2019.07.26,

Ստուգված է

Պատկերավոր․ ՄԻԵԴ-ի վճռով փոխհատուցվող գումարը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հուլիսի 25-ի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռը աննախադեպ էր փոխհատուցման գումարի ծավալով։ Այս մեկ գործով Հայաստանն ավելի շատ գումար կվճարի հայցվորին, քան վճարել է նախորդ տարիներին ընդհանուր վերցրած։

Սկսած ՄԻԵԴ-ի` Հայաստանի դեմ 2007 թվին կայացրած առաջին վճռից մինչև 2018 թիվը, Հայաստանը` որպես տանուլ տված գործերի փոխհատուցում 11 տարվա ընթացքում վճարել է 1 մլն 225 հզր եվրո։ Իսկ այս վճռով երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հզր եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին։

Գործը

«Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է դիմումատուի գույքի հարկադիր օտարմանը, որը տեղի է ունեցել 2000 թվին՝ երբ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին: 

Այս նույն գործով 2016 թվի հոկտեմբերի 27-ին ՄԻԵԴ-ը ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտումները, իսկ արդարացի փոխհատուցման հարցը թողել էր հետագա լուծման։

Յուրի Վարդանյանն ապրել է Երևան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ հողատարածք: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, ուստի, պետք է տրվի նյութական վնասի հատուցում:

54 մլն 494 հզր դրամի չափով գումար դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում։ Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած շուրջ 5 մլն 232 հզր եվրո գումարի չափը և շնորհել է 1 մլն 608 հզր եվրո, որից 6000 եվրոն՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Դատավորը

Hetq.am-ը գրում է, որ այս գործն առանձնահատուկ էր նաև նրանով, որ ՄԻԵԴ-ը, դեռ 3 տարի առաջ կայացրած վճռով, արձանագրել էր Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը թույլ է տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը` որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

36 փաստաբաններ նամակ էին ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք հանձնաժողովը հարուցել է կարգապահական վարույթ Արման Մկրտումյանի նկատմամբ: Սակայն, Մկրտումյանի նկատմամաբ այդպես էլ վարույթ չի հարուցվել:

Ինչքան մեծ է գումարը

Միայն այն, որ մեկ գործի փոխհատուցման գումարը գերազանցում է 11 տարվա վճիռների հանրագումարին, հուշում է, որ գումարը մեծ է։ Սակայն դրա մեծությունը փորձենք հասկանալ որոշ զուգահեռներով՝ մեդիա դաշտին առնչվող։  Մեդիան այս դեպքում միայն նեղ` լրատվական իմաստով պետք չէ հասկանալ։

Եվրոյի 26/07/19-ի միջին փոխարժեքը՝ 525 դրամ է, հետևաբար փոխհատուցման գումարը կազմում է՝ 844 մլն 200 հզր դրամ։

  • Հանրային հեռուստաընկերություը ՀՀ պետբյուջեից տարեկան ստանում է գրեթե 5 մլդ դրամ դրամաշնորհ։ Ստացվում է, փոխհատուցման գումարը Հայաստանի ամենամեծ մեդիա կառույցի միայն պետբյուջեից ստացվող եկամտի 1/6-րդ մասն է կազմում։
  • Նույն Հանրային Հեռուստաընկերության հաշվեկշռային արժեքը 2018-ին մոտ 10 մլն 730 հզր դրամ էր։ Ստացվում է, որ այս գումարով նույն արժեքով մոտ 79 նման կառույց է հնարավոր գնել։
  • Վերջին տարիներին հայկական ֆիլմարտադրության ամենախոշոր` «Կյանք ու կռիվ» ֆիլմի բյուջեն 150 մլն դրամ է։ Ստացվում է, որ փոխհատուցված գումարով հնարավոր կլիներ նկարահանել այս ֆիլմի բյուջեով ևս 5 լիամետրաժ ֆիլմ և դեռ գումարի ավելցուկ կլիներ։ 
  • Իսկ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի բյուջեով՝  85 մլն դրամ՝ կրկնակի շատ. գումարը կբավարեր 10 ֆիլմի։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *