Նյութեր՝ հանուն մարդու ու շրջական միջավայրի

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ոլորտը կշարունակվի կարևորվել նաև մոտակա տարիներին, քանի որ այս տարի Հայաստանը պետք է հրապարակի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազգային զեկույցը: Այն կպատրաստվի անկախ գնահատողի կողմից: Կհամադրվեն մի կողմից՝ պետական մարմինների և մյուս կողմից՝ հանքարդյունահանողների ներկայացված հաշվետվություններում առկա տվյալները:

Հայաստանն ԱՃԹՆ թեկնածու երկիր է 2017թ. մարտից: Միջազգային այս ստանդարտի նպատակը աշխարհում բնական պաշարների բաց, հաշվետու կառավարումը բարելավելն է:

Նախաձեռնությանը միացած Հայաստանը մինչև 2020թ. հունվարի 1-ը պետք է ունենա մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստր:

Ինչպե՞ս պետք է լուսաբանվի ոլորտը, ինչի՞ն է անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Այս հարցերի պատասխաններով կիսվել է «Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունն ու հայաստանյան գործընթացը» ուղեցույցում:

10 առաջարկ հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանողներին

Նախաբանի փոխարեն. լրագրողական նյութի կամ պատմության առանցքում մարդն է ու շրջակա միջավայրը:

  • Այցելեք ազդակիր համայնք (շրջական միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա տարածքի բնակչություն) գտեք մարդկանց և ուսումնասիրեք, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել տվյալ հանքը համայնքի սովորական բնակչի վրա:
  • Հանքարդյունաբերողները միշտ ձգտում են քիչ ներդրում անել և մեծ շահույթներ ստանալ: Ուսումնասիրեք նրանց «վերաբերմունքը» բնության նկատմամբ. ինչ տարածքներ են վերցրել և ինչպես են դրանք օգտագործում:
  • Իսկ մինչ այդ՝ ուսումնասիրեք նախապատրաստական փուլից մինչև շահագործումը հանքավայրի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, համեմատեք դրանք տրված խոստումների և իրականության հետ:
  • Փաստաթղթերի համար որոշ բաց աղբյուրներ կան, բայց մի զլացեք նաև հարցումներ անել և պահանջել ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը պետական գերատեսչություններից և հանքավայրը շահագործող ընկերություններից: Այնպես, ինչպես հանքարդյունահանողները կվերաբերվեն ձեր հարցումներին, վերաբերվում են նաև իրենց հանքավայրի հետ առնչվող խնդրահարույց կողմերին, այդ թվում՝ ազդակիր համայնքներին և շրջակա միջավայրին տված վնասներին:
  • Հասկանալու համար, թե արդյունահանողները որքան արտոնյալ կամ որքան փոխկապակցված են իշխանության հետ, հանքարդյունահանող ընկերություններում կատարված ստուգումների մասին հարցումներ ուղարկեք  պետական համապատասխան գերատեսչություններ (Բնապահպանության նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն), հարցրեք՝ երբ կամ ինչ հաճախականությամբ են ստուգումներ կատարել, ինչ են հայտնաբերել, ինչ պատժամիջոցներ են կիրառվել:
  • Ուսումնասիրեք դատական հայցերը, ինչ գործերում են ներգրավված հանքարդյունահանողները: Երբեմն նյութի կարևոր բաղադրիչները հենց այստեղից են հայտնաբերվում:
  • Եթե հանքարդյունահանող ընկերությունն օտարերկրյա գրանցում կամ գործունեություն ունի, փորձեք գտնել այդ ընկերության վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումներ, ուսումնասիրեք տվյալների բազաներն ու դատական գործերը այն երկրներում, որտեղ գործում են:
  • Զրուցեք փորձագետների, բնապահպանների հետ, նրանք հաճախ հուշում են կարևոր անկյուններ, որոնք առավել խորը ուսումնասիրության կարիք ունեն:
  • Փորձեք առողջապահական անկյուն էլ ունենալ՝ ուսումնասիրելով ազդակիր համայնքներում մարդկանց առողջական վիճակի մասին վիճակագրությունը: Երբեմն այդ վիճակագրությունը դուք պետք է հավաքեք:
  • Վերջում չմոռանաք պատասխանի հնարավորություն տալ հանքարդյունահանողներին:

Եվ վերջապես ՝ փաստերը ստուգելը պարտադիր  պայման է:

Եվ փակագծերից դուրս կամ ի շրջանս յուր, չմոռանաք նյութը կառուցել մարդու և բնության շուրջ:  

 

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *