2020.03.18,

Ստուգված է

Կորոնավիրուսի թեմայով հերքումների առաջատարները

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում պաշտոնապես գրանցվեց մարտի 1-ին։ Դրան հաջորդեց Իտալիայից ժամանակ անձի՝ Վաղարշապատում նշանադրության մասնակցելն ու կորոնավիրուսի մեծ թափով տարածումը։

Նոր տեսակի վիրուսը տարածվեց՝ իր հետ բերելով անհանգստությունների և կեղծ լուրերի մեծ ալիք։

Media.am-ն ուսումնասիրել է մարտի 1-16-ն ընկած ժամանակահատվածում հայկական մի քանի լրատվական կայքերի ձեռագիրը կորոնավիրուսի լուսաբանման հարցում։ Կայքերի ընտրության համար ուսումնասիրել ենք արդեն իսկ հերքված լուրերը, պարզել դրանց սկզբնաղբյուրները: Հենց հերքված լուրերի հիման վրա էլ կատարվել է կայքերի ընտրությունը։

Hraparak.am

Hraparak.am-ը նոր տեսակի կորոնավիրուսը ակտիվ լուսաբանող և բացառիկ տեղեկատվություն հրապարակողների շարքում գլխավորներից է։ Լրահոսում տեղ են գտնում պաշտոնական և միջազգային տեղեկատվությունը և սոցցանցերում շրջանառվող լուրերը։

Այսպես, կայքը Ֆեյսբուք սոցցանցից՝ առանց ստուգելու, հրապարակել է Նարեկ Սամսոնյան օգտատիրոջ գրառումը, իբրև վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն իր ընտանիքի հետ Սևանում է։ Այս լուրը հերքել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը:

Կայքը զերծ չի մնում խաբուսիկ բովանդակությունից և վերնագրերից։ Օրինակ, վերնագրում կարդում ենք՝ «Գագիկ Ծառուկյանը Նիվա նվիրեց առաջին կորոնավիրուսով վարակված մարդուն», իսկ բովանդակության մեջ պարզում, որ սա ընդամենը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կատակն է։

Բացի այս, hraparak.am-ը հրապարակում է մի քանի սենսացիոն նյութեր, որոնք ամբողջապես կամ մասնակի հերքվում են.

  • Կայքը գրում է, իբրև Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը հեռացել է Հայաստանից՝ Դանիայում ծննդաբերելու համար, որ երեխան այդ երկրի քաղաքացի լինի, իսկ գործընկերոջ կորոնավիրուսով վարակվելու փաստն արագացրել է նրա մեկնումը։ Ավելի ուշ Ռևազյանը հաստատում է մեկնելու փաստը, սակայն, հերքում՝ լրատվամիջոցի «գտած» պատճառահետևանքային կապերը։
  • Լրատվամիջոցը լուր է տարածել, թե «Կենտրոն» թաղապետարանի աշխատակցին կորոնավիրուսի ախտանիշով տեղափոխել են հիվանդանոց։ «Փաստերի ստուգման հարթակը»-ը պարզել է, որ աշխատակիցն իսկապես մեկուսացվել է վարակակրի հետ շփումից հետո, բայց ոչ կորոնավիրուսի ախտանիշներով։
  • Մեկ այլ վերնագրում էլ կայքը հարց է բարձրացնում․ «Էջմիածնեցի կնոջ բժիշկը քաղաքապետի մա՞յրն է եղել»։ Իրենց հասած տեղեկություններով, այո, սակայն նույն նյութում այն հերքում է Դիանա Գասպարյանի մայրը։ Այս լուրը իր ֆեյսբուքյան էջում հերքում է նաև Գասպարյանը։

Ի դեպ, Hraparak.am-ն իր հերթին փաստերի ստուգում է կատարել ու պարզել, որ infoport.am-ի տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը. Էջմիածնի հայտնի նշանադրությանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի որդիներն ու հարսը չեն մասնակցել։

Hayeli.am

Hayeli.am-ը նույնպես COVID19-ի բավական ակտիվ լուսաբանողներից է։ Կայքում կորոնավիրուսի թեմայով հիմնականում վերատպումներ են այլ կայքերից՝ հաճախ ապակողմնորոշող վերնագրերով։

Օրինակ, չորշակիացված վերնագրով նյութի բովանդակությունը կարդալիս պարզ է դառնում, որ կորոնավիրուսով առաջին մահվան և վարակվածության 4 նոր դեպքը գրանցվել է ոչ թե Հայաստանում, ինչպես կարող էր թվալ վերնագրից, այլ՝ Ադրբեջանում։ Նույն սկզբունքով, վիրուսի 41 նոր դեպք է գրանցվել ոչ թե Հայաստանում, այլ՝ Մալազիայի մայրաքաղաքում, իսկ 250 մարդ մահացել է Իտալիայում։

Առողջապահության նախարարությունը հերքել է կայքի ահազանգը, թե մանկական հիվանդանոցում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված երեխա կա։

Նկատենք, որ այս հրապարակումից օրեր անց՝ մարտի 15-ին ԱՆ-ից տեղեկացրել են կորոնավիրուսով վարակված դպրոցականի մասին։ Մեկնաբանություններից և առանձին գրառումից պարզ է դառնում, որ այն Էջմիածնի նույն շրջանակից է և կապ չունի hayeli.am-ի նկարագրած դեպքի հետ, ըստ որի վարակվածը 15-ամյա պատանի է, որը մրցումների էր գնացել Վրաստան։

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան բովանդակությանը, այն առանց ստուգելու կայքը արտատպում է` խուճապային վերնագրերով։ Օրինակ, «Շտապ. Դատարկում-էվակուացնում են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը. ուսանողներին տարհանում են»։ Տարհանման լուրը հերքել է ՊՆ-ի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վերջինս պարզաբանել է, որ վարժարանն աշխատում է ավագ դպրոցի ծրագրով, հետևաբար, մյուս կրթական հաստատությունների նման այստեղ էլ դասերը դադարեցված են մինչև մարտի 23-ը։ Իսկ ավեի ուշ ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները մեկուսացվել են ռազմամարզական վարժարանի տարածքում։

Iravunk.com

Թեման ակտիվ լուսաբանողներից հաջորդը Iravunk.com-ն է, որը նույնպես որպես լուրջ լուր հրապարակել է ԲՀԿ առաջնորդի՝ Նիվա նվիրելու մասին կատակը։ Մեկ այլ հրապարակմամբ էլ լուրջ-լուրջ դավադրության կարծիքը ներկայացրել, թե կորոնավիրուսի արդյունքում աշխարհում 26 միլիոն մահացության դեպք է նախատեսված։

Դավադրության տեսության հաջորդ քայլն էլ խուճապն է։ Կայքն առանց փաստական հիմքի, միայն մեկ անհասկանալի լուսանկարով և ֆեյսբուքյան մի շարք գրառումներ վկայակոչելով գրում է, թե  որոշ խանութներում իսկական խուճապ է, անգամ, «բանը հասել է իրար ձեռքից հաց խլելուն, իսկ մի շարք վաճառակետեր մեկ հացից ավել անձին չեն տալիս»։

Iravunk.com-ի տարածած ոչ իրական ու սխալ տեղեկությունները․

  • «Ryanair-ից քաշվածները» նյութում սխալ տեղեկություն է տարածել, իբրև ավիաընկերությունը չեղարկված թռիչքների տոմսի գումարը չի վերադարձնի գնողին:
  • Իրականության հետ աղերս չունի կայքի տեղեկությունը, թե ազատ օրերի պատճառով դասախոսների և մանկավարժների աշխատավարձերը կրճատվելու են։

Ի դեպ, Iravunk.com-ը կարծես առանձնակի ուշադրություն չի դարձնում նյութի աղբյուրներին։

Օրինակ,  չհստակեցված աղբյուրով առանձնացրել է 10 ամենամահացու վիրուսները, իսկ «թայվանի փորձագետներ»-ին հղում տալով էլ առաջարկել է 10 վայրկյան շունչը պահելու շնչառական թեստով որոշել կորոնավիրուսի վարակակիր ես, թե՝ ոչ։

Կորոնավիրուսից բուժվելու համար էլ  տարբերակ է առաջարկել պատգամավորից․ միայն հոդվածը բացելուց հետո է պարզ դառնում, որ վիրուսի դեմ «​​​​​​​բաղնիք, ալկոհոլ և սեքս» միջոցներն առաջարկել է ոչ թե Հայաստանի, այլ Ուկրաինայի պատգամավորը։

168.am

168.am-ը բազմակողմանի լուսաբանում է կորոնավիրուսի նորությունները, որոնց շարքում բավական մեծ ծավալ են կազմում վիրուսի աշխարհում տարածվելու լուրերը։ Սակայն, կայքում, կան նաև մեկ կարծիքի կամ մեկ աղբյուրի վրա հիմնված ու չփաստարկված նյութեր։

Կայքն առանց ստուգելու պարզապես արտատպել է Հրանտ Մելիք-Շահնազարյան օգտատիրոջ գրառումը, թե Արսեն Թորոսյանի հրամանով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը մեկուսացման մեջ է, քանի որ այնտեղ խայտառակ վիճակ է և չխայտառակվելու համար չեն թույլատրում նկարահանումներ։ Այս գնահատականները, ինչպես պարզվել է, մանիպուլյատիվ են։

168.am-ի մեկ այլ խաբուսիկ հոդվածին արձագանքել է «Տեղեկատվության ստուգման կետրոն»-ի կայքի համակարգող Ռաֆայել Աֆրիկյանը ու գրել․ «Ուրեմն էս 168 Hours կայքը գրել ա, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ու հղում ա անում Lenta.ru կայքին, որտեղ գրած է, որ դա ՍՈՒՏ Է։ Դե իսկ 168-ի դրած նկարի մասին եզրակացությունը թողնում են ընթերցողին..»։

Այս նյութի վերնագիրը ենթարկվել է խմբագրման, ինչի մասին նշումը կայքում առկա է։

168.am-ի աղբյուրների հետ աշխատանքի ուշագրավ օրինակ է նյութը, որտեղ բացատրվում է, թե ինչպես ճիշտ մաքրել սմարթֆոնները, որոնք ևս կարող են փոխանցել կորոնավիրուս։ Այս նյութի 5 պարբերություններից յուրաքանչյուրը մեկ աղբյուրի է հղում անում, սակայն հղումներից ոչ մեկն ակտիվ չէ։

Իսկ տունը կորոնավիրուսից պաշտպանելու բժիշկների խորհուրդները առավել անհասկանալի՝ «Fenghuang van տեղեկատվական պորտալ»-ից են։ Google որոնողական համակարգը նման տեղեկատվական պորտալի մասին տեղեկություն չգտավ, իսկ Ֆեյսբուքում մեզ հաջողվեց գտնել համանուն «Fenghuang» չինական խոհանոց առաջարկող ռեստորան։

Կորոնավիրուսի շուրջ տարածվող կեղծ տեղեկատվությունը, անշուշտ, այս լրատվականներով և մեջբերված օրինակներով չի ավարտվում։

Օրինակ, ներառված չէ հայկական լրատվամիջոցներով տարածված МСМ News կեղծ կայքի խայծ-լուրը, թե իբրև Հռոմի պապը կորոնավիրուսով է վարակված։ CivilNet.am-ի արդեն հեռացված հրապարակումը, իբրև Գարեգին Բ կաթողիկոսը ստեղծված իրավիճակից ելնելով լքել է երկիրը և շատ ու շատ այլ լուրեր։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *