեղ Ռուսաստան» շարժման անդամ է։

«Ուժեղ Ռուսաստան»-ը հասարակական շարժում է, որի նախագահ Ալեքսանդր Ցվետկովը կապ ունի ուժային կառույցների հետ, ղեկավարում է հայտնի «Ռուսաստանի սպաներ» կազմակերպությունը, բայց երբեք չի ծառայել բանակում։

НТВ-ի հոդվածը թարգմանվեց գրեթե բառացի

Ապրիլի 19-ին «Շանթ» հեռուստաընկերության shantnews.am կայքը հրապարակեց ռուսական НТВ-ի հոդվածի թարգմանությունը։ «Շանթը» կրճատել էր վերջին  պարբերությունը և մի քանի բառակապակցություն բաց թողել, սակայն դա էլ բավական էր, որ տեղեկությունը զգալիորեն խեղաթյուրվի։

НТВ-ի հոդվածը մեջբերում էր ամերիկյան Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Անչա Բարանովայի խոսքերը այն մասին, որ կորոնավիրուսային հիվանդությունը ծանր տարած պացիենտներից «երիտասարդները չեն կարողանում մարաթոն վազել, իսկ տարեցները աստիճաններով բարձրանալիս շնչարգելություն են ունենում»։

«Շանթը» չէր թարգմանել «մարաթոն» բառը (հավանաբար, տեխնիկական վրիպակի պատճառով), արդյունքում հայտնելով, որ COVID-19-ի բարդ ընթացքից հետո երիտասարդները այլևս չեն կարողանում վազել։

Բարանովան զգուշացրել էր, որ սա վերաբերում է միայն ծանր պացիենտներին, այն էլ  միայն նրանց, ում «բախտը հատկապես չի բերել»։ Թարգմանության մեջ սակայն այս կտորը փոքր-ինչ անհասկանելի է՝ ասվում է, որ «սա տեղի է ունենում առանձնակի ծանր դեպքերի մոտ և հատկապես ում բախտը չի բերել»:

«Շանթի» թարգմանությունը նույնությամբ վերատպել էր blog.168.am-ը։ Լրատվականը չէր համեմատել թարգմանությունը բնօրինակի հետ և կրկնել էր սխալը, որը թույլ էր տվել «Շանթը»։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *