Օգոստոսի առաջին կեսին ակտիվ քննարկվեց Մարտի 1-ի գործի առնչությամբ BBC-ի ռուսական ծառայությունների հրապարակած հոդվածը ու դրա շուրջ տարածվեցին դավադրության տեսություններ։ Մեկ այլ թեմա էլ Ստամբուլյան կոնվենցիան էր։ Եղան նաև հերքումների առիթներ։
Վահե Գրիգորյանը կապ չուներ
Օգոստոսի 9-ին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հերքեց իր կապը BBC-ի ռուսական ծառայության դրանից երկու օր առաջ հրապարակված լրագրողական հետաքննության հետ։
Դատավորի և հոդվածի հեղինակի կապի մասին գրել էր politik.am-ը՝ հղում անելով իրենց ռուսաստանյան աղբյուրներին։ Հոդվածում ասվում էր, թե BBC-ի հրապարակումը տեղադրվել է Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով: Կայքը գրում էր, թե հետաքննության հեղինակ Գրիգոր Աթանեսյանն անձամբ Վահե Գրիգորյանից ստացել փաթեթը, որը նրան էլ անձամբ Սասուն Խաչատրյանն է տրամադրել։ Եվ որ լրագրողն ու դատավորը վաղեմի մտերմություն ունեն:
Գրիգորյանը այս հրապարակումը ապատեղեկատվություն որակեց` իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ ոչ մինչև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, ոչ էլ դրանից հետո, որևէ տեղեկություն, փաստաթուղթ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի չի փոխանցել: Լրագրողի հետ որևէ տեսակի շփում երբևէ չի ունեցել։
Դավադրության տեսությունները շարունակություն ունեն
Media.am-ը անդրադարձել է BBC-ի հետաքննության շուրջ տարածված դավադրության տեսություններին։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, թե սա դրսից պատվեր է՝ Հայաստանի և Արցախի մեջ պառակտում ստեղծելու համար։ Դրա տարածողներից մեկը քաղաքագետ ներկայացող Գեղամ Նազարյան է, որը տեսությունը հնչեցնում է YerkirMedia-ի եթերում, իսկ նրա գրած հոդվածը նույնությամբ վերատպում են մի քանի լրատվականներ՝ aravot.am-ը, news.am-ը, 7or.am-ը, 168.am-ը և մի շարք այլ կայքեր։
Այս թեմայով մեկ այլ տեսության համաձայն էլ սա իշխանությունների պլանն էր՝ Ղարաբաղի ուժայիններին չեզոքացնելու համար։ Այն պնդում է 5-րդ ալիքի եթերում ակտիվիստ ներկայացող Նարեկ Սամսոնյանը։ Ըստ նրա նպատակը մեկն է՝ վարկաբեկել, իսկ հետո բանտ նստեցնել ուժայիններին, որոնք ազատության մեջ թույլ չեն տա, որ իշխանությունը հողեր հանձնի։
Աղբամանները
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, թե «Քաղաքում լուրեր են պտտվում, որ քաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել» ու ավելացնում․ «Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա դա ինքնիրավչություն է»։
Այս լուրը հերքում են Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքայն էջի հերքման գրառման մեջ 2-4 աղբամանը դառնում է 4-6.․․ Խոսնակը բացատրում է, որ Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, ավելին, դրա կարիքն էլ չկա. համայնքը իր կարիքների համար մինչև տարեվերջ ձեռք կբերի անհրաժեշտ գույքն ու տեխնիկան։
Կարապետյանը հավելում է, որ ձեռք բերված աղբամանների մի մասն արդեն տեղադրված է Դավթաշեն վարչական շրջանում, այն նույն թաղամասում, որտեղ նախկինում կառավարում էին Ռուսլան Բաղդասարյանն ու իր թիմակիցները, և որտեղ, ըստ իրավապահների, վերջին տարներին առանձնապես խոշոր չափերի չարաշահումներ ու յուրացումներ են տեղի ունեցել ու հավելում․ «Եթե նախաքննության այս տվյալները հաստատվեն (իսկ դրա համար առերևույթ բոլոր հիմքերը կան), ապա շատ ավելի ակնհայտ կդառնան Բաղդասարյանի՝ պարբերաբար ապատեղեկատվություն տարածելու հակման հիմքերը»:
Ստամբուլյան կոնվենցիան
Ստամբուլյան կոնվենցիայի հիմնական դրույթներին, տարածվող միֆերին է անդրադարձել media.am-ը։
Ընտանիքի որևէ մոդելի սահմանում կոնվենցիան չի տալիս, ավելին՝ տեքստում չկան նույնասեռական ընտանիքների մասին դրույթներ։ Իսկ քննարկման առարկա դարձած «Երրորդ սեռ» եզրույթը կիրառվել է կոնվենցիայի քննադատների կողմից թե՛ Բուլղարիայում, թե՛ այլ երկրներում։ Հայաստանում էլ այն շահարկումների նյութ դարձավ։ Օրինակ, «168 ժամ» թերթը մեղադրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին նախարարությունում «երրորդ սեռի վարչություն» ստեղծելու մեջ։ Նախարարությունը «բացարձակ սուտ» որակեց այն։
Կոնվենցիայի քննադատությանը միացավ Հայ առաքելական եկեղեցին, քաղաքական և հասարակական գործիչներ, նույնիսկ ստորագարհավաք ստեղծվեց change.org հարթակում, որը Հարթակը ջնջեց, ինչից հետո ստեղծվեց հատուկ կայք՝ nostambul.am, որը արտաքին տեքստով նման է change.org-ին։
Քոչարյանը, գազի գինն ու Մոսկվայի պայմանները
Տեղեկատվության ստուգման ՊՈԱԿ-ը գրում է, որ Արտաքին գործերի նախարարությանից հերքել են տարածվող լուրը, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, համաձայն որի, գազի սակագնի շուրջ բանակցություններն անիմաստ և ապարդյուն են լինելու, եթե հոկտեմբերին՝ Հայաստան նախատեսված այցի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ չլինի։
ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է այս լուրը` հրապարակված ենթադրությունները, պարզապես, ծիծաղելի որակելով։
«Պոբեդա» ավիաընկերությանը չէին խոչընդոտել
«Հրապարակ» թերթը օգոստոսի 13-ին գրում է, թե Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի հրապարակված պատճառի հետ, այն է՝ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք քանակով չեն ստացել: Փոխարենն թերթը գրում է, թե այստեղ կան մրցակցային անհավասար պայմաններ ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքականություն։
Այս կապակցությամբ Կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: Ավելին` Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից 2019 թվականի ձմեռային նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: