2019.04.26,

Ստուգված է

Մի «սորոսականի» նկարի պատմություն

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Stop Soros Armenia ֆեյսբուքյան Էջը Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին թիրախավորող ռեսուրսներից մեկն է։ Էջը ստեղծվել է 2019թ․ մարտի 1-ին, ապրիլի 25-ի դրությամբ ունի 798 հավանում (like)։

Այս էջում տրված են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի կոնտակտային տվյալները, սակայն էջն աշխատում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հետ համագործակցող անձանց ու կազմակերպությունների վերաբերյալ վիրավորական ու ծաղրող բովանդակություն տարածելով։

Ապրիլի երկրորդ կեսին այս ֆեյսբուքյան Էջի թիրախում EVN Report կայքն է։

Որպես «սորոսական» թիրախավորված խմբագրությունը պարզվում է իրականում դրամաշնորհ չի ստացել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ից։ Նրանց ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունը հասանելի է կայքի առաջին էջում։

Ինչու՞ հենց EVN Report-ը

EVN Report կայքում “Armenia’s New Challenges: Migration, Immigration, Return, Repatriation” հրապարակման համար սկզբում տեղադրվել էր նկար, որում երևում է Հայաստանի քարտեզը, որտեղ ներառված չէր Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղը։

Stop Soros Armenia-ն, տարածելով EVN Report-ի հրապարակման սքրինշոթը, գրում է․ «սորոսի և Ամերիկյան NED կազմակերպության կողմից ֆինանսավորվող evnReport կայքը օգտագործում է առանց Սյունիքի և Արցախի քարտեզ: Կայքը Հայաստանում է և խմբագրական կազմը ազգանունով «Հայ»: Գլխավոր խմբագիրը՝ մարիա թիթիզյան Խմբագիր՝ ռուբինա մարկոսյան ՀԱԶԱՐ ԱՄՈԹԹԹԹԹ #StopsorosArmenia»։

Գրառման մեկնաբանություններում այս ֆեյսբուքյան էջի ադմինը տեղադրում է խմբագիրների ֆեյսբուքյան էջերի հղումները, էլ․ հասցեները, նաև EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանի հեռախոսահամարը։

Սրան հետևում են վիրավորանք և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ, անգամ գնդակահարության և ԱԱԾ-ին հրապարակման մասին տեղյակ պահելու առաջարկներ են լինում։

Ի՞նչ արեց խմբագրությունը և ի՞նչ եղավ հետո

Այս ընթացքում EVN Report-ի խմբագրակազմը որոշում է կայացնում փոխել հոդվածի պատկերը՝ թողնելով հետևյալ մեկնաբանությունը․ «Խմբագրի նշում․ այս նկարի նախորդ տարբերակի քարտեզը ոչ ճշգրիտ էր: Այն հեռացված է»։

Խնդիր առաջացրած նկարի մասին media.am-ի հետ զրույցում EVN Report-ի խմբագիրներն  ասացին․ «Քարտեզը ոչ մի բան չէր նշանակում, ընդամենը գրաֆիկա էր, բայց քանի որ այն վրդովվեցրեց հասարակության որոշ մասին, մենք որոշում կայացրեցինք հեռացնել քարտեզը և դրա մասին շատ պարզ գրել ենք»։

EVN Report-ում նկարի փոփոխման մասին Stop Soros Armenia-ին օգատերերից մեկը մեկնաբանություններում տեղյակ է պահում։ Նրանք էլ պատասխանում են․ «Ջնջեցին առանց ներողություն խնդրելու: Բայց screenshotը կա»։

Էջի ադմինը իր լսարանին տեղյակ չի պահում, որ կայքը փոխել է հրապարակված պատկերը ու հատուկ գրառում է կատարել այդ մասին։

Stop Soros Armenia էջում գրառումը արվել էր ապրիլի 18-ին, բայց մինչև այսօր այն ակտիվ տարածվում է Ֆեյսբուքում։ Էջի Info and Ads ֆունկցիայի օգնությամբ պարզ է դառնում, որ այն վճարովի գովազդվում է Ֆեյսբուքում։ Այս գրառումը ապրիլի 25-ի 22:30-ի դրությամբ արդեն կիսվել է 104 անգամ։

Արդյունքում․ եթե մարդը չբացի և չկարդա Stop Soros Armenia-ի գրառման մեկնաբանությունները, EVN Report-ի կայքում չստուգի հրապարակումը, ապա նա կունենա հին, բայց որպես նոր մատուցվող տեղեկություն։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *