2019.10.24,

Ստուգված է

Հանրայինի զուսպ անդրադարձը օրակարգային երեք թեմաների

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ը հոկտեմբերի ընթացքում առանձնացրել է երեք դեպք, երբ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագիրը հասարակական-քաղաքական օրակարգային հարցերին անդրադարձել է պաշտոնական կողմի հրապարակային արձագանքից հետո։

Մենք դիտարկել ենք կատարված իրադարձության և դրան հաջորդող օրվա Հանրային հեռուստակներության «Լուրեր» յություբյան էջում տեղադրված բոլոր լրատվական և վերլուծական թողարկումները։

Աշխատավարձերի բարձրացման գաղտնի հանձնարարականը

Հոկտեմբերի 21-ին Հետքը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որով բացահայտեց վարչապետի՝ հուլիս ամսվա գաղտնի հանձնարարականը, ինչի արդյունքում էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Հանձնարարության գաղտնիության մասը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, ասելով. «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Ավելին, հայտարարագրերի մասին հիշեցնելով նա փաստել էր, թե «վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Այս լուրը լայն քննարկումների, քննադատությունների, մեղադրանքների ու նախկին կառավարության գործելաոճի հետ զուգահեռների առիթ դարձավ, բայց այս փուլում դեռ չհետաքրքրեց Հանրային հեռուստաընկերությանը։

Հանրային հեռուստաընկերությունը թեմային անդրադարձավ լուրի հրապարակումից 24 ժամ անց՝ հոկտեմբերի 22-ի ժամը 17։00-ի և ժամը 19։00-ի թողարկումներում, երբ խորհրդարանական ուժերը արձագանքեցին  այս հրապարակմանը։

Ու թեև դեռ չկար պատասխանատու որևէ պաշտոնյայի հաստատումը, թե սա ոչ թե աշխատավարձի բարձրացում է, այլ հավելավճար, բայց Հանրայինը որոշեց լուրին տալ հաստատական խորագիր՝ «Խորհրդարանական ուժերը՝ նախարարների հավելավճարների մասին»։

Արդեն նույն օրվա Լուրերի գլխավոր թողարկման  ժամանակ նախարարների աշխատավարձի բարձրացման հարցը դառնում է օրվա երկրորդ կարևորության լուրը։

Նախորդ թողարկումներում ներկայացվածին ավելանում է վարչապետի մամուլի խոսնակի՝ լուրի հրապարակումից ու շրջանառությունից միայն մեկ օր անց արված ֆեյսբուքյան արձագանքը, որտեղ Վլադիմիր Կարապետյանը անհեթեթություն ու մեղադրանք է որակում լուրը, թե «թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ»։

Սարհատ Պետրոսյանի հրաժարականը

Հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառումով հայտարարեց իր հրաժարականի դիմումի մասին։

Գրառման մեջ նա տվեց անուններ ու ակնարկեց հրաժարականի դիմումի հիմքում ընկած խնդիրների մասին։

Սարհատ Պետրոսյանը որպես պատճառ նշեց, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում։ Հայտարարեց. «Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։

Քաղաքաշինության բնագավառի հետընթացը նա կապեց Քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների «քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների» հետ։ Ավելին, փակագծում հիշեցրեց, որ նախկին ղեկավարն այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է։

Լուրը լայնորեն քննարկվեց, ակնարկված խնդիրները շրջանառվեցին, դրվեցին լայն ու նեղ համատեքստերում, բայց այսքանի հետ մեկտեղ այն դուրս մնաց Հանրային հեռուստաընկերության լրատվական օրակարգից։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի թողարկումներում ոչ մի բառ չկա հրաժարականի, դրանում խոսվող խնդիրների մասին։

Ի դեպ, հոկտեմբերի 18-ի լուրերի գլխավոր թողարկման մեջ կա դեպք, երբ լրատվականն անդրադառնում է թեմայի՝ առանց ակնհայտ լրատվական առիթի։ Խոսքը 2001-ի Պողոս Պողոսյանի սպանության դեպքի մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը ծեծելով սպանել էր նրան «Պրիվետ, Ռոբ» կամ «Բարև, Ռոբիկ»-ով դիմելու համար։ Լուրը ներկայացվում է, իբրև «նոր բացահայտումներ», բայց անհասկանալի է, թե նորը ի՞նչն էր՝ վկա Ստեփան Նալբանդյանի բացառիկ հարցազրույցը՞, թե՞ ցուցմունքը, որը ինչպես ձևակերպված է նյութում՝ Նալբանդյանը «պատրաստ է կրկին վկայություն տալ»։

Հրաժարականի լուրին անդրադարձ է եղել հոկտեմբերի 21-ի ժամը 17։00-ի թողարկման մեջ՝ առանց հրաժարականի պատճառների մասին խոսելու, լուրերի մեկնաբանը կարդացել է հետևյալ տեքստը․ «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մեկ այլ թեմայի` Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ազատման դիմումի հարցին, ասել է, որ Պետրոսյանի գործելաոճի տրամաբանությունն իր համար ընդունելի չէ։ Այնուամենայնիվ, փոխվարչապետը դրական է գնահատել Սարհատ Պետրոսյանի աշխատանքը», որից հետո հեռարձակվել է Ավինյանի մեկնաբանությունը։

Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ու ասուլիսը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 8-ին LIVEnews.am-ին տված հարցազրույցում մի շարք աղմկոտ հայտարարություններ արեց ու  մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Դրանք լայն քննարկումների առիթ դարձան սոցիալական մեդիայում և տարբեր լրատվականներում։ Այս լուրը ևս դուրս մնաց Հանրայինի լրատվական օրակարգից։

Թեմային անդրադարձ եղավ հարցազրույցի հրապարակման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ի ժամը 19։00-ի թողարկման ընթացքում։ Լուրի առիթը ոչ թե բուն հարցազրույցն էր, այլ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշումը` Բալասանյանի հայտարարությունները ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ Նույն լուրը կրկնվել է նաև գլխավոր թողարկման ժամանակ։ Երկու անդրադարձի դեպքում էլ հայտարարությունների բովանդակության մասին ոչ մի մեկնաբանություն չկա։

Այս աղմկոտ հարցազրույցից հետո Վիտալի Բալասանյանը մոտ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 15-ին, ասուլիս տվեց Ստեփանակերտում։ Այս դեպքում պաշտոնական արձագանք չեղավ, թեման էլ փաստացի չհետաքրքրեց Հանրայինին։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *