Հայաստանում նոր թափ է հավաքում պատվաստումների դեմ տարվող տեղեկատվական արշավը: Անգլերենից կամ ռուսերենից թարգմանված նյութերը ակտիվորեն տարածվում են սոցցանցերում՝ հատուկ թիրախավորելով երիտասարդ ծնողների խմբերը: Media.am-ը ուսումնասիրեց այդպիսի խմբերից մեկը:
Ո՞վ է տարածում
Երիտասարդ ծնողների և առողջության մասին ֆեյսբուքյան խմբերում ակտիվորեն իրենց քարոզչական նյութերը տարածելուց բացի պատվաստումների դեմ հանդես եկող օգտատերերը ստեղծում են սեփական խմբերը՝ անվանման մեջ, սակայն, չարտացոլելով պատվաստումների թեման:
Այսպիսի խմբերից մեկը «Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ» է: Խումբն ունի ավելի քան 1200 անդամ։ Այն ակտիվ է՝ օրական միջինը 10 հրապարակում է արվում։
Խումբը ստեղծել է Նարեկ Գրիգորյանը: Գրիգորյանի անունը սկսեց շրջանառվել մեդիայում 2018-ի ամռանը՝ ողբերգական պատահարի պատճառով. մահացել էր նրա 5 ամսական դուստրը: Երեխայի մահը միանգամից դարձավ մանիպուլյացիայի առարկա. դեռ դատաբժշկական փորձաքննությունը չավարտված, Primenews.am սունկ կայքը հոդված հրապարակեց «Պատվաստումից հետո 5 ամսական երեխա է մահացել» մոլորեցնող վերնագրով: Նմանատիպ հոդվածներ հրապարակեցին և՛ լրատվականները, և՛ այլ սունկ կայքեր:
Փորձաքննությունը, սակայն, չէր հայտնաբերել երեխայի մահվան և պատվաստման միջև կապ: Չնայած դրան և՛ փորձաքննությունից առաջ, և՛ դրանից հետո Նարեկ Գրիգորյանը պնդում է, որ դեպքի պատճառը պատվաստումն է եղել:
Գրիգորյանից բացի «Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ» խմբի վրա աշխատում են նրա ֆեյսբուքյան ընկերների մեջ նշվող Գեմ Յան օգտատերը, ֆեյսբուքում վերջինիս կինը ներկայացող Tina Mariam Yan-ը, ինչպես նաև Sofi Melkonian անունով օգտատերը: Նրանց հրապարակումներով ակտիվորեն կիսվում են նաև այլ ֆեյսբուքյան էջեր:
Գեմ Յան էջի հրապարակումների ճնշող մեծամասնությունը պատվաստման դեմ նյութեր են: Էջը վարող մարդը ունի ևս մեկ ֆեյսբուքյան հաշիվ՝ Gem Thomas:
Խմբի մասին հատվածում նշված է, որ «Խումբը կրում է տեղեկատվական բնույթ՝ բացառությամբ գիտական հիմնավորում պահանջող գրառումների, որոնց պարտադիր է կցել պաշտոնական աղբյուրի հղումը»։ Գիտական հիմնավորումները, սակայն, այդքան էլ գիտական չեն:
Ի՞նչ են տարածում խմբում
Խմբի հրապարակումները հաճախ ուղեկցվում են գիտական հոդվածերի բազմաթիվ հղումներով: Օրինակ, ապրիլի 6-ին հրապարակված տեքստում Sofi Melkonian-ը պնդում է, որ պատվաստումները առաջացնում են աուտիզմ և դրան կան գիտական ապացույցներ: Հղումը տանում է դեպի «Hypothesis: conjugate vaccines may predispose children to autism spectrum disorders» հոդված, որը հրապարկվել է «Mediacal Hypothesis» ամսագրում:
«Mediacal Hypothesis» ամսագիրը խնդրահարույց համբավ ունի տարատեսակ սպեկուլյատիվ հետազոտություններ հրապարակելու պատճառով: Օրինակ, ամսագրում հրապարակվել է հոդված այն մասին, թե ձեռնաշարժությունը օգնում է ազավել քթի խցանումից:
«Mediacal Hypothesis» ամսագիրը նաև չի անցնում peer review, այսինքն չի ստուգվում ուրիշ գիտնականների կողմից, ինչը անում են բոլոր հեղինակավոր գիտական պարբերականները: Հաճախ այստեղ տպագրվում են գիտական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ուրիշ ամսագրերի կողմից մերժված նյութեր (չնայած այս ամենին՝ գիտական հրատարակչության համաշխարհային շուկայի 24% տնօրինող Elsevier-ը շարունակում է այն հրապարակել):
Խմբի մի շարք այլ հրապարակումներ կառուցված են գիտականի և հակագիտականի խառնաշփոթի վրա, ինչը թույլ է տալիս ապացուցողականության տպավորություն ստեղծել: Սկզբում տրվում է հիվանդության ընդհանուր նկարագրությունը վստահելի գիտական հոդվածների հղումներով, իսկ հետո արվում է այդ նկարագրություններից չբխող եզրակացություն:
Օրինակ, աուտիզմի մասին հրապարակման մեջ պատվաստումների բացասական դերի ապացույց որպես բերվում է նույն անվստահելի «Mediacal Hypothesis» ամսագիրը: Ավելին՝ վստահելի տվյալները խեղաթյուրվում են, օրինակ, աուտիզմի դեպքերի քանակի զգալի աճի վերաբերյալ: Ախտորոշման դեպքերի քանակը իսկապես աճել է, բայց դա պայմանավորված է ոչ թե պատվաստումներով, այլ «աուտիզմ» անվան տակ ընդգրկված ախտորոշումների ցանկի ընդլայնունով մի կողմից, և հիվանդության մասին հետազոտությունների քանակով ու հանրության աճող տեղեկացվածությամբ, մյուս կողմից:
Պատվաստումների հետ մեկտեղ տարածվում են այլ դավադրությունների տեսություններ
Խմբի ադմինները միայն պատվաստումների մասին չեն գրում. այն հարթակ է ամենատարբեր դավադրությունների տեսությունների համար: Օրինակ, մարտի 29-ին հրապարակված «Ատամի մածուկի հսկայական սուտը» գրառումը նվիրված է շատ մածուկների մեջ պարունակվող ֆտորի թունավոր լինելու մասին:
Չնայած որ ատամի մածուկի թունավոր լինելը բազմիցս ստուգվել և հերքվել է, նյութը պնդում է, որ ֆտորը նույնիսկ փոքր չափաբաժիններով թունավոր է, իսկ մի տուփը միանգամից օգտագործելը կսպանի երեխային: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ կարող է թույն լինել՝ կախված չափաբաժնից: Օրինակ, խնձորի կորիզի մեջ կա կալիումի ցիանիդ, ավելին՝ թույն կարող է լինել սովորական ջուրը, եթե մոտ 3 ժամում 4-5 լիտրից ավել խմեք:
Դժվար է նաև ենթադրել, որ հարյուրավոր պետությունների կառավարություններ թույլ են տալիս թույնը օգտագործել և ազատ վաճառել: Ի դեպ, «Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ»-ի ադմին Գեմ Յանը սրան ի պատասխան ակնարկում է՝ նրանք բոլորը դավադրություն են հյուսել: Որպես փաստարկ նա բերում է ժամացույցի գովազդը, որտեղ ավանդաբար արտադրողները սլաքները դնում են 10:10-վրա:
«Smart mom/Умная мама/Խելացի Մայրիկ» խումնը պատվաստումների դեմ տարածվող ապատեղեկատվության հարթակների և միջոցների միայն մեկ օրինակ է: Հետագայում Media.am-ը ավելի մանրամասն կանդրադառնա նաև այս թեմայով տարածվող ապատեղեկատվության բնույթին:
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: