Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստի ժամանակ, խոսելով պարարտանյութերի ու սերմերի պարտքերի զիջման մասին, հրահանգել է թվեր ներկայացնելիս նկարչություն չանել:
Ոլորտում վիճակագրական թվերը ուռճացնելու մտավախությունն առիթ դարձավ ստուգելու, թե ինչպիսի զարգացումներ կան վերջին տարիներին գյուղատնտեսությունում: Վիճակագրական տվյալների միջոցով փորձել ենք պարզել, թե ինչպես է ստացվել, որ գյուղարտադրանքի ծավալը քչացել է, հակառակը՝ ավելացել արտահանումն ու գրանցվել գնանկում:
Գնանկում՝ անհասկանալի հանգամանքներում
Հայաստանի տնտեսության համար գյուղատնտեսությունն աճ ապահովող ոլորտ է: 2011թ.-ին ՀՆԱ-ում գյուղատնտեսությունն ունեցել է մինչև 20%-ի մասնակցություն, որը մեծությամբ երրորդ ցուցանիշ է հանքարդյունաբերությունից և առևտրային շրջանառությունից հետո:
2016թ-ին ՀՆԱ-ում ոլորտն ապահովել է 16% մասնակցություն՝ 2015թ-ից (17.3%) հետո շարունակելով անկումը:
Ոլորտն առաջընթաց ապրեց և աշխուժացավ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի նախարարության 6 տարիներին՝ 2010-2016թթ-ին:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վիճակագրության համաձայն, 2010թ-ից սկսած գյուղատնտեսական արտադրանքի ծավալներն աստիճանաբար աճել են:
Աճի գագաթնակետը գրանցվել է 2015թ-ին, երբ ստացվել է մոտ 1 տրիլիոն դրամի արտադրանք: 2016թ-ին ստացվել է 907 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք:
2016թ-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության ոլորտում գրանցված 2.1տոկոս անկումը պատճառաբանվեց կլիմայական պայմանների վատթարացմամբ և արտադրանքի իրացման բարդություններով։ Անկման մասին վիճակագրության հրապարակումը համընկավ նոր կառավարության ձևավորման հետ, երբ նախարար նշանակվեց Իգնատի Առաքելյանը:
2017թ-ի արդյունքներն ամբողջապես ամփոփված չեն, սակայն տարեսկզբից մինչև հուլիս ստացվել է 334 մլրդ դրամի արտադրանք: Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական տարին ավարտված չէ, այս թիվը դեռ կարող է կրկնապատկվել, ինչու չէ եռապատկվել:
Կարտոֆիլի, խաղողի, եգիպտացորենի, հացահատիկի և այլ մշակաբույսերի բերքահավաքը որոշ համայնքներում դեռ շարունակվում է:
Չկա դեֆիցիտ և կա ավելի մեծ ծավալի արտահանում
Անկման տնտեսական ազդեցությունը պետք է հիմնականում երևար արտահանման ծավալների կրճատման, գյուղմթերքի գների բարձրացման միջոցով: Հիմնականում լրատվամիջոցները լուսաբանում էին գյուղմթերքի մեծածախ գների անկման հետ կապված գյուղացիների զանգվածային դժգոհությունները: Մինչդեռ այստեղ կարևոր է նաև գնային փոփոխությունների, առավել ևս գնաճի գործոնի քննարկումը:
Օրինակ, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. օգոստոսին 2016թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 2.9%, իսկ 2017թ. հուլիսի համեմատ` 14.4% գնանկում:
Գյուղմթերքի գների անկման պատճառը ստացված մեծ քանակի արտադրանքն է:
Հայաստանից արտահանումների մոտ 30%-ը բաժին է ընկնում գյուղմթերքին: Եթե 2015թ-ին արտահանվել է 390 մլն դրամի, ապա 2016թ-ին 523 մլն դրամի գյուղարտադրանք: Արտահանվում են հիմնականում կենդանիներ, բուսական և կենդանական ծագման արտադրանքներ, բուսական յուղեր և ճարպեր, պատրաստի սննդի արտադրանքներ և այլն:
Համեմատած 2013, 2014, 2015թթ-ի հետ 2016թ-ին ավելի մեծ ծավալի գյուղմթերք է արտահանվել:
Գյուղմթերքի արտահանման ծավալների աճն ու ներքին շուկայում գնանկումը հակասում են արտադրանքի ծավալների պաշտոնական վիճակագրությանը:
Տարիների կտրվածքով վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղոլորտում թվերի հավաքագրման մեխանիզմը փոխվել է: Թե ինչ ազդեցություն կունենա նոր գործելաոճը տնտեսության վրա, դեռ պարզ չէ:
Հ.Գ. Տնտեսական աճ ցույց տալու համար արվող նկարչությանն անդրադարձել է մարզային լրատվամիջոցներից «ԱԼՏ»-ը: «Բանականության սահմանն անցած թվեր» հրապարակման մեջ կարող եք ծանոթանալ՝ ինչու են հենց այս ոլորտում նկարվում թվերը և ինչ մեխանիզմով:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: