Փաստերի լրագրությունը Հայաստանում

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Փաստերի ստուգումը, հատկապես թվային դարաշրջանում, լրագրողների աշխատանքի համար ավելի ու ավելի կարևոր է դառնում: Լրագրողները հետևում են պաշտոնյաների հայտարարություններին, խոստումներին, ելույթներին, իրենց գործընկեր լրատվամիջոցների աշխատանքին: Ամենահայտնի առաջին օրինակներից է Օբամայի խոստումներին հետևող նախագիծը, որը հիմա էլ Թրամփի նախընտրական խոստումների իրականացումն է ստուգում:

Հայաստանում փաստերի ստուգմամբ մասնագիտացած է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադրած Sut.am կայքը:

«Տարիներ շարունակ հանդիպել ենք հանրությանը ներկայացնող ստերի, որոնք բացահայտման կարիք ունեն։ Նախկինում դրանք հերքում էինք մեր գործընկեր լրատվամիջոցների օգնությամբ, բայց հետո հասկացանք, որ արդեն հասունացել է սեփական հարթակ ստեղծելու պահը»,- ասում է կայքի համակարգող Դանիել Իոննիսյանը։

Բարդությունները

Լինում են դեպքեր, երբ փաստը ստուգելու համար պահանջվում է օրեր, նույնիսկ ամիսներ: Հատկապես, երբ անհրաժեշտ է լինում հարցումներ ուղարկել կամ տեղում ուսումնասիրել ու ստուգել: 

«Երբեմն դա տևում է շատ երկար, կորցնում ես թեմայի արդիականությունը, հանրային հետաքրքրությունը, կամ այն նվազում է հաստատ, բայց այլ տարբերակ չունես, որովհետև պետք է զգույշ լինես ու հանկարծ ինքդ սուտ չհրապարակես»,- ասում է Դանիել Իոննիսյանը:

Փաստերի ստուգմամբ զբաղվող թիմը Հայաստանում երբեմն ունենում է բարդություններ, որոնք կապված են օրենսդրության հետ. «Հաճախ հնարավոր չէ պարզել, թե որ կազմակերպությունը իրականում ում է պատկանում։ Կոռուպցիայի ոլորտի բացահայտումների համար սա շատ կարևոր գործիք է, ոչ միայն մեր, այլև իրավապահ մարմինների համար»:

Օրինակ, կարող է  խնդիր առաջանալ էներգետիկ ոլորտում, որտեղ շատ տեղեկություններ առևտրային գաղտնիք են համարվում:

«Օրինակ, մինչև հիմա չենք կարողացել ստուգել, թե, ի վերջո, Իրանը Հայաստանին շահավետ գնով գազ առաջարկե՞լ է, թե՞ ոչ: Կարծիքները տարբեր են, իրականությունը պարզել հնարավոր չէ։ Խնդիրը օրենսդրական է: Նրանք օգտվում են օրենքով ընձեռված հնարավորությունից»,- ասում է Իոննիսյանն ու հավելում, որ կազմակերպությունը 7-8 դատական գործ ունի՝ տեղեկություն չտրամադրելու կամ թերի տրամադրելու մասով։

Սխալների ուղղում

Անհրաժեշտության դեպքում Sut.am-ի խմբագրությունը լրացնում է արդեն հրապարակված նյութերը: Իոննիսյանը չի բացառում, որ իրենք էլ են սխալվում:

Այդպիսի դեպք եղավ «Կառավարությունը և «Ռազմինֆոն» հրապարակում են «գաղտնի» տեղեկություններ (թարմացված է)» հոդվածի դեպքում: Այն լրացվել է հենց «Ռազմինֆո»-ի պնդմամբ:

«Իհարկե այդ դեպքից հետո մենք մեր մոտեցումները վերանայեցինք, որոշեցինք շատ ավելի խիստ ինքներս մեզ վերաբերվել, բայց հիմնական սկզբունքը մնում է այն, որ հանկարծ սուտ չասենք: Ու թեև այդ դեպքում ըստ էության սուտ չէինք ասել, բայց իրոք ընթերցողի մոտ կարող էր սխալ տպավորություն ստեղծվել «Ռազմինֆո»-ի վերաբերյալ, ինչը մեզ համար տհաճ էր»,- ասում է Դանիելը:

Խմբագրությունն իր համար սկզբունք է ամրագրել. չկա սուտ, որին իրենք չեն անդրադառնում՝ լինի հրապարակված իշխանության, ընդդիմության, թե քաղաքացիական հասարակության կողմից:

«Մի անգամ նույնիսկ ես եմ հաջողացրել սուտ տարածել կապված Եվրամիության ընդլայնման հարցերով քաղաքականության  հանձնակատարի հայտարարության հետ, որը սխալ հասկացա և լրատվամիջոցներին սխալ մեկնաբանություն տվեցի, ինչին Sut.am-ը նույնպես անդրադարձավ:  

Հրապարակային ազդեցությունը

Իոննիսյանը նկատել է, որ վերջին տարիներին պաշտոնյաները խուսափում են թվեր հրապարակելուց: Հատկապես Սերժ Սարգսյանը շատ ավելի ուշադիր է դարձել վերլուծությունների ու խոստումների ժամանակ. «Նախկինում նա շատ էր սիրում տնտեսության վերաբերյալ տարբեր թվեր հրապարակել, հիմա ավելի քիչ է թիվ հրապարակում, հրապարակման դեպքում էլ դա անում է շատ զգույշ: Հիմա Սերժ Սարգսյանին ստի վրա բռնելը շատ ավելի դժվարացել է»:

Կայքը պատմում է ոչ միայն սխալ տեղեկությունների, այլ՝ մանիպուլյացիայի մասին: «Երբեմն թեման ունենում է 10 բացասական ու մեկ դրական կողմ: Ու հասարակությանը ներկայացվում է այդ միակ դրականը: Ուղիղ իմաստով սուտ չէ, բայց այդ դեպքերին ևս անդրադառնում ենք, մեր «Սուտ չի բայց…» բաժնում»,- պատմում է Իոննիսյանը։

Հոդվածներից բացի Sut.am-ը երբեմն նաև կարճ տեսահոլովակներ է հրապարակում, որտեղ  բարդ տեղեկությունն ավելի պարզ տեսքով են ներկայացվում:

Տեսանյութերի օգնությանն է դիմում փաստերի ստուգման մեկ այլ նախագիծ՝ Lragir.am-ի Fact checking-ը: Այստեղ թեմատիկ երգիծական հոլովակներ են:

Կայքում փաստերի ստուգման նախագծի համակարգող Նաիրա Հայրումյանն ասում է, որ իրենք ամսական երկու թեմա են ընտրում ու փորձում են ստուգել պաշտոնական տվյալների համապատասխանությունը իրականությանը: Նույն թեմաներով էլ երգիծական հոլովակ են պատրաստվում:

Փաստերի ստուգումն ինքնին լավ է, սակայն Նաիրա Հայրումյանին այլ հարց է մտահոգում. «Ես որպես քաղաքացի կցանկանայի տեսնել փաստերի ստուգման շարունակությունը: Ենթադրենք բացահայտվեց, որ պաշտոնատար անձը ստել է, հետո՞… այդ մարդը  որևէ պատասխանատվություն կրո՞ւմ է դրա համար: Չէ որ այդ սուտը սովորաբար ազդում է մարդկանց սպասումների կամ պլանների կառուցման վրա։

«Որոշ երկրներում կա պատվի օրենսգիրք: Ասենք, եթե պաշտոնյան սուտ է ասում, ու դա բացահայտվում է, ինքն իր պարտքն է համարում կամ հրաժարական տալ կամ գոնե ներողություն խնդրել, իսկ Հայաստանում դա չկա: Չկա նաև իրավական կարգավորում՝ որտեղ դիմել, որ պաշտոնյան սուտ է ասել: Սուտը որպես իրավական կատեգորիա գոյություն չունի, կա զրպարտանք, իսկ եթե դա պարզապես սուտ է, ինչպե՞ս դատի տալ։ Եթե այս հարցերը կարգավորված չեն՝ փաստերի ստուգումը մեծ հաշվով անիմաստ է, որովհետև ոչ մի շարունակություն չունի»,- ասում է լրագրողը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *