2019.02.24,

Ստուգված է

Ծայրահեղ աղքատության վերջնաժամկետը 2019-ը, թե՞ 2023-ն է

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կառավարության ծրագրով սահմանված ծայրահեղ աղքատության վերացման վերջնաժամկետը 2023 թվականն է, սակայն, փոխվարչապետ Ավինյանն այն կարծես 2019-ին էր սահմանել: ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական բանավեճի ժամանակ նա պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանում 2019-ին ծայրահեղ աղքատ մարդ չի լինելու: Փորձենք գլուխ հանել վերջնաժամկետից ու նաև ծայրահեղ աղքատության գծից, որի չափն էլ, կարծես, վիճահարույց է:

Ինչ է ասվում Կառավարության ծրագրում.

Կառավարության ծրագրի 4-րդ` «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին» գլխի 2-րդ ենթագլխի թիրախում «Աղքատության  հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» վերնագրով հոդվածն է:

Այս ենթագլխում է, որ սահմանվում է. «Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»:

Մոտ 3 ամիս հետ գնալով, կգտնենք ծայրահեղ աղքատության մասին կառավարության անդամի պաշտոնական հայտարարությամբ հրապարակված այլ վերջնաժամկետներ.

Ավինյանի խոստումը

2018 թվի նոյեմբերին 29-ին`  Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում, Հանրային հեռուստաընկերության «Նախընտրական բանավեճ» հաղորդման ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարություն արեց. «12:07 Մենք, օրինակ, հենց այսօր, 2019 թվականի համար լուծել ենք ծայրահեղ աղքատության խնդիրը: 2019 թվականին, պաշտոնապես հայտարարում եմ, Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատ մարդ չի լինելու»:

Բանավեճի մոդերատորը ակնհայտ զարմանքով ճշգրտող հարց է տալիս. «2019 թվականի՞ն, մեկ ամսի՞ց»: Ավինյանի պատասխանը «այո»-ն էր:

Փոխվարչապետի պարզաբանում է, որ ծայրահեղ աղքատության վերացումը մեկ քայլ է պահանջում կառավարությունից:

Կառավարությունը նույն օրվա` նոյեմբերի 29-ի նիստում հավանություն է տալիս կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է 2019-ի հունվարի 1-ից բարձրացնել նպաստների և թոշակների չափը` որոշ խոցելի խմբերի համար:

Արդյունքում, մոտ 85 հազար հոգու նվազագույն կենսաթոշակի, նպաստի չափը բարձրացվում է և դառնում է  25,500 դրամ:

Աղքատության պարենային գիծը 25.500, թե՞ 33.000 է

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ընդունած սահմանման «ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից»:

Փորձենք հասկանալ, թե որն է Հայաստանում աղքատության պարենային կամ ստորին գիծը:

Վերը նշված բանավեճի ժամանակ էլ այս թիվը քննարկման ու բանավեճի նյութ դարձավ, բայց պատասխանը չհստակացավ: Ավինյանն ասում է, որ նվազագույն գոյությունը պահելու տեսակետից 25.500 դրամն է 2019 թվականի համար գնահատված թիվ: Սակայն նրա ընդդիմախոսները խոսում են այլ թվի` 33.930,8 դրամի մասին:

Խնդիրն այն է, որ այս երկու թվերն էլ կարող ենք գտնել Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցի Հավելված 2-ում (բանավաճի ժամանակահատվածում սա էր հասանելի թարմ տվյալը):

Պարզվում է, որ ԱՎԾ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը որոշում է երկու տարբեր մեթոդաբանությամբ` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված չափանիշների

և ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության:

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, կախված մեթոդաբանությունից, տարբեր թվով է արտահայտվում: Արդյունքը շուրջ 8 հազար 430 դրամով տարբեր է:

Ուշագրավ է, որ հավելվածում ոչ մի վկայակոչություն չկա, թե որ տվյալն է պետք ընդունել որպես նվազագույն սպառողական և պարենային զմբյուղ:

Պետք է կարդալ ԱՎԾ-ի մեկ այլ զեկույց, օրինակ, սա, հասկանալու համար, որ «2009թ.-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանությունը» և հենց սա էլ պետք էր վերցնել չափանիշ: Հետևաբար, աղքատության ստորին գիծը ամսական միջինը 25 217 դրամ մեկ չափահասի հաշվով:

Բայց ծայրահեղ աղքատության վերջը տրվա՞ծ չէր

Այս հարցի պատասխանը տալիս է վարչապետը, բացատրելով, որ այս մարդկանց թոշակները, նպաստները բարձրացնում են, որ նրանք ծայրահեղ աղքատության գիծը հաղթահարեն:

Իսկ ԱԺ-ում, Կռավարության ծրագրի քննարկման ժամանակ, խոսելով առաջիկա 5 տարիներին տեղի ունենալիք տնտեսական փոփոխությունների իրենց պատկերացումներից, վարչապետը նշում է հետևյալը. «Կառավարությունը նպատակադրվում է առաջիկա 5 տարիներին հասնել Հայաստնում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության էական կրճատմանը …»:

Ստացվում է, որ չնայած օրենքի ընդունումը օգնում է թոշակառուներին և նպաստառուներին անցնել ծայրահեղ աղքատության շեմը, բայց Հայաստանում շարունակելու են լինել ծայրահեղ աղքատ մարդիկ, որն էլ կառավարությունը խոստանում է հաղթահարել:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *