2024.11.04,

Նյուսրում

Մեդիաուղերձները հասկանալու մեր կարողությունը առանցքային է․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում մեկնարկեց մեդիագրագիտության շաբաթը։ Այս տարի այն անցկացվում է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) յոթերորդ տարին է, ինչ իր գործընկերների հետ  Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպում է դասընթացներ, քննարկումներ, վարպետության դասընթացներ։ Այս նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամյա մեդիագրագիտության շաբաթի տեղայնացումն է Հայաստանում։ 

Շաբաթվա մեկնարկի արարողությանը ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը հիշեց, որ երբ իրենք սկսում էին այս նախաձեռնությունը, չունեին աջակիցներ, գումար, հասարակության մեջ էլ չկար պատկերացում, թե ինչ է մեդիագրագիտությունն ու ինչի համար է այն անհրաժեշտ։  

«Տարիներ անցան, ես շատ ուրախ եմ, որ մեդիագրագիտություն բառը շրջանառության մեջ է։ Հիմա ավելի շատ անհանգստացած ենք, որ այն ճիշտ օգտագործվի, որ հասկանանք, որ մեդիագրագիտությունն էլ կարող է վտանգավոր լինել, եթե խառնենք այն պրոպագանդային»,- ասաց Նունե Սարգսյանը։  

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ իրենք կրթության այնպիսի գործիքակազմ են ներդնում համակարգ, որը հնարավոր է միայն մեդիագրագետ սպառողի առկայության դեպքում։  

«Նախագծային ուսուցումը, աշխատանքը տարբեր աղբյուրների հետ դասավանդման մեթոդներից է։ Սա ենթադրում է, որ ուսուցիչներն ու սովորողները պետք է կարողանան ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրները։ Այս կարողությունն անհրաժեշտ է ամեն օր՝ անկախ կրթական աստիճանից ու բնագավառից»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։  

Նախարարը խոսեց նաև նորագույն տեխնոլոգիաների մասին՝ խոստովանելով, որ երբեմն ուշ են արձագանքում մեր կողքին գտնվող իրողություններին։ Ուստի կա կարիք հասկանալու, թե ինչպես արագ ու արդյունավետ արձագանքել դրանց։  

«Հանրակրթության ոլորտում երկու դասընթացներ ունենք արհեստական բանականությանը նվիրված։ Մենք տեսնում ենք, որ ԱԲ կիրառությունը հնարավորություն է, բայց միաժամանակ լուրջ մարտահրավեր կրթության ոլորտի համար։ Նկատում ենք գրագողության դեպքերի խումբ, որի հիմքում ԱԲ կիրառումն է, տեսնում ենք, թե ինչպես է իրական բովանդակությունը փոխարինվում ԱԲ հեղինակած տեքստերով։ Սա նշանակում է, որ կրթական համակարգը պետք է ձևավորի մոտեցում այս իրողություններին»,- հավելեց Ժաննա Անդրեասյանը։ 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գնահատմամբ՝ մեդիագրագիտությունը հավանաբար օրվա թիվ մեկ թեման է, քանի որ առնչվում է բոլորին։  

«Մենք կիսում ենք գաղափարը, որ ԶԼՄ-ների դերակատումը մեծ է տեղեկատվական գործընթացի մեջ, քանի որ լրատվամիջոցներն իրազեկում են մարդկանց և, ըստ էության, քննադատական մտածողություն են սովորեցնում։ Ժողովրդավարական հասարակության զարգացման գործընթացում սա մեծ նշանակություն ունի։ Հասարակությունը հսկայական տեղեկատվությանը հասանելիություն ունի։ Թվային դարաշրջանում տեղեկատվության մանիպուլյացիները ճանաչելը հմտություն է։ Այս առումով դեռ շատ աշխատանք կա անելու։ Մեդիագրագիտությունը կտանի մեզ մեկ քայլ առաջ՝ դիմակայելու այս մարտահրավերին»,- նշեց Ալելոն։  

Մեդիաշաբաթվա մեկնարկի արարողությունը

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց, որ երկու խնդիր կա աշխարհում՝ մեկն այն է, որ շատ իրադարձություններ չեն լուսաբանվում, մյուսը, որ ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկություններ։  

«Մարդիկ, ովքեր դա անում են՝ շատ խելացի են։ Ես էլ երբ որևէ բան եմ կարդում, չգիտեմ՝ ճիշտ է դա թե ոչ, չարամտորեն է տարածվել, թե ոչ։ Ուստի կարող եմ ասել, որ մեդիագրագիտությանն այլընտրանք չկա։ Մեդիաուղերձները հասկանալու մեր կարողությունը առանցքային է։ Այն թույլ է տալիս հաղթահարել ապատեղեկատվությունը։ Հայաստանում մեդիագրագիտության խթանումը նպատակ ունի իրազեկ քաղաքացիական հասարակության ձևավորմանը»,- ընդգծեց Ֆրանկ Հեսսը։ 

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի (ԿԱՀ) «Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսն էլ համաձայնելով հնչող տեսակետներին ասաց, որ իրենք կարևորում են նաև ինֆլյուենսներների ինստիտուտը, որոնք մեդիակոնտենտ են ստեղծում և, ըստ էության, կարող են ապատեղեկատվություն տարածող լինել։  

Ամփոփելով, Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը եզրակացրեց, որ բոլորս պետք է լինենք մեդիագրագետ, որպեսզի կարողանանք ապակոդավորել ստացվող տեղեկությունները, վիճահարույց լուրերը։  

Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ։  Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։ Նոյեմբերի 7-ին ժամը 16:30-ին Ամերիկյան համալսարանում տեղի կունենա «5×5+1 մեդիագրագիտություն կամ ԱԲ հնարավորություններն ու մեդիան» խորագրով ինտերակտիվ քննարկում, որի մասնակցությունը բաց է ցանկացողների համար։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *