2019.02.15,

Ստուգված է

Սունկ կայքեր. խառը լրագրության պարզ բիզնես մոդել

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Ֆեյք լրատվության խնդիրը սուր է ամբողջ աշխարհում և դրսևորվում է շատ տարբեր ձևաչափերով: Հայաստանում առավել տարածված են կիսալրատվական, կիսաժամանցային կայքերը, որոնք չեն ստեղծում սեփական բովանդակություն, լի են համատեքստային գովազդով և բազմանում են սնկերի նման:

Սունկ կայքերը նոր չեն հայտնվել հայկական մեդիա իրականությունում, և դրանց հաճախ մոլորեցնող լուրերի տարածումը ընթերցողների մոտ ստեղծում է թե՛ լրատվական դաշտի, թե՛ ընդհանուր սոցիալական և քաղաքական կյանքի խեղաթյուրված պատկեր:

Մենք ուսումնասիրել ենք սունկ կայքերի գործունեության առանձնահատկությունները, զրուցել դրանք Ֆեյսբուքում տարածող խմբերից մի քանիսի համակարգողի հետ, ինչպես նաև հարցրել ոլորտի մասնագետների կարծիքը՝ հայաստանյան մեդիայի վրա դրանց ազդեցության մասին:

Սունկ կայքերը ունեն մի քանի առանձնահատկություններ.

  • Խիստ էմոցիոնալ, սենսացիոն լեզու: Սովորական լրատվամիջոցները օգտագործում են չեզոք ձևակերպումներ: Ի տարբերություն դրանց, դեղին մամուլը նախապատվությունը տալիս է սենսացիայի լեզվին: Սունկ կայքերն էլ հետևում են դեղին մամուլի օրինակին:
  • Ի տարբերություն դեղին, ինչպես նաև չեզոք մամուլի, սունկ կայքերը չեն ստեղծում սեփական հոդվածներ՝ միայն վերատպում են այլ լրատվամիջոցներին: Օրինակ, Iravaban.net-ի «Տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք կվճարեք» հոդվածը նույնությամբ վերատպեցին մի շարք սունկ կայքեր:
  • Սունկ կայքերը օգտագործում են համատեքստային գովազդ, հիմնականում՝ Google Ads: Այն թույլ է տալիս գումար աշխատել` կայքի այցելուներին ցույց տալով համատեքստային գովազդ, որը սովորաբար համապատասխանում է վերջին որոնումներին:

Բնական է, որ այցելուների թվի աճի հետ աճում է նաև գովազդից եկող գումարը: Համակարգը ավտոմատացված է և շատ պարզ է օգտագործման մեջ:  Սովորական լրատվամիջոցները, սակայն, խուսափում են համատեքստային գովազդ տեղադրելուց, քանի որ ցուցադրվող գովազդը կարող է ցածրարժեք բովանդակություն պարունակել:

  • Շահութաբեր գովազդ ապահովելու համար հարկավոր է ունենալ մեծ քանակությամբ այցելուներ: Ըստ SimilarWeb թվային տվյալների հավաքման գործիքի՝ hayreniq.pro-ն, օրինակ, ունի 40.000-60.000 ամսական այցելու։

Զուգահեռաբար, սունկ կայքերը չեն հավակնում վերածվել երկարատև նախագծերի՝ դրանցից շատերը մի քանի ամիս են գործում և պատրաստված են շատ անփույթ կերպով:

Ակտիվ աշխատելով այցելուների մեծ քանակ ապահովելու համար, դրանք դարձել են հայկական մեդիա դաշտի չստուգված, կեղծ կամ մոլորեցնող տեղեկությունների կարևոր աղբյուրներից մեկը:

  • Սունկ կայքերը ունեն անսովոր դոմեյն անուններ, օրինակ՝ hopar.info, janhavesov.ru, desicdenic.ru։ Դոմեյնները կարող են կրկնվել այս կամ այն տարբերակով, oրինակ՝ goodinfo24.ru, goodinfo-24.ru, goodinfo24.com և այլն: Ստուգելով սրանցից մեկը DomEye դոմեյնների որոնման գործիքով, կտեսնենք, որ դրանք կապված են միմյանց հետ նույն IP հասցեով:

Ի դեպ, դոմեյնները նաև հաճախ չեն համապատասխանում կայքում գրված անվանմանը: Օրինակ՝ interesnoznatt.ru դոմեյնով կայքը կոչվում է «Քաջ հայեր», իսկ sportarmenia.ru-ն՝ «Ինֆո ուղեցույց»: Նման մանր փնթիությունները հատկանշական են  սունկ կայքերի համար:

Սունկ կայքերը չեն ստեղծում սեփական բովանդակություն, այլ վերատպում են լրատվականներից և ֆեյսբուքյան էջերից վերցված նյութեր:

Սունկ կայքերը շատ ակտիվ են ֆեյսբուքում՝ այցելուների ճնշող մեծամասնությունը հենց սոցցանցերից է անցնում կայք:

  • Գրեթե բոլոր սունկ կայքերը մուտք գործելուց առաջարկում են լայքել որևէ ֆեյսբուքյան էջ կամ խումբ: Հատկանշական է, որ այդ էջերն ու խմբերը կրկնվում են: Օրինակ, հաճախ է հանդիպում «ԱրՄեդիա», «Ինֆո ուղեցույց», «Չաչանակ», Moderator էջերը:
  • Moderator-ը նաև առաջարկում է ֆեյսբուքյան լսարան հավաքելու ծառայություններ՝ «Ակտիվ խմբերի տրամադրում լրատվական կայքերի», «Էջերի պատվերներ մինչև 100.000 լայք» և այլն:
  • Օգտվելով SimilarWeb -ից կարելի է պարզել, որ սունկ կայքերի այցելուների աննախադեպ բարձր տոկոսը գալիս է սոցցանցերից՝ azdarar.ru-ի 99.81%, 4news.am-ի՝ 97.53%, kentron.pro-ի՝ 98.29%-ը և այլն: Համեմատության համար կարող ենք նշել, որ սովորական լրատվամիջոցների այցելուները գալիս են տարբեր հարթակներից. ոչ միայն սոցցանցերից, այլև որոնողական համակարգերից և ուղիղ հարցումներով:
  • Վերջին դրույթին կարելի է հակադարձել. գրեթե բոլոր լրատվամիջոցների այցելուների մեծ մասը միևնույն է ֆեյսբուքից է: Այնուամենայնիվ, ուղիղ հարցումների և անվանման որոնման նույնիսկ 10-20%-ը կարող է վկայել, որ լրատվամիջոցը հիշվել է իր ընթերցողին, մինչդեռ սունկ կայքերը հաճախ կարճ կյանք ունեն և, ինչպես վերը նշեցինք, իրարից գրեթե չտարբերվող անվանումներ:

Սունկ կայքերի այցելուների բացարձակ մեծամասնությունը գալիս է սոցցանցերից:

Սունկ կայքերը միմյանց հետ կապված են:

Սա կարելի է պարզել երկու եղանակով.

  • Google Analytics ID կամ Google AdSense: DomEye գործիքով կարելի է գտնել ցանկացած կայքի Google Analytics  ID-ն և Google AdSense-ը, որոնք հարկավոր են այցելությունների վիճակագրության և համատեքստային գովազդը կայքում տեղադրելու ու համակարգելու համար: Օրինակ, որոնելով kanaci.info-ն կտեսնենք, որ դրա Analytics ID-ի հետ կապված են նաև բազմաթիվ այլ կայքեր: Իսկ որոնելով sportarmenia.ru-ն կգտնենք նույն AdSense-ով ևս 9 կայք, այդ թվում՝  infohay.ru, hayerov-tv.com:

Նույն Analytics ID-ն կարող է վկայել այն մասին, որ կայքերը ստեղծել է նույն մարդը, քանի որ դրանք բոլորը տանում են դեպի նույն Google հաշիվ: ID-ի կոդի գծիկից հետո երևացող տարբեր թվերը դրան կցված կայքերի քանակի ցուցիչն են. օրինակ, 1ic1.pro-ի հետ կապված հաշվից կառավարվում է 53 կայք:

Համընկնող AdSense-ը թույլ է տալիս ենթադրել, որ կայքերը կապված են մեկ մոդերատորով։ Ի դեպ, եթե համընկնում են AdSense-երը, բայց չեն հանընկնում Analytics ID-ները, կարելի է եզրակացնել, որ կայքերը ստեղծել են տարբեր մարդիկ, բայց դրանք հետագայում ձեռք է բերել նույն մարդը։

  • IP հասցե: DomEye գործիքը թույլ է տալիս տեսնել նաև IP հասցեները, որոնք, ըստ էության, տեղեկություն են նրա մասին, թե ինչ սերվերի վրա է տեղակայված կայքը: Որոնելով azdarar.ru, օրինակ, կարելի է գտնել դրա հետ նույն IP-ով կապված 17 կայք` բաղնիքների մասին sdelatbanyu.ru-ից մինչև առցանց խաղերի axegaming.net-ը:

Սունկ կայքերում կոնտակտային տվյալները և կազմակերպության մասին բավարարաչափ տեղեկությունները սովորաբար բացակայում են։

  • IP հասցեն անպայման չի վկայում նույն համակարգողի մասին. կայքերը կարող են ուղղակի օգտագործել shared` կիսովի հոսթինգ, որը որոնելիս կերևա որպես մեկ սերվերի կոդ: Հատկանշական է, որ սունկ կայքերի մեծ մասը օգտագործում է ռուսական սերվերներ. դրանք էժան են, իսկ որակը կամ տեխսպասարկման ծառայության հասանելիությունը քանակի վրա աշխատելիս կարող են որոշիչ դեր չխաղալ:

Սունկ կայքերը հաճախ են տարածում կեղծ գիտական, սենսացիոն լուրեր։

Ո՞վ և ինչպե՞ս է ստեղծում ու համակարգում սունկ կայքերը

ՏՏ մասնագետ Միքայել Ղազարյանը Media.am-ին պատմեց, որ սունկ կայք հավաքելը շատ քիչ ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ է պահանջում․

«Այս դեպքում ծրագրավորողի կարիք էլ կարող է չլինել՝ հիմնականում դրանք պատրաստի օրինակների՝ template-ների վրա են հավաքում: Բարդությունը միայն բովանդակության թարմացումն է, որը կարելի է ավտոմատ անել»:

Ավտոմատ թարմացումների մասին Media.am-ին պատմեց նաև Արման Թումասյանը։ Նա պատմում է, որ մեծ քանակով հետևորդներ ունեցող իր ֆեյսբուքյան հարթակները գումարի դիմաց տրամադրում է տարատեսակ կայքերին՝ հոդված տեղադրելու և դիտումներ ու դեպի կայք անցումներ ապահովելու համար:

Թումասյանը պատմում է, որ մեկ ալգորիթմով կարողանում է գեներացված նյութերը տեղադրել 20 կայքում և ֆեյսբուքյան հարթակներում՝ ամբողջը ավտոմատ եղանակով:

«Մենք ընդհանրապես նյութ չենք արտադրում, վերցնում ենք ուրիշի կայքից, հղում ենք տալիս մեր սայթից, որ ուրիշ կայքինն է, ու դնում ենք մեր սայթում», – ասում է Արմանը:

Նրա կարծիքով՝ հայկական մեդիա դաշտում կան երեք տեսակի կայքեր՝ պաշտոնական, լրատվական և «գրդոն», որոնց համար «միևնում է՝ ամառ է, թե ձմեռ, Նիկոլն է իշխանության, թե Սերժը, նրանք նյութեր են հրապարակելու, միայն թե մարդիկ մտնեն կայք ու կարդան»:

Հարցին, թե արդյոք սա չի բերում կեղծ լուրերի տարածման, նա պատասխանեց, որ իր կարծիքով տեղեկությունները ստուգելը պարտադիր չէ, և նույնիսկ տրանսպորտում լսված խոսակցությունը հրապարակելը խոսքի ազատության դրսևորում է:

Արման Թումասյանը մի քանի տարի առաջ բողոքի ցույց էր նախապատրաստում ԱՄՆ դեսպանատան առջև Ֆեյսբուքի կողմից մի շարք էջերի արգելափակման դեմ: Թումասյանի խոսքով, այժմ նա ունի 31 ֆեյսբուքյան խումբ, 2.500.000 հայ կարդացող, 26 էջ, 1.600.000 «հայկական լայք», 6 ուկրաինական և ռուսական էջ, 750.000 «ուկրաինական և ռուսական լայքեր»:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ նմանատիպ սունկ կայքերի ազդեցությունը ամբողջ աշխարհում է զգալի, իսկ Հայաստանում՝ հատկապես․ «Հայաստանում չի ձևավորվել մամուլի սպառման ավանդույթ՝ մարդիկ պարզապես մտնում են ֆեյսբուք, ինչ տեսնում կարդում են և հաճախ չեն էլ ֆիքսում որն էր աղբյուրը։ Նաև մեզ մոտ չկան հայերեն աշխատող և տարածում ունեցող տեղեկատվական ագրեգատորներ, ինչպես Google News և Яндекс.Новости-ն»։

Մարտիրոսյանը նշում է, որ արդյունքում միակ ընտրությունը սոցցանցերն են, որտեղ սունկ կայքերը ակտիվորեն տարածվում և գովազդվում են. «Հայտնի է, որ հերքումը 100 անգամ ավելի քիչ տարածում է ստանում, քան բուն ապատեղեկատվությունը»։

Հոդվածը պատրաստելու համար Media.am-ը ուսումնասիրել է հունվարի 17-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում համացանցի հայկական տիրույթում տարածվող 100 սունկ կայքերը: Այս հղումով կարող եք ծանոթանալ դրանց ցանկին։

Ցանկը կազմելիս հաշվի են առնվել կայքերի օրիգինալ բովանդակության, կոնտակտային և կազմակերպության մասին այլ տվյալների բացակայությունը, համատեքստային գովազդի առկայությունը, նույնատիպ կառուցվածքը, ընդհանուր տեղեկատվություն տարածող ֆեյսբուքյան խմբերում ակտիվությունը և այլ առանձնահատկություններ:

Դուք կարող եք մեկնաբանություններ և առաջարկություններ թողնել ցանկում, բայց չեք կարող խմբագրել այն:

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *