Հոկտեմբերի 21-ի երեկոյան «Արմնյուզ»-ը նորությունների թողարկումը սկսեց «15 օր լիարժեք մթություն մոլորակի վրա» լուրով:
Հեռուստադիտողը տեղեկացավ, որ նոյեմբերին երկու մոլորակները՝ Վեներան և Յուպիտերը, հանդիպելու են, Արեգակի լույսը թուլանալու է, և Երկիր մոլորակը 15 օրով խավարելու է:
«Արմնյուզ»-ը շարունակեց հեռարձակել լուրը: Այն այսօր առավոտյան ժամը 10-ի նորությունների թողարկման բլոկում էր:
Արևի երկարատեւ խավարման մասին այս կեղծ լուրը ինտերնետում շրջում է 2015-ի մայիս-հունիս ամիսներից: Փոփոխական ակտիվացման փուլերով:
Սկզբում NewsWatch33 կայքն էր գրել նոյեմբերին մեր մոլորակի 15-օրյա լիակատար խավարման մասին: Ընդ որում՝ որպես լուրի աղբյուր, ինչպես «Արմնյուզ»-ի դեպքում էր, նշվում էր ՆԱՍԱ-ն:
Լուրն ինտերնետում քննարկել էին, այն հերքել էր նորությունների ստուգման Snopes կայքը և NewsWatch33-ը որակել էր որպես կեղծ լուրերի կայք:
Հետագայում արևի խավարման մասին լուրը ժամանակ առ ժամանակ հայտնվում և հերքվում է:
Նույնիսկ ՆԱՍԱ-ի կայքում հարցուպատասխանի ժամանակ այդ լուրի հերքումը կա:
Ապոկալիպտիկ տարրերով այս կեղծ լուրի համար «Արմնյուզ»-ի դեպքում, հնարավոր է, աղբյուր է ծառայել Ufospace.net-ում ռուսերենով հրապարակումը, որին կառուցվածքով, լեզվով և նյութի ավարտով շատ մոտ է հայկական եթերում հեռարձակված ռեպորտաժը:
«Итак, впереди 15 дней темноты и можно только представить, что произойдет на Земле в течение этого времени!!!»,- կարդում ենք Ufospace.net-ում:
«Առջևում մթության 15 օրերն են, ու կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մեր մոլորակում այդ ընթացքում»,- եթերից ասում է Էսթեր Մեսրոպյանը:
Արևի 15-օրյա խավարման լուրի կեղծ լինելու մասին ֆեյսբուքյան գրառումներից հետո «Արմնյուզ»-ը հեռացրեց տեսանյութը Յություբից (այստեղ տեղադրել ենք եթերից ձայնագրված տեսանյութը):
Սակայն դրանով խնդիրը չի լուծվում: Մարդիկ հեռուստացույցով դիտել են տեսանյութ, որտեղ իրենց մոլորակի համար 15 օրանոց խավար են կանխագուշակում: Մինի ապոկալիպսիս: Կան մարդիկ, որոնք լուրջ քննարկել են, թե ինչպես պատրաստվել այդ արհավիրքին:
Մի բան է, երբ կեղծ լուրը տարածվում է ինտերնետով և այլ հարթակներում հերքվում է, մեկ այլ բան՝ երբ հեռուստաընկերության խմբագրական ֆիլտրերն այնքան չեն աշխատում, որ կեղծ ու խուճապ տարածող լուրը մի քանի անգամ հեռարձակվում է եթերով:
Այս լուրը եթերում այնքան անհավատալի է, որ անգամ ապրիլի 1-ին հարմար չէ: Ապրիլմեկյան իրավիճակից խուսափելու համար կարելի էր ուղղակի ստուգել լուրը:
Այս դեպքում ամենապարզը ՆԱՍԱ-ի կայքում համապատասխան լուր կամ լուրի հերքում որոնելն էր:
Իսկ միջազգային, հատկապես անգլալեզու լրահոսից կասկածելի թվացող լուրերը ստուգելու համար մի շատ հարմար կայք կա՝ Snopes-ը, որը, ինչպես գրել էի, նույն խավարման լուրը «կեղծ է» պիտակով հերքել էր:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: