2019.02.25,

Ստուգված է

Թմրանյութով կոնֆետների մասին չհաստատված լուրերը շրջանառվում են 2007-ից

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ու մի քանի կայքերում այսօր գրառումներ էին տարածվում այն մասին, որ փողոցում երեխաներին թմրանյութ պարունակող կոնֆետներ են բաժանում: Պարզվում է, այս կոնֆետների լուրը նոր չէ ու հայաստանյան չէ: Այս խուճապ առաջացնող ու չճշտված լուրը «թափառում» է աշխարհով մեկ:

Լուրի հետքերով

Եթե գնանք լուրի հետքերով, կգտնենք «Երկիր Ծիրանի» կուսակցության և Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի` փետրվարի 25-ին Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառումը. «Սիրելի ծնողներ, ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։ Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի»։

Հեղինակը հղում է տալիս շրջանառվող լուրերին, մեկնաբանություններում պարզաբանում, որ մանրամասն տեղեկություններ չունի, բայց դե մինչև եղած տեղեկության ճշտությունը ստուգի, երեխաներ կարող են տուժել:

Գրառման մեջ հստակեցված չէ, թե Հայաստանի որ բնակավայրի փողոցներում, երբվանից, ինչ նպատակով են «տարբեր անձինք» նման կոնֆետներ բաժանում:

Սակայն, գրառումը որպես ճշմարտություն վերցրեցին և սկսեցին նույնությամբ տարածել մի քանի հայկական կայքեր` kentron.am, analitik.am, socialmedia.am: Կոնֆետն ավելի մանրամասն նկարագրեց info24.am-ը, իսկ դրանից մի քանի ավել նկարներ հրապարակեց loool.info-ն:

Հայկական կայքերում հրապարակված կոնֆետի նկարների հետադարձ որոնումները ցույց են տալիս, որ դրանք նոր չեն: Նույն այս նկարները նախկինում էլ հրապարակվել են արբեջանական, ռուսական կայքերում և շրջանառվել սոցցանցերում:

Ի դեպ, այս կայքերից որոշները կգտնեք media.am-ի հրապարակած սունկ կայքերի ցուցակում:

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն այսօր ֆեյսբուքում անդրադարձավ շրջանառվող լուրերին: Նա ասաց, որ ոտիկանությունում նման ահազանգ չեն ստացել և հորդորեց ահազանգել նման երևույթի ականատես լինելու դեպքում: Նաև կոչ արեց խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:

Մինչդեռ  այս լուրի շրջանառության աղբյուրներից Մարինա Խաչատրյանն իր հրապարակման մեկնաբանության մեջ գրում է. «Սիրելիներս, կառավարական ֆեյքերը վրա են տվել։ Սա ամրապնդում է իմ վախը։ Պաշտոնական հայտարարություն տարածելու փոխարեն փորձում են ֆեյքերով ու լրատվամիջոցներով լռեցնել ինձ, ինչը, նախապես ասեմ, չի ստացվելու։ Գնում եմ երեխայիս վերցնելու»։

Կոնֆետների անցյալը

Որոնողական մի քանի պարզ քայլը թույլ է տալիս պարզել, որ ըստ մեդիա հրապարակումների, նման կոնֆետներ «էլի են բաժանվել»: Oրինակ, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում 2018-ի աշնանը նման լուր շրջանառվեց ու հերքվեց:

2017-ին լուրը տարածվել ու հերքվել է ուկրաինական լրատվամիջոցներում:

Ղազախստանում, փաստերի ստուգմամբ զբաղվող Factcheck.kz հարթակն էլ նախորդ տարի ստուգեց ու հերքեց դպրոցականների շրջանում նման կոնֆետների բաժանման մասին լուրը և հղում տվեց ամերիկյան snopes.com կայքի հրապարակմանը:

Համաձայն այս հրապարակման, նման լուրեր ԱՄՆ արևմտյան նահանգներում սկսել է շրջանառվել 2007-ից` Strawberry Quick անունով արտաքնապես կոնֆետի նման նյութի մասին, որը պարունակում է մետամֆետամին թմրանյութը:

Կայքը հաստատում է, որ ոստիկանությունը հայտնաբերում է կոնֆետի նմանությամբ  թմրադեղ պարունակող նման կրիստալներ, բայց համոզիչ փաստարկներ չկան, որ դրանց կոնֆետի տեսք է տրվել երեխաներին գայթակղելու համար:

Նույն լուրը տարբեր լուսանկարների ու տեքստերի ուղեկցությամբ, տարբեր լեզուներով ու տարբեր տարիների տարածվել է սոցիալական ցանցերով:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *