2019.03.10,

Ստուգված է

Մեկ սուտ, երկու նախարար

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մարտի 7-ին Livenews.am կայքում հրապարակվեց «Հայաստանում այլասերվածության քարոզչություն թույլ չտալը հանցանք է համարվելու․ Հայաստանի իշխանության դիրքորոշումը» վերնագրով հոդված: Նյութը, որը պարունակում էր կեղծ տեղեկություններ, նույնությամբ վերատպեցին այլ կայքեր:

Հոդվածի թեման ու ասելիքը այդքան էլ նոր չէ. Հոդվածի հեղինակն այս թեմայով նյութ հրապարակել է irates.am-ում՝ դեռ 2018-ի մայիսին։ Այն նվիրված էր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գործունեությանը: Հին հոդվածի մի քանի պարբերություն հեղինակը մի քիչ ձևափոխել, «հարմարեցրել է» ներկայիս իրավիճակին:

Հոդվածը irates.am-ում

Հոդվածը livenews.am-ում

Հոդվածի համատեքստը  

Հոդվածը հրապարակվել է Livenews.am կայքում, որի տնօրենը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կինն է:

Llivenews-ի մասին տեղեկատվությունը amnic-ում

2004-2009 թթ. Իսագյուլյանը նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, իսկ 2009-2012 թթ.՝ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչը: Իսագուլյանը Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն է։

Հոդվածի հեղինակը Արթուր Հովհաննիսյանն է, ով, Իսագուլյանի ձևակերպմամբ, Livenews.am կայքի պատասխանատուն է: Հովհաննիսյանի հոդվածներն առանձնանում են տագնապ սփռող հռետորաբանությամբ: Օրինակ, նա հեղինակել է «Փաշինյան, գժվե՞լ ես. այս ի՞նչ ես ասել», «Պահն է խփելու տագնապի զանգերը` սթափվե՛ք, քնած հայեր», «Համակարգված պատերազմ է մղվում ավանդական ընտանիքի և հոգևոր, ազգային արժեհամակարգի դեմ», և այլ տեքստեր:

Հին հոդված. «[…] մեր լավագույն տղաներն այսպիսի Հայաստանի՞ համար կռվեցին ու տվեցին իրենց կյանքը»:

Մայիսին հրապարակված հոդվածը նվիրված էր հեղափոխությունից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վերանշանակման լուրին, որն իրականությանը չէր համապատասխանում:

Հոդվածի սկզբում հեղինակը խոստովանել էր, որ լուրը ստույգ չէ, սակայն շարունակել փաստարկներ բերել, թե ինչու չի կարելի Հարությունյանին նախարար նշանակել: Վերջում հեղինակը կասկածի տակ է դրել նախագահի գրասենյակի պաշտոնական հերքումը. «մի քիչ անհավատալի կամ նույնիսկ ծիծաղելի չէ՞»: Կասկածի տեղիք տվող փաստարկներ Հովհաննիսյանը չէր բերել:

Դավիթ Հարությունյանի ենթադրյալ նշանակման դեմ առարկությունը հիմնված էր 2017 թ. ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վրա, որը ժամանակին դրվել էր e-draft համակարգում, բայց չէր ընդունվել: Հիմնվելով 197-րդ՝ «Խտրականություն» հոդվածում առաջարկվող փոփոխությունների վրա, հեղինակը շարադրել էր օրենքի իր մեկնաբանությունը, որը չէր բխում օրենքում առկա դրույթներից: Մասնավորապես, նա նշել էր, որ Հայաստանում շուտով նույնասեռական մարդկանց խտրականության «ակնարկն անգամ» քրեորեն պատժելի էր լինելու, ինչի մասին օրենքի նախագծում խոսք չկա:

Նոր հոդված. «Մեր ժողովրդի մի մասը սրա համա՞ր էր ոտքի ելել, «թավշյա հեղափոխություն» կոչվածը սրա՞ համար է արվել․․․»

Մարտին լույս տեսած հոդվածը հրապարակելու տեղեկատվական առիթը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանդիպումն էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում Զեյնալյանը նշել է, որ «օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»:  

Այս հայտարարությունը քննարկելով Արթուր Հովհաննիսյանը գրում է. «Բնականաբար, հարց է առաջանում՝ ներկայիս կառավարությունը «Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը» կրելո՞վ է պատրաստվում ընդունել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի 197-րդ հոդվածով ․․․ այլասերվածության ուրիշ դրսևորումների […] իրավունքի խախտումը քրեորեն պատժելի են համարվում»։ Հեղինակը այլասերվածություն բառով բնորոշում է միասեռականությունը։

Չնայած նախարարության հայտարարությունը որևէ խոսք չի պարունակել 2017 թ. առաջարկված և չընդունված քրեական օրենսգրքի այս փոփոխությունների մասին, հեղինակը ենթադրություն է անում, որ հենց այդ նախագիծի մասին է խոսում Զեյնալյանը:

Օրինագծի փոփոխությունների չընդունված առաջարկը չէր պարունակում Հովհաննիսյանի տված ձևակերպումը և պնդումը:

Հոդվածի հեղինակը նշում է. «Ընդգծում ենք նաև, որ E-draft.am կայքում ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը (ներառյալ՝ 197-րդ հոդվածը) ինչ շարադրանքով եղել, այդ շարադրանքով էլ անփոփոխ մնում է ներկայիս իշխանության օրոք, հենց այս տողերը գրելու պահի դրությամբ, հետևաբար լիարժեք հիմք ունենք համարելու, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Եվրոպայի խորհրդի հիշյալ պաշտոնյաներին տեղեկացնելով կամ, ըստ էության, խոստանալով, որ Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն ընթացքի մեջ են և, կառավարության և օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն, նկատի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի այն նախագիծը, որ այս պահի դրությամբ հրապարակված է E-draft.am պաշտոնական կայքում»:

E-draft.am-ում օրենքներ չեն հրապարակվում. այն օրենսդրական նախագծերը հանրության ներկայացնելու հարթակ է: Այս փաստն անտեսելով, հեղինակը կառուցում է ենթադրությունների մի ամբողջ շարք, պնդելով, որ արդարադատության նախարարը Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաների խոստացել է 2017-ի օրենսդրական նախագիծը ընդունել, մինչդեռ դա պաշտոնական տեղեկատվության աղավաղում է և չի համապատասխանում իրականությանը:

Հաճախ վկայակոչելով ՀՀ Սահմանադրությանը, Հովհաննիսյանն իր երկու հրապարակումներն էլ նվիրում է մի նախագծի դրույթի, որը չի ընդունվել և չի գործում որպես Հայաստանի Հանրապետության օրենք: Հետևաբար, հեղինակը և լրատվականը մոլորեցնող ենթադրություններ են հաղորդում ընթերցողին:

Media.am-ի անդրադարձել է քաղաքական ճգնաժամերի ժամանակ ԼԳԲՏ թեմայի շահարկմանը:

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *