Լրագրողներին և հետազոտողներին հաճախ հանդիպող խնդիրներից մեկը օգտատերերի ստեղծած բովանդակության ստուգումն է: Այդ բովանդակությունը հիմնականում կարելի է գտնել սոցիալական ցանցերում և ֆայլերի տարածման հարթակներում, ինչպիսիք են Յություբը, Թվիթերը, Ֆեյսբուքը և այլն: Որևէ համընդհանուր հեշտ լուծում չկա բոլոր տեսանյութերի ստուգման համար, որոշները նույնիսկ գրեթե անհնար է ստուգել` առանց բնօրինակ ֆայլն ունենալու:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք կարելի է կիրառել բովանդակության մեծ մասը ստուգելու համար, հատկապես արագ զարգացող իրադարձությունների ժամանակ` համոզվելու համար, որ հին դեպքերից կադրեր չեն օգտագործվել: Վիդեո բովանդակությունը ստուգելու մի շարք առցանց ուղեցույցներ կան, հատկապես Ստուգման ձեռնարկում (Verification Handbook): Մեր ուղեցույցում ներառված են մի քանի հավելյալ հնարքներ, որոնք օգտագործում է Բելինգքեթի թիմը:
Կփորձենք ներկայացնել ուղիները` շրջանցելու այն սահմանափակումները, որոնք ունեն առկա գործիքները: Հուսով ենք` այս ուղեցույցն ընթերցելուց հետո ոչ միայն կիմանաք, թե ինչպես կիրառել այս գործիքակազմը, այլև թե ինչպես ստեղծագործաբար մոտենալ խնդրին` փակուղում չհայտնվելու համար:
Թերի, բայց օգտակար` պատկերի հակադարձ որոնում
Վիդեո բովանդակությունը ստուգելու առաջին քայլը նույնն է, ինչ պատկերը ստուգելու դեպքում` անհրաժեշտ է պատկերը հակադարձ որոնել (reverse image search) Գուգլում կամ այլ կայքերում, օրինակ, ԹինԱյում: Ներկայում չկան լիովին անվճար գործիքներ, որոնք թույլ կտան տեսանյութն ամբողջությամբ հակադարձ որոնել, ինչպես պատկերները: Սակայն փոխարենը կարելի է տեսանյութից հատվածներ սքրինշոթ անել և փորձել այդպես հակադարձ որոնում կատարել: Կեղծ տեսանյութեր հեղինակները հազվադեպ են շատ ստեղծարար լինում և հիմնականում տարածում են հեշտ գտնվող տեսանյութեր, որոնք իրադարձությանը չհամապատասխանող ակնհայտ նշաններ չունեն (օրինակ` լուրերի լուսագրեր կամ այլ լեզվով խոսող անձանց ձայներ, որոնք կմտանեն դեպքի հետ կապ չունենալը): Նման տեսանյութերը ստուգելը համեմատաբար հեշտ է:
Որոնելու երկու ձև կա: Առաջինը` մանուալ կերպով տեսանյութը սքրինշոթ անելը. լավ կլինի ամենասկզբում կամ առանցքային պահերից հատվածներ ընտրել, այնուհետև վերբեռնել պատկերի հակադարձ որոնման ծառայությունում, ինչպիսին Google Images-ն է: Երկրորդը` վիդեո ծառայության` հիմնականում Յություբի գեներացրած մանրանկարներին (thumbnail) ապավինելը: Դժվար է կռահել, թե տեսանյութը հատկապես ո՛ր շրջանակը ավտոմատ կերպով կընտրի որպես մանրանկար, քանի որ Գուգլը վերբեռնված տեսանյութերի համար լավագույն մանրանկարը ընտրելու բարդ ալգորիթմ է մշակել (այս մասին մանրամասն կարող եք կարդալ Գուգլի բլոգի այս նյութը): Մանրանկարները գտնելու լավագույն գործիքը, թերևս, Amnesty International-ի YouTube DataViewer-ն է, որը գեներացնում է Յություբի տեսանյութերի օգտագործած մանրանկարները և թույլ է տալիս մի քլիքով հակադարձ որոնել դրանք:
Օրինակ` Յություբի Action Tube անունով օգտատերերից մեկը վերջերս մի տեսանյութ էր տեղադրել, որը ենթադրաբար ցույց էր տալիս Լիտվայում ռազմական տեխնիկայի շարասյունը, առանց նշելու այդ նյութի սկզբնաղբյուրը: Նշված չէր նաև, թե տեսանյութը երբ է նկարահանվել, ինչը նշանակում է, որ այն կարող էր նկարահանված լինել երեկ կամ, ասենք, հինգ տարի առաջ:
Եթե այս տեսանյութը փնտրենք Amnesty International-ի գործիքով, կգտնենք Action Tube-ի վերբեռնման ճշգրիտ ամսաթիվն ու ժամը, դրա հետ միասին` նաև չորս մանրանկար, որոնք կօգնեն պատկերի հակադարձ որոնում իրականացնել և գտնել բնօրինակ տեսանյութը:
Ստացված արդյունքներից ոչ մեկը ուղղակիորեն հղում չի կատարում բնօրինակ տեսանյութին: Այնուամենայնիվ, երրորդ մանրանկարի արդյունքները ցույց են տալիս այն տեսանյութերը, որոնց հետ միասին նախկինում նույն էջում տեղադրված է եղել նաև այս մանրանկարը: Եթե քլիք անեք այդ տեսանյութերի վրա, հնարավոր է չգտնեք այս մանրանկարը, քանի որ Յություբի էջի աջ կողմում գտնվող «Հաջորդը» բաժնի տեսանյութերը յուրաքանչյուր օգտատերի համար ընտրված են առանձին: Այդուահանդերձ, այս մանրանկարով տեսանյութը ժամանակին եղել է այդտեղ, երբ Գուգլը պահպանել է արդյունքները, ինչը նշանակում է, որ այդ տեսանյութերը կարելի է գտնել պահպանված (cached) էջում:
Այս հինգ արդյունքներից ոչ մեկը դարձյալ մեր փնտրած տեսանյութի սկզբնաղբյուրը չէ, սակայն երբ Գուգլը պահպանել է էջը, այնտեղ է եղել նաև այս մանրանկարը` մեզ անհրաժեշտ տեսանյութի հղումով: Երբ մենք նայում ենք առաջին պահպանված արդյունքը, տեսնում ենք Action Tube-ի տեղադրած տեսանյութի աղբյուրը, այն վերնագրված է այսպես` “Enhanced Forward Presence Battle Group Poland Conducts a Road March to Rukla, Lithuania.” (Լեհաստանում ՆԱՏՕ-ի ուժեղացված առաջապահ ռազմական ներկայության զորախումբը շարժվում է դեպի Ռուկլա` Լիտվա):
Այժմ մենք ունենք անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան` բնօրինակ տեսանյութը գտնելու համար և ստուգելու` արդյոք Action Tube-ի տեսանյութը իսկապես պատկերում է ռազմական տեխնիկայի տեղակայումը Լիտվայում: Մանրանկարի որոնման արդյունքներում գտնված տեսանյութի վերնագիրը փնտրելիս գտնում ենք 6 վերբեռնված ֆայլ: Եթե դրանք դասակարգենք ամսաթվով, կարող ենք գտնել ամենավաղ վերբեռնվածը, որը և եղել է Action Tube-ի տեսանյութի սկզբնաղբյուրը:
Այն տանում է դեպի 2017 հունիսի 18-ին վերբեռնված տեսանյութը, որը տեղադրել է Maj Anthony Clas անունով օգտատերը` Action Tube-ի վերբեռնումից (հունիսի 19) մեկ օր առաջ: Սա այն նույն տեսանյութն է, որը տեղադրել է Action Tube-ը:
Եթե փորձենք պարզ որոնում կատարել, կտեսնենք, որ Maj Anthony Clas-ը ԱՄՆ բանակի կայքում հոդվածներ է գրել Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործունեության մասին, ինչը նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, հաղորդակցության մասնագետն է, այսպիսով հավանականությունը մեծ է նաև, որ նրա տեսանյութն է հենց Action Tube-ի տեղադրած տեսանյութի սկզբնաղբյուրը:
Ստեղծարար մոտեցումն ավելի կարևոր է, քան ալգորիթմները
Թեև պատկերի հակադարձ որոնումը կարող է բացահայտել կեղծ տեսանյութերը, այնուամենայնիվ, այն կատարյալ լուծում չէ: Օրինակ` ստորև տեղադրված տեսանյութը, որը 45.000-ից ավելի դիտում ունի, իբրև թե պատկերում է ուկրաինացի զինվորների և Ռուսաստանի կողմից օժանդակվող անջատողական ուժերի միջև կռիվը Սվետլոդարսկի մոտ` արևելյան Ուրկաինայում: Տեսանյութը վերնագրված է` «Կռիվ Դոնբասի Սվետլոդարսկի շրջանում (նկարահանված Ուկրաինայի զինված ուժերի կողմից)»: Տեսանյութում կարող ենք տեսնել հրաձգություն և հրետանային կրակոցներ, թեև զինվորները կռվի ընթացքում կարծես թե ծիծաղում են:
Երբ տեսանյութի հասցեն տեղադրում ենք Amnesty International-ի կայքում, տեսնում ենք վերբեռնման ստույգ ամսաթիվն ու ժամը, ինչպես նաև մանրանկարները, որոնցով կարող ենք հակադարձ որոնում կատարել:
Արդյունքներն ուսումնասիրելով` տեսնում ենք, որ գտնված գրեթե բոլոր տեսանյութերը վերբեռնվել են մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ մեր դիտարկած տեսանյութը: Սրանից կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ տեսանյութում պատկերված կռիվն իսկապես տեղի է ունեցել Սվետլոդարսկի շրջանում 2016 թվականի դեկտեմբերին:
Սակայն տեսանյութն իրականում հատված է 2012 թվականի ռուսական զորավարժություններից:
Նույնիսկ ամենաստեղծարար կերպով պատկերի հակադարձ որոնման և Amnesty International-ի գործիքի կիրառման դեպքում այս բնօրինակ վիդեոն չեք գտնի որևէ տեղ, բացառությամբ այն հոդվածների, որոնք բացահայտում են տարածված կեղծիքները: Օրինակ` եթե մենք փնտրենք բնօրինակ տեսանյութի ճշգրիտ անվանումը («Կովկաս 2012 զորավարժություն, գիշեր)` ավելացնելով դրա սքրինշոթը, ապա արդյունքներում կլինեն միայն կեղծ տեսանյութեր Սվետլոդարսկի մասին: Հասկանալու համար, որ այդ տեսանյութը կեղծ է, պետք է կա՛մ նախապես ծանոթ լինել բնօրինակ տեսանյութին, կա՛մ սուր աչք (ավելի ճիշտ` ականջ) ունենալ, որը կհուշի, որ զինվորի ծիծաղն այնքան էլ չի համապատասխանում ենթադրյալ մարտական իրավիճակին:
Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անել: Պետք է ստեղծագործաբար մոտենալ որոնման գործընթացին: Դա անելու լավագույն եղանակներից մեկը փորձել մտածելն է այն մարդու պես, որը տարածել է պոտենցիալ կեղծ տեսանյութը: Վերևում ներկայացված տեսանյութում զինվորի ծիծաղը կարող է հուշել, որ այնտեղ գուցե իրական մարտ չէ: Դրանից հարց է հետևում` ի՞նչ հանգամանքներում ռուսախոս զինվորը կնկարահաներ կատարվածը և կծիծաղեր: Եթե ցանկանայիք նման տեսանյութ գտնել, ի՞նչ կփնտրեիք: Հավանաբար կուզենայիք, որ նկարահանումը տեղի ունենար գիշերը, որպեսզի որքան հնարավոր է քիչ մանրամասներ տարբերակվեն: Նաև կփորձեիք փնտրել դիտարժան մարտի այնպիսի տեսանյութ, որը Դոնբասում պատերազմին հետևող ուկրաինացիների և ռուսների համար հեշտ չէր լինի նույնականացնելը: Այսինքն` այդ նպատակին կարող են ծառայել ռուսական, ուկրաինական կամ բելառուսական զորավարժությունները, կամ այլ երկրների պատերազմական տեսանյութերը, որոնց ձայնը կմոնտաժեք և կփոխեք ռուսախոսների զրույցով: Եթե փնտրեք ռուսերեն «զորավարժություն» և «գիշեր» արտահայտությունները, այս տեսանյութը արդյունքների ցանկում կլինի ամենաառաջինը: Եթե, այնուամենայնիվ, չկարողանաք գտնել բնօրինակ տեսանյութը, ստուգելու լավագույն եղանակը կլինի կապվել այն անձի հետ, ով վերբեռնել է դա:
Եղիր ինտերնետային Շերլոք, ուշադրիր եղիր դետալներին
Նյութերի ստուգման համար օգտագործվող թվային գործիքներն ի սկզբանե ունեն իրենց սահմանափակումները, քանի որ դրանց ալգորիթմներին հնարավոր է խաբել: Հաճախ մարդիկ օգտագործում են պարզ հնարքներ` հակադարձ որոնումներում չհայտնաբերվելու համար` տեսանյութերը հայելային դարձնելով (mirroring), գունային սխեման սև ու սպիտակի փոխելով, պատկերը խոշորացնելով կամ փոքրացնելով և այլն: Այս խոչընդոտները հաղթահարելու լավագույն միջոցը մանրամասներին ուշադիր լինելն է, որպեսզի կարողանաք ստուգել տեսանյութի առանձին դետալները` համոզվելու, որ դրանում պատկերված միջավայրը համահունչ է միջադեպին:
2016 թվականի սեպտեմբերի 19-ին հաղորդումներ ստացվեցին, թե տղամարդը, որը պատասխանատու է Նյու Յորքում և Նյու Ջերսիում երեք ռումբի պայթյունի համար, ձերբակալվել է Լինդենում (Նյու Ջերսի նահանգ): Մի քանի լուսանկարներ և տեսանյութեր հայտնվեցին տարբեր աղբյուրներից, այդ թվում `ստորև ներկայացվածները, որոնք ցույց էին տալիս կասկածյալ Ահմադ Խան Ռահամիին` գետնին պառկած և ոստիկաններով շրջապատված:
Լինդենի հստակ հասցեն, որտեղ նա ձերբակալվել էր, անհայտ էր, բայց կարելի էր վստահորեն ասել, որ լուսանկարներն իրական են` հաշվի առնելով այն, որ դրանք պատկերում էին միևնույն տեսարանը երկու տարբեր կողմերից: Հայտնվեց նաև ստորև ներկայացված տեսանյութը, որը վերբեռնել էր տեղի բնակիչներից մեկը: Տեսանյութն ակնհայտորեն իրական էր, քանի որ օրվա ընթացքում այն մեծ տարածում գտավ նաև լրատվամիջոցներում: Բայց ինչպե՞ս կարող էինք մենք այս հրատապ իրավիճակում կայծակնային արագությամբ ստուգել արդյոք այն իրական է, թե ոչ:
Այս երկու լուսանկարներից բավական արագ կարելի է գլխի ընկնել, թե որտեղ է ձերբակալվել Ռահամին: Երկրորդ լուսանկարի ստորին ձախ անկյունում կարող ենք տեսնել գովազդային վահանակ չորս թվով (8211), ինչպես նաև բառերի հատվածներ «-ARS» և «-ODY»: Կարող ենք տեսնել նաև, որ այնտեղ է գտնվում 619 մայրուղու խաչմերուկը, ինչի շնորհիվ հնարավոր է պարզել ճշգրիտ վայրը: Եթե Լինդենում փնտրենք «8211» թվերով հեռախոսահամար, կգտնենք «Fernando’s Auto Sales & Body Work» ընկերությունը (Ֆեռնանդոյի մոտ` ավտոմեքենաների վաճառք և նորոգում), ինչը բացատրում է «-ARS» և «-ODY» հատվածները. դրանք «cars» և «body» («մեքենաներ» և այս դեպքում` «նորոգում») բառերի մասերն են: Կարող ենք գտնել նաև այս ընկերության հասցեն` 512 E Elizabeth Ave, Linden, NJ:
Google Street View-ում հասցեն ստուգելով` արագորեն կհամոզվենք, որ ճիշտ ուղու վրա ենք:
Ձախում` լուսանկար, թե ինչպես են ձերբակալում կասկածյալին Լինդենում: Աջում` նույն տեղանքի պատկերը Google Street View-ում:
Դիտարկվող երկու լուսանկարներում և տեսանյութում եղանակը նույնն է` ամպամած և խոնավ: Տեսանյութի 26-րդ վայրկյանին վարորդն անցնում է «Bower St» մակագրությամբ նշանի և 619 մայրուղու խաչմերուկի մասին ազդարարող նշանի կողքով: Սրա շնորհիվ պարզում ենք աշխարհագրական դիրքը, որը կարող ենք համեմատել լուսանկարներում գտնվող վայրի հետ:
Գուգլ քարտեզում երևում է, որ Բոուեր փողոցը խաչվում է Իսթ Էլիզաբեթ պողոտայի հետ, որտեղ ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցից ոչ հեռու ձերբակալվել էր կասկածյալը (նշված է դեղին աստղով):
Եթե ժամանակ ունեք, ապա տեսանյութում նկարահանված օբյեկտները Google Street View-ի պատկերների հետ համեմատելով, կարող եք պարզել նկարահանման հստակ վայրը:
Ձախում` Ռահամիի ձերբակալման օրվա վիդեո Լինդենում Աջում` պատկեր Google Street View-ում:
Կարող է թվալ է, թե այս փուլերից յուրաքանչյուրում անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել, սակայն այն ձեզանից հինգ րոպեից ավելի ժամանակ չի խլի, եթե գիտեք` ինչ փնտրել: Եթե չեք կարող կապվել ականատեսի հետ, որը տրամադրել է միջադեպի տեսանյութը, ապա այն ստուգելու համար անհրաժեշտ է միայն ուշադիր լինել դետալներին, մի քիչ էլ «վազվզել» Գուգլի քարտեզներում և Street view-ում: Տեսանյութերի ստուգումը ամենօրյա աշխատանք պետք է լինի ոչ միայն լրատվության դեպքում, այլև սոցիալական մեդիայում բովանդակության տարածման, քանի որ հենց այստեղ են կեղծ լուրերն ամենաարագը տարածվում:
Ճանաչել ազդանշանը աղմուկի մեջ
Ի տարբերություն լուսանկարների` տեսանյութերի թվային փոփոխության (խմբագրման) համար ավելի շատ ջանք ու հմտություն է պահանջվում, որպեսզի կադրից այս կամ այն տարրերն ավելացնելով կամ հեռացնելով, տեսանյութերը շարունակեն բնական տեսք ունենալ: Հաճախ տեսանյութերը փոփոխում են ոչ թե փաստերը կեղծելու նպատակով, այլ հեղինակային իրավունքներով պաշտպանված բովադակություն փնտրող ալգորիթմների կողմից չհայտնաբերվելու համար: Օրինակ` ֆիլմերը, հեռուստահաղորդումները կամ սպորտային իրադարձությունների տեսագրությունները կարելի է վերբեռնել Յություբում` հայելային պատկերմամբ, որպեսզի հնարավոր լինի դրանք դիտել (թեև մի քիչ անսովոր է), և միևնույն ժամանակ խուսափել հեղինակային իրավունքների մասին օրենքը խախտելուց: Հայելային վիդեոն արագ ճանաչելու լավագույն տարբերակը տեսանյութում որևէ գրություն կամ թիվ որոնելն է, քանի որ դրանք տարօրինակ տեսք ունեն շրջված վիճակում:
Ստորև ներկայացված սքրինշոթերում ցույց է տրված, թե ինչպես էր 2011 թվականին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության տեսագրությունը ներկայացվում որպես Բրյուսելի և Ստամբուլի օդանավակայանների ահաբեկչություն: Էֆեկտներից մի քանիսը, որոնք օգտագործում են կեղծողները, ներառում են տեսանյութի որոշ հատվածների խոշորացում, կեղծ ժամանակային կնիքների ավելացում, գունային սխեմայի փոփոխություն: Պատկերների հետադարձ որոնումը բարդացնելու համար` հաճախ նաև տեսանյութի վրա վառ տարբերանշանների տեղադրում:
Նման կեղծ տեսանյութերը գործիքների միջոցով հայտնաբերելու հեշտ մեթոդներ չկան, դուք պետք է ապավինեք ողջամտությանը և ստողծագործաբար մոտենաք որոնման գործընթացին: Ինչպես ռուսական զորավարժությունների տեսանյութի դեպքում, այլ դեպքերում էլ պետք է մտածեք, թե ինչ կփնտրեր կեղծարարը իր տեսանյութի սկզբնաղբյուրը գտնելու համար: Փնտրելով «օդանավակայանի պայթյուն» կամ «տեսախցիկի վերահսկում, ահաբեկչական հարձակում» արտահայտությունները, կգտնեք Դոմոդեդովո օդանավակայանի ահաբեկչական հարձակման տեսագրությունը. սա ավելի արագ արդյունք կտա, քան սքրինշոթերով հակադարձ որոնումը:
Ոչ մի կախարդական փայտիկ` հորիզոնում
Շատերը կարծում են, որ տեխնոլոգիաների զարգացումը կփրկի մեզ կեղծ լուրերից և բովանդակությունից, սակայն մինչ օրս կեղծ տեսանյութերը ճանաչող և բովանդակությունը բարձր ճշգրտությամբ ստուգող որևէ թվային գործիք չկա: Այլ կերպ ասած` ծրագրավորողների և կեղծ վիդեո ստեղծողների միջև սպառազինությունների մրցավազքում ծրագրավորողները պարտվում են, բացառությամբ սոցցանցերում և Յություբում տեղադրված նյութերի բովանդակության խիստ վերահսկողության դեպքերի: Թեև թվային գործիքակազմը կարևոր է կեղծ տեսանյութերը ստուգելու համար, այնուամենայնիվ, ստեղծարար մոտեցումն ավելի կարևոր է:
Հեղինակ` Արիք Թոլեր
Թարգմանությունը` Աննա Բարսեղյան
Հոդվածի բնօրինակը հրապարակվել է Bellingcat-ում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: