Պետական կառույցներն իրենց նոր ծրագրերը հանրությանը հասցնելու համար ամեն անգամ մատուցման ձևեր են որոնում, հարթակ ընտրում։
Լրատվամիջոցներին մամուլի հաղորդագրություն ուղարկելն ու ասուլիսներ կազմակերպելն այլևս բավարար չեն։ Բնակչության զգալի մասը սոցցանցերում է, որտեղ էլ պետք է ակտիվ աշխատել։
Նախարարությունների մամուլի խոսնակները ու հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուները աշխատում են նոր ծրագրերի մասին բարդ տեղեկությունները այնպես փաթեթավորել ու տարածել սոցցանցերում, որ լսարանին հասանելի ու մատչելի լինի։
Ինչպե՞ս են նախարարության ծրագրերը հասնում մարդկանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան
Նախարարության ծրագրերի, բարեփոխումների հանրային իրազեկման հիմնական միջոցը, չհաշված դասական մեդիան, մեզ համար սոցիալական ցանցերն են: Չնայած այն հանգամանքին, որ նախարարությունը և նախարարը էջեր ունեն տարբեր սոցիալական հարթակներում՝ Թվիթեր, Ինստագրամ, Լինքեդին, այնուամենայնիվ, հիմնական հարթակը մնում է Ֆեյսբուքը:
Այստեղ շեշտը դնում ենք վիզուալ բովանդակության վրա՝ ինֆոգրաֆիկա, վիդեո, լուսանկարներ: Կազմակերպում ենք նաև ֆեյսբուքյան ասուլիսներ, երբ այս կամ այն ոլորտային մասնագետը ուղիղ եթերում պատասխանում է նախարարության էջի հետևորդների հարցերին:
Ֆեյսբուքում պաշտոնական էջեր ունեն նաև նախարարի բոլոր 4 տեղակալները, որոնք ակտիվորեն զբաղվում են ծրագրերի հրապարակայնացմամբ և պատասխանում քաղաքացիների նամակներին:
Գործարկել ենք նաև ֆեյսբուքյան տեղեկատվական արշավներ՝ կապված խնամատարության ինստիտուտի, աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ: Հրապարակում ենք ինֆոգրաֆիկաներ՝ սոցիալական բառարանի տեսքով՝ բացատրելով ոլորտի համար գործածական բառերի կամ արտահայտությունների նշանակությունը, որպեսզի հնարավորինս խուսափենք տարընթերցումներից:
Հունվար ամսից սկսած՝ նախարարությունը որդեգրել է նաև բոլոր ծրագրերի, ռազմավարությունների, իրավական ակտերի հանրային քննարկման քաղաքականություն, ոչ միայն e-draft հարթակում, այլև՝ դեմ առ դեմ: Այս տարի ունեցել ենք ավելի քան 40 հանրային քննարկում՝ Երևանում և մարզերում:
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյան
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների ու բարեփոխումների մասին տեղեկությունը հանրությանը հասանելի դարձնելու համար հիմնականում օգտվում ենք զանգվածային լրատվության միջոցների հնարավորություններից և Ֆեյսբուք սոցիալական հարթակից:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան
Նախարարության ցանկացած դրական փոփոխություն հանրությանը հասցնում ենք սոցիալական հոլովակների, մամուլի հաղորդագրությունների, ուղիղ եթերների, ասուլիսների, հարցազրույցների միջոցով: Առողջապահության նախարարությունը, լինելով բավականին սպեցիֆիկ ոլորտ, ակտիվ համագործակցում է այն լրագրողների հետ, որոնց ուղղվածությունը հենց առողջապահական ոլորտն է: Իսկ ընդհանուր առմամբ աշխատում ենք բոլոր լրատվամիջոցների հետ, փորձում ենք մեր ասելիքը տեղ հասցնել պարզ, խոսակցական լեզվով: Պարբերաբար կազմակերպում ենք նեղ մասնագիտական թեմաներով սեմինարներ:
Մատուցման ի՞նչ ձևեր են օգտագործում
Սոնա Մարտիրոսյան
Մատուցման ձևը կախված է փոփոխության կամ ծրագրի մասշտաբից: Եթե առանձին լրատվամիջոցներ հետաքրքրություն են ցուցաբերում թեմայի վերաբերյալ, մենք ևս խրախուսում ենք էքսկլյուզիվ կոնտենտի ստեղծումը և հնարավորինս աջակցում մեր գործընկերներին՝ բանախոսների, հերոսների և անհրաժեշտ տվյալների տրամադրման հարցում: Եթե համարում ենք, որ փոփոխությունը կամ ծրագիրը պետք է հնարավորինս լայն լուսաբանվի, կազմակերպում ենք նաև ասուլիսներ, հատկապես, եթե խոսքը վերաբերում է միջգերատեսչական համագործակցությանը կամ, օրինակ, միջազգային կամ տեղական ՀԿ-ների հետ համագործակցությանը:
Լրատվամիջոցներին չենք ընտրում: Բոլոր հանրային միջոցառումների վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են բաց՝ Լրագրողների Facebook-յան խմբում, նախարարության պաշտոնական էջում, ինչպես նաև՝ առանձին ուղարկվում բոլոր լրատվամիջոցներին:
Լուսինե Մարտիրոսյան
Արդարադատության նախարարությունը համագործակցում է մեդիա դաշտում գործող բոլոր լրատվամիջոցների հետ և խտրականություն չի դնում լրատվամիջոցների միջև:
Նախարարությունը կազմակերպում է և՛ ասուլիսներ, և՛ ընդունում տարբեր թեմաներով ԶԼՄ-ների հարցազրույցների հրավերները, մասնակցում մեդիա տաղավարներում կազմակերպվող քննարկումներին, ռադիոհաղորդումներին, ֆեյսբուքյան ասուլիսներին և այլն: Նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկությունը առաջինը տեղ է գտնում Նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ալինա Նիկողոսյան
Նորությունը տեղ հասցնելու առաջին քայլը պաշտոնական կայքում և Ֆեյսբուքում հրապարակելն է: Միջազգային հարթակներում երևալու համար օգտագործում ենք Թվիթեր, երիտասարդներին, մայրիկներին ինֆորմացիա փոխանցելու համար` Ինստագրամ: Բոլոր տեսահոլովակները, ռեպորտաժները տեղադրում ենք Յություբում։ Արդեն ունենք նաև Տելեգրամ`ավելի օպերատիվ աշխատանքի համար:
Քանի որ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջն ունի 100 հազարից ավելի հետևորդ, ծրագրերը ներկայացվում են նաև իր էջի միջոցով: Առաջիկայում կգործարկվի նաև մեր նոր կայքը՝ ավելի ինտերակտիվ ու հասանելի։
Լրատվամիջոցների աշխատանքի արդյունավետությունը
Սոնա Մարտիրոսյան
Սոցիալական պաշտպանության ոլորտի լուսաբանումը բավականին բարդ է։ Պետք է հաշվի առնել, որ նախարարությունն աշխատում է ոչ միայն թվով ամենաշատ քաղաքացիների հետ, այլև՝ հասարակության ամենախոցելի խավերի հետ։ Այս պարագայում շատ մեծ պրոֆեսիոնալիզմ է պետք՝ լրատվության և մանիպուլիացիայի միջև եղած սահմանը չանցնելու համար: Մեր գործընկերներից շատերն, իրոք, մեծ պատասխանատվությամբ են մոտենում հարցին, սակայն լինում են նաև այլ դեպքեր: Ես առավել հակված եմ այս «այլ դեպքերը» համարել որպես քաղաքական մանիպուլիացիաների փորձ, ինչպիսիք ունեցանք, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված խեղաթյուրումների, ապատեղեկատվության տարածման հետ, իսկ այսօր՝ գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացի և խնամատար ընտանիքների դեպքում: Այս դեպքում, կարծում եմ, պարզաբանումների կամ հերքումների գործիքը շատ արդյունավետ չէ, որովհետև «մյուս կողմը» շեշտը դնում է հանրության մեդիագրագիտության ոչ բավարար աստիճանի վրա և, հիմնականում, խաղում զգացմունքների և ոչ բանականության հետ:
Այս խնդիրներից որոշակիորեն կարողանում ենք խուսափել, քանի որ երեխաների դեպքում հստակ որոշում ունենք՝ հնարավորինս զերծ պահել գիշերօթիկների, մանկատների, խնամքի այլ հաստատությունների սաներին լրատվամիջոցների հետ շփումից, քանի որ գրեթե անհնար է դառնում հետագայում երեխաների անձնական կյանքի գաղտնիության, նրանց անանունության ապահովումը կամ խտրականացումից խոսափելը:
Լուսինե Մարտիրոսյան
Նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումները լուսաբանելիս, ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով, նախապես ԶԼՄ ներկայացուցիչներին տրամադրվում է տվյալ ծրագրի կամ նախաձեռնության վերաբերյալ տեղեկանք, որը հիմնականում օգնում է զերծ մնալ տարընկալման արդյունքում սխալ տեղեկություն հանրությանը փոխանցելուց:
Լրատվամիջոցների և լրագրողների դերն ու առաքելությունը չափազանց մեծ է լսարանին ճիշտ և օբյեկտիվ տեղեկություն փոխանցելու հարցում:
Որպես խնդիր՝ կնշեմ գերատեսչության կողմից հերքվելու արդյունքում կրկին հոդվածների գլխագրերում ապատեղեկատվությունը որպես «վերջին ճշմարտություն» ներկայացնելը և միայն հոդվածի վերջում հերքման մասին հիշատակելը:
Ալինա Նիկողոսյան
Ունենք շատ գործընկերներ, որոնք շատ մանրակրկիտ են մոտենում հարցերին, նրանք հիմնականում հենց այս ոլորտով հետաքրքրվող և լուսաբանող լրագրողներն են: Մի մասը պարզապես օգտվում է պաշտոնական հաղորդագրություններից: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մեր ասելիքը հասցվում է տեղ, և լրատվամիջոցները հստակ կատարում են իրենց դերը: Իհարկե, լինում են նաև սխալ տեղեկություններ, բայց դրանք միանգամից պաշտոնապես հերքվում են մեր կողմից:
Կան լրատվամիջոցներ, որոնք անկախ ամեն ինչից տարածում են այն, ինչ իրենց պետք է: Օրինակ պատվաստումները. ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ ներկայացնում են միակողմանի, իրականության հետ որևէ կապ չունեցող տեսակետ և կողքին չեն դնում պաշտոնական մեկնաբանությունը:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: