Չինաստանում ծագած նոր տեսակի կորոնավիրուսից աշխարհը դեռ չազատված, լրատվականներում տարածվեց նույն Չինաստանում «բռնկված նոր մահաբեր վիրուսի» լուրը։ Հանթավիրուսով գրանցված մահվան դեպքի մասին մարտի 24-ին Twitter-ում առաջինը գրեց տեղական, անգլալեզու Global Times-ը։
Թվիթում մասնավորապես ասված էր, որ մարտի 23-ին Յունան նահանգում Շանդոնգ նահանգից աշխատանքից վերադարձի ճանապարհին ավտոբուսում մահացած մարդու մոտ հայտնաբերվել է հանթավիրուս, իսկ մյուս 32 ուղևորները թեստավորվել են։
Նույն թվիթի մեկնաբանություններում անհանգստություններից ու մեմերից բացի, որոշ օգտատերեր տեղեկացրեցին, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ սա նոր տեսակի վիրուս չէ, մարդուց մարդ փոխանցվելու հավանականությունը շատ փոքր է, գոյություն ունի դրա դեմ պատվաստանյութ և այն երկրորդ կորոնավիրուս դառնալու շանսեր չունի։
Անգլալեզու մամուլի անդրադարձը
Բացի լայնորեն տարածված թվիթից, լուրի սկզբնաղբյուր Global Times-ը մահվան դեպքին և վիրուսին անդրադարձավ կայքում՝ տրամադրելով լրացուցիչ մանրամասներ և Ուհանի համալսարանի վիրուսաբանի մեկնաբանությունը, համաձայն որի․
- Վիրուսը նոր չէ և մեծամասամբ չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, իսկ վարակի աղբյուրը առնետների հետ անմիջական շփումն է կամ դրանց կրծոտած սննդից օգտվելը։
- Անհանգստանալու կարիք չկա, քանի որ այս հիվանդությունը կանխարգելելի է, կառավարելի և գոյություն ունի դրա դեմ պատվաստանյութ։
Ուշագրավ է, որ ամերիկյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ը հակառակ պնդումն է անում, համաձայն որի չկա այս վիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն, վաղ ախտորոշելու և ինտենսիվ բուժման դեպքում հնարավոր է բուժում։ Կենտրոնը նաև տեղեկացնում է, որ հանթավիրուսով հնարավոր է վարակվել ոչ միայն առնետներից, այլև կրծողների այլ տեսակներից։ Վիրուսը պահպանվում է դրանց մեզի, կղանքի և թքի մեջ, իսկ մարդը կարող է վարակվել դրանց հետ անմիջական շփումից կամ աղտոտված օդը շնչելով։
Global Times-ի թվիթն արագ արձագանք գտավ մի շարք անգլալեզու լրատվականներում։ Լուրին անդրադարձավ ամերիկյան New York Post-ը։ Կայքին մեկնաբանություն տված շվեդ փորձագետը տեղեկացրեց, որ մահվան պատճառ հանդիսացած վիրուսն առաջացել է 1950-ականներին ամերիկա-կորեական պատերազմի շրջանում՝ Կորեայում։
Լուրին առաջին անդրադարձածներից էր թուրքական «Անադոլու» գործակալությունը, որը սխալմամբ պնդեց, թե այս վիրուսի առաջին դեպքը գրացվել է 1993-ին՝ ԱՄՆ-ում։
Տարածվող լուրերի բովանդակությունը նույն օրը ստուգեց փաստերի ստուգմամբ զբաղվող Snopes.com-ը։ Կայքը մասնավորապես պարզեց, որ հազվադեպ հանդիպող, Չինաստանում միայն մեկ մարդու մահվան պատճառ դարձած վիրուսը ոչ նոր հիվանդության բռնկում է, ոչ էլ նոր երևույթ։ Առաջին անգամ հանթավիրուսի դեպքերը գրանցվել են Կորեկան պատերազմի ժամանակ, իսկ դրա ամենահաճախ հանդիպող ենթատեսակը, ըստ ամերիկյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի, 1993-ին գրացնվել է ԱՄՆ-ում։
Այս վիրուսի մասին WhatsApp-ով տարածվող հաղորդագրություններին մարտի 25-ին անդրադարձավ բրիտանական The Independent-ը՝ դրանք համարելով մոլորեցնող։ Նույն բրիտանական Express.co.uk-ն էլ խուճապային վերնագրով էր անդրադարձել լուրին՝ «Հանթավիրուս, Չինաստանում անհանգստացնող կերպով տարածվում է մահաբեր նոր վիրուսը»։
Ուշագրավ է, որ այս հրապարակման մեջ կա հակասություն․ թեև թվիթին հղում տալով կայքը գրում է, թե ավտոբուսում եղած 32 ուղևորները թեստավորվել են, հաջորդ նախադասության մեջ էլ նույն թվիթին հղում տալով հակասում, թե անձի հետ ճանապարհ գնացածներից տենդի ախտանշաններ ունեցող միայն երկուսն են թեստավորվել։ Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց հայկական լրատվականին հրապարակումը դրաձնել իր լուրի սկզբնաղբյուր։
Լուրը տարածվեց հայկական լրատվականներում
Express․co.uk-ին հղում տալով` panorama.am-ը նյութը վերնագրեց՝ «Չինաստանում տարածվում է նոր մահացու վիրուս՝ հանտավիրուս»: Տարածվել բառն այս դեպքում խնդրահարույց է, քանի որ բացի արձանագրված մահվան մեկ դեպքից կայքը վիրուսի «տարածման» այլ դեպքերի մասին չի հայտնում։
Իհարկե, Panorama.am-ը միակը չէր, որ շուրջ 70 տարի գոյություն ունեցող վիրուսն անվանեց «նոր»։ Հայկական լրատվականներում վիրուսի մասին իրար կրկնող բովանդակությունները մեծամասամբ ունեին խուճապային և մոլորեցնող վերնագրեր, որոնք հաճախ հակասում էին բովանդակությանը։
Նոր անվանողներից էր 168.am-ը։ Նույն բովանդակությունն ու վերնագիրը հանդիպում ենք politik.am-ի, yn.am-ի, մի փոքր այլ ձևակերպմամբ էլ arenanews.am-ի մոտ։ Իսկ ահա 1in.am-ի նմանաբովանդակ վերագրով նյութում միանգամից երկու սխալ պնդում արեց․ նախ սա հանթավիրուսից գրանցված առաջին մահվան դեպքը չէ, երկրորդ՝ հիվանդության դեպքեր մինչ այս միայն Արգենտինայում և Չիլիում գրանցված չեն եղել:
Վիրուսը նոր անվանողների թվում է նաև 5-րդ ալիք հեռուստաընկերությունը, որը ահասարսուռ ոճով հայտարարեց, թե «Ու մինչ աշխարհը ծնկի է եկել կորոնավիրուսից, Չինաստանի Յունան շրջանում նոր վիրուս է հայտնվել ու արդեն հասցրել մարդու մահվան պատճառ դառնալ»։ Թեև լուրում, հղում անելով Չինական լրատվամիջոցներին, ասում են, թե այս վիրուսը ԴԵՌ մարդուց մարդ չի փոխանցվում, բայց վիրուսի ուսումնասիրած փորձագետները փաստում են, որ դեռ-ի խնդիր չկա։
Newmedia.am-ին հղում տալով Irakanum.am-ն էլ ոչ այնքան իրական բովանդակություն տարածեց, իբրև «Կենդանական ծագման վիրուսի բուժման համար դեղորայք չկա»։ Hayeli.am-ի տագնապալի՝ «Արտակարգ. Չինաստանում նոր վիրուս է տարածվել. կա մահ» վերնագիրով նյութում, օգտվելով Новое время-ի հրապարակումից, պնդեց` վիրուսի դեմ պատվաստանյութ չկա։
Tesaket.info-ն էլ ավելի սենսացիոն վերնագիր ընտրեց` «Չինաստանում նոր վիրուս է ի հայտ եկել, որից արդեն մարդ է մահացել. Global Times», իսկ նյութում սփոփեց՝ «Հայտնի է՝ հանտավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում և համաճարակային վտանգ չի ներկայացնում»։
Hraparak.am-ը, առանց կոնկրետ աղբյուր մատնանշելու, գրեց՝ «Բժիշկները կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ հանտավիրուսը չի կարող հաստատապես դառնալ «կորոնավիրուս 2»։ Խուճապի չմատնվելու կոչ է արեց med.news.am-ը «Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը. Սա ամենևին նոր համաճարակ չէ»։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: