Կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարն ի սկզբանե վստահություն չէր ներշնչում:
Նախկինում մեդիան բարձրաձայնում էր խնդիրը, և պատասխան ստանում, որ ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ լավ է, դուք՝ լրագրողներդ, սխալ եք հասկացել: Իսկ հիմա ասում են՝ այո, խնդիրներ կան, եկեք քննարկենք ու միասին լուծենք: Բայց երբ մատնանշում ենք կոնկրետ դեպքեր ու խնդիրներ, փորձում են ապացուցել, որ նման խնդիր չկա:
Պարզ օրինակ բերեմ. հայտարարված է պայքար մենաշնորհների դեմ (այսինքն, չի թաքցվում, որ կան մենաշնորհներ և դրանք լուծելու հարցում եղել են թերացումներ): Մենք կոնկրետ օրինակներով մատնացույց արեցինք, թե ո՛ր ոլորտում ո՛ր ընկերություններն ունեն մենաշնորհ, և ի պատասխան կառավարությունը սկսեց ապացուցել, որ այդ ոլորտներում մենաշնորհներ չկան: Ձևակերպումն էլ այսպիսին էր. «Հասարակական ընկալման մեջ մենաշնորհներ կան, բայց իրականում այդպես չէ»: Ստացվում է, որ եթե ֆորմալ առումով մենաշնորհներ ունեն մի քանի մարդ, մենաշնորհներ չկան:
Պետությունը մեդիային երկխոսելու (ահազանգելու, առաջարկներ և դիտողություններ անելու) կոչ արեց, և մենք հրապարակեցինք յոթ կետանոց առաջարկների փաթեթ, որն իրականում պարզ գործողություններ էր ենթադրում: Օրինակ, խոշոր հարկատուների ցանկի մանրամասնում, խոշոր ներմուծողների մասին տեղեկության թափանցիկություն և այլն:
Կարևոր կետ էր նաև բիզնեսի իրական սեփականատերերի հրապարակային լինելը կամ էլ առնվազն պաշտոնապես սեփականատեր ձևակերպված անձանց մասին ինֆորմացիայի մատչելիությունը: Հիմա մենք ստիպված ենք վճարել ՍՊԸ սեփականատարերի անունները իմանալու համար, իսկ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի մասին ինֆորմացիան ընդհանրապես փակ է: Ավտոմատացված դարում ինֆորմացիան պետք է բաց լինի, որպեսզի լրագրողները կարողանան այն ուսումնասիրել:
Որքան գիտեմ, այդ առաջարկները քննարկվել են պատկան մարմիններում և անգամ դրանց մի մասը հավանության է արժանացել, բայց ոչ մի քայլ դրան չի հաջորդել:
Բոլոր գերատեսչություններն ունեն իրենց տվյալների բազան, բայց իրականում տեղեկությունն այնտեղ ծայրաստիճան խճճված է: Այսինքն, պետք է հստակ իմանալ, թե որտեղ է գտնվում պահանջվող փաստաթուղթը, այլապես այն չես գտնի:
Երբեմն այնպիսի տպավորություն է, որ ինֆորմացիան միտումնավոր խառնված է, մասնատված ու լցված տարբեր կայքեր և կայքերի ամենախորը անկյուններ, որպեսզի այն գտնելը դժվար լինի: Տեսնում ես, որ փաստաթղթերն իրենց ձևաչափերով համադրելի չեն, և հաճախ չեն գործում բանալի-բառերը: Կամ էլ՝ պարզվում է, որ ինֆորմացիան չորոնվող տառատեսակով է հրապարակված:
Իրականում տեխնիկական խոչընդոտները շատ են բարդացնում մեր գործը և նույնիսկ՝ կազմաքանդում: Եթե պետությունն իրոք ուզում է դաշտը բացել ու թափանցիկ դարձնել, պետք է այնպես անի, որ տեղեկության որոնումն ու տրամադրումը առավելագույնս պարզ լինի:
Իհարկե, թևաթափ է անում նաև այն, որ մեդիայում տեղ գտած հրապարակումները արձագանք չեն ստանում:
Օրինակ, տեսնում ենք, որ պաշտոնյաների կամ պատգամավորների գույքի հայտարարագրերում գրված է, որ տարվա սկզբին ու տարվա վերջին կոնկրետ մարդը զրոյական եկամուտ է ունեցել, տարվա ընթացքում միայն պատգամավորական աշխատավարձ ստացել ու նույն տարում ձեռք բերել 100 հազար եվրո արժեցող մեքենա։ Ընդ որում, այդ ձեռքբերումը որպես նվիրատվություն չի ձևակերպված, հետևաբար՝ այն գնվել է։ Բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով։
Որպես կանոն, մեզ չեն պատասխանում կամ էլ ուղարկում են լղոզված և ոչ լիարժեք պատասխաններ:
Ամենավառ օրինակներից մեկը կապված է էներգետիկ ոլորտի հետ: Երկու տարի առաջ ռուսական կողմը Հայաստանի համար թանկացրել էր բնական գազը, իսկ պաշտոնյաներն այդ տեղեկությունը փակ էին պահում: Ամենազավեշտալին այն էր, որ գազի թանկացումը երևում էր մաքսային տվյալներից, սակայն թե՛ իմ, թե՛ իմ գործընկերների հարցերն ու հրապարակումները այդ թեմայով կա՛մ անպատասխան էին մնում, կա՛մ հայտարարում էին, որ նման բան չկա և բանակցություններ են ընթանում։
Հետո պարզվեց, որ գազի թանկանցման պատճառով Հայաստանը ռուսական կողմին 300 մլն դոլարի պարտք է կուտակել, որի դիմաց էլ «ՀայՌուսԳազԱրդում» Հայաստանի 20% բաժնեմասը զիջեցինք «Գազպրոմին»: Ու դրա, կամ թեկուզ՝ հասարակությանը մոլորեցնելու համար, ոչ ոք պատասխան չտվեց։
Ոչ միայն պատասխան տվող չեղավ, այլ նույնը կատարվում է նաև այսօր. քննարկվում է Երևան ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիային»:
Երևան ՋԷԿ-ը մի քանի տասնյակ միլիոնի պարտք է կուտակել գազի դիմաց։ Պատճառներից մեկն այն է, որ Երևան ՋԷԿ-ը 30-40 մլն դոլարի վարկ, 13.5 մլն դոլարի էլեկտրաէներգիա է տրամադրել սնանկացման ճանապարհին գտնվող «Նաիրիտ» գործարանին: Այսինքն, փոշիացրել է գումարները: Ու անհայտ է, թե ով է այդ որոշումը կայացվել ու համակարգը կանգնեցրել փլուզման վտանգի առջև։
Իսկ երբ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին հարցնում են պարտքի պատճառների ու մեղավորների մասին, նա ասում է. «Ես ընդամենը էներգետիկայի նախարար եմ, հարցը ուղղեք համապատասխան մարմիններին»:
Ու կրկին ոչ ոք պատասխան չի տալիս այն անշրջահայաց որոշումների համար, որոնց պատճառով մենք ոչ միայն մտնում ենք լրացուցիչ պարտքերի տակ, այլ զիջում ենք ռուսական ընկերությանը մեր ակտիվների վերջին փշրանքները։
Լրագրողական հետաքննությունները անարդյունք ենք մնում: Անգամ հակառակը՝ տեսնում ենք, որ երբ պաշտոնյայի հասցեին որևէ մեղադրանք կամ կասկած է հնչում, նրան ազատում են համակարգից և կարճ ժամանակ անց այլ պաշտոն առաջարկում:
Այս իրավիճակում լրագրողի մոտ անհետանում է իր գործն անելու ցանկությունը, շահագրգռվածությունը և իմաստը: Մտածում ես՝ բացահայտեցինք, գրեցինք, բա հետո՞…
Դրսից՝ միջազգային կառույցներից, միլիոնավոր դոլարների գումարներ են ուղղվում՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Հիմնականում կատարելագործում են օրենսդրությունը, մեխանիզմները։ Բայց երբ փողը տրվում է այն մարդկանց, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ (կամ էլ իրենց ասելով՝ հասարակական ընկալումն է այդպիսին), երբ կոռուպցիայի դեմ պայքարը տանում են կոռուպցիոներները, այդ ծիծաղելի է խոսել պայքարի մասին:
Նաև հենց ինքը՝ մեդիա դաշտը, ահագին խնդիրներ ունի ու պետական իշխանության խնդիրներին անդրադառնալուն զուգահեռ պետք է նաև այս մասին մտածել։
Կարևորը լրատվամիջոցների ֆինանսական անկախությունն է, որի պակասը շատ է կաշկանդում: Լրատվամիջոցները չեն կարողանում ինքնածախսածածկվել գովազդային հոսքերով, քանի որ գործարարները պատրաստ չեն, իսկ շատ դեպքերում՝ վախենում են գովազդ տեղադրել ընդդիմադիր լրատվամիջոցներում։
Լրատվամիջոցների ֆինանսական անկախության ճանապարհը, ցավոք, միայն օտարերկրյա գրանտերն են, ինչը Հայաստանում միանշանակ չի ընդունվում: Այնպես որ լրատվամիջոցների հնարավորությունները շատ սահմանափակ են:
Ի հայտ է եկել նաև մեկ այլ պրոբլեմ. Հայաստանում լրատվական, կամ ավելի ճիշտ՝ լրատվական ներկայացող կայքերը սարսափելի շատացել են: Ես հպանցիկ հաշվարկ եմ արել ու պարզել, որ հայաստանյան տիրույթում որպես լրատվամիջոց այսօր գործում են 80 կայքեր:
Ավելին՝ վերջին շրջանում ավելացել են «ru» դոմեյնով լրատվամիջոցները (lrahos.ru, surlur.ru և այլն), որոնք իբրև թե սենսացիոն լուրեր են հրապարակում, բայց իրականում գովազդող ու քլիք ապահովող կայքեր են: Նշաձողն այնքան է ընկել, որ լուրերի վերնագրերը գրում են հայերեն, իսկ նյութերը թողնում ռուսերեն: Այսինքն ռուսական սկզբնաղբյուրից տեքստեր են վերցնում ու ծուլանում նույնիսկ թարգմանել:
Տարածվել է նաև այսպիսի պրակտիկա. երբ լրատվամիջոցը չի ուզում իր անունից տարածել ինֆորմացիան, ֆեյք անկետա է բացում սոցցանցերում, այնտեղ գրում իր ուզածն ու հետո դա վերահրատարակում իր լրատվամիջոցում՝ այդ կերպ իր վրայից մի կողմ դնելով պատասխանատվությունը:
Արդյունքն այն է, որ լրատվության նկատմամբ հասարակական վստահությունը այսօր աննախադեպ նվազել է և գրեթե հավասարվել իշխանության նկատմամբ վստահության մակարդակին։ Իսկ կոռուպցիայի և այլ երևույթների դեմ պայքարելու գործում ամենակարևոր գործոնը հենց վստահությունն է։
Նաև կադրերի խնդիր կա։ Օրինակ, լրագրողների թիվը մեծ է, բայց որակյալ տնտեսական լրագրող գտնելն այսօր բավականին բարդ է։ Քչերն են խորանում տնտեսական լրագրության մեջ, որովհետև այն ծանր գործ է, կարելի է ասել՝ անշնորհակալ, իսկ ընթերցողները՝ քիչ։ Հաճախ չեն լինում սենսացիոն նյութեր, որոնց շնորհիվ հեղինակը միանգամից հայտնի է դառնում։
Սակայն իրականում լուրջ ու փաստարկված, թեկուզ փոքր-ինչ դժվար կարդացվող տնտեսական նյութն ավելի կարևոր է, քան որևէ պաշտոնյայի կնոջ հագուստի մասին հրապարակումները, որոնցով հեղեղված է լրահոսը։
Հենց այս պատճառով կարևոր բաները երբեմն կորում են։ Հնարավոր է՝ ԱԺ-ում քննարկվի չափազանց կարևոր օրինագիծ, սակայն տվյալ օրվա լրահոսի գլխավոր թեմա դառնա պատգամավորներից մեկի՝ միջանցքում հնչեցրած անպարկեշտ խոսքը, որովհետև լրագրողը դրան ավելի մեծ կարևորություն է տալիս (կամ էլ թեմայից չի հասկանում)։
Երբ գործարկեցինք մեր կայքը՝ b4b.am-ը, ուզում էինք, որ տնտեսական ու բիզնես լրահոսը ներկայացվի բոլորին հասկանալի լեզվով։ Առաջին իսկ օրից գիտեինք, որ շատ ընթերցող չենք ունենալու: Վստահ ենք, որ փոքր, բայց ճիշտ լսարանի համար աշխատելն ավելի լավ է:
Ունենք նաև փակ, վճարովի բաժին, որտեղ անհրաժեշտ տվյալները հավաքում, մշակում ու համակարգված, հարմար տեսքով ներկայացնում ենք գործարար աշխարհին ու փորձագետներին։ B4B նշանակում է՝ business for business: Մեր ֆինանսավորման հիմնական աղբյուրը դա է։ Չունենք հովանավորներ՝ քաղաքական թևից կամ օլիգարխներից, դրամաշնորհներ չենք ստանում։ Վաճառում ենք մեր ստեղծած որակյալ պրոդուկտը ու դա անում ենք թափանցիկ։
Որովհետև եթե դու ուրիշներից անկեղծություն ու թափանցիկություն ես պահանջում, ինքդ էլ պետք է այդ կերպ գործես։ Այդպես աշխատելը դժվար է, բայց անհնարին չէ։
Բաբկեն Թունյան
Տնտեսագետ, լրագրող, «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: