2019.01.19,

Ստուգված է

Տնային կենդանիների հին ու նոր տուրքը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հայկական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվում է տնային կենդանիներ պահելու թույլտվության համար սահմանված տուրքը: Չնայած թեման բոլորովին նոր չէ,  տեղեկությունները հայտնվում են կիսատ ու կցկտուր:

ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՐՔԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է 2018-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ: Հունվարի 12-ին iravaban.net կայքը այս մասին նորություն հրապարակեց՝ «Տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք կվճարեք» վերնագրով:

Հոդվածի մեջ նշվում էր, որ ավագանին Երևան քաղաքում կիրառվող դրույքաչափերի վերաբերյալ որոշում է ընդունել, ըստ որի «օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5.000 /հինգ հազար/ դրամ»:

Հոդվածը վերատպեցին մի քանի այլ կայքեր, ընդ որում՝ առանց որևէ փոփոխության և միայն հղում կատարելով iravaban.net-ին: Դրանց մեջ էին և՛ հայտնի լրատվականներ, և՛ կայքեր, որոնց հրապարակումների մեծ մասը շահարկող վերնագրերով վերատպումներ էին:  

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԷՐ: Օրինակ, չէր նշվում, որ ավագանու որոշումը գոյություն ունեցող օրենքի վերահաստատում էր. «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենքում տնային կենդանիներ պահելու համար տուրք սահմանվել է տարիներ առաջ:

Նախկինում սահմանված էր 0-5.000 դրամ տուրք, այսնինք ավագանին կարող էր որոշել այս միջակայքում ընկած ցանկացած դրույքաչափ, օրինակ՝ 0 դրամ: Բայց 2016-ին տուրքի չափսը ֆիքսվեց՝ 5.000 դրամ: Այս գումարը փոփոխելու համար պետք է փոփոխություն կատարել բուն օրենքում, իսկ դա անել կարող է օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը:

ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄ ՉԿԱ: Հունվարի 17-ին ֆեյսբուքում հայտնվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ստորագրությամբ ծանուցման լուսակար, ըստ որի քաղաքացին պետք է վճարի սահմանված 5.000 դրամը, իսկ չվճարելու դեպքում կհետևի վարչական պատասխանատվություն՝ 5.000-ից մինչև 10.000 դրամ:

Աջափնյակի բնակիչ Գարեգին Հակոբյանը media.am-ին հաստատեց, որ նման ծանուցում է ստացել: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը media.am-ի հետ զրույցում նշեց, որ ծանուցումներ ուղարկվել են միայն Աջափնյակում և այն բնակիչներին, ում կենդանիների մասին բողոք է ներկայացվել՝ այլ միջոց ընտանի կենդանիներ պահող քաղաքացիների մասին տեղեկություն հավաքագրելու քաղաքապետարանը չունի:

«Վարչական շրջանի ղեկավարը իր լիազորությունները կատարելով, ֆիքսելով, որ մարդը տնային կենդանի է պահում, ծանուցում է ուղարկել տուրքի առկայության և այն գանձելու վերաբերյալ: Սա պատժիչ մեխանիզմ չէ: Ես պարզ ասեմ, այս տուրքի արդյունավետությունը կասկածելի է, իսկ նպատակահարմարությունը՝ քննարկման առարկա: Համենայն դեպս, չկան մշակված մեխանիզմներ տուրքը գանձելու ու կենդանիներին հաշվառելու, տեսակավորելու համար», – նշում է Կարապետյանը:

Հունվարի 21-ին տուրք վճարելու դեմ հանրահավաք է նախատեսվում:

ԱՅՍ ԼՈՒՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԷ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ: Օրինակ, azatutyun.am-ը այս մասին գրել էր 2015-ին՝ երբ քաղաքացիները տուրքի գանձման մասին ծանուցումներ էին սկսել ստանալ: Այն ժամանակ լրատվականը նշել էր, որ օրենքը գործում է 1997-ից ի վեր:

Հնի ու նորի բաժանելու պրակտիկան, սակայն, առավել լայն տարածվեց և նոր իմաստ ստացավ Թավշյա հեղափոխությունից հետո: Թերևս սա է պատճառներից մեկը, որ լրատվական հաղորդագրության համար անսովոր դիմելաոճով գրված iravaban.net-ի և դրա հոդվածը վերատպած կայքերի ընտրած «Տնային կենդանիներ պահելու համար պետական տուրք կվճարեք» վերնագիրը կարելի է մոլորեցնող անվանել:

Հունվարի 17-ից թեմային սկսեցին անդրադառնալ Հայաստանի այլ լրատվականներ, որոշ դեպքերում սահմանափակվելով հասարակական գործիչների ֆեյսբուքյան գրառումների վերատպմամբ:

ԼԱՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՈՉ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԻԹ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ: Նաև մեծանում է հավանականությունը, որ դրանք կարող են մոլորեցնող լինել մարդկանց համար: Տնային կենդանիների տուրքի դեպքը ցույց է տալիս, որ կիսաճշմարտության սկզբունքով լուսաբանվող իրադարձություները չեն կատարում լրագրության գլխավոր՝ հանրության իրազեկման գործառույթը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *