Լրագրողի իրավունքները ընտրական տեղամասում
1
Ի՞նչ է պատահել:
Հայաստանում փոփոխվել է Ընտրական օրենսգիրքը: Ընտրական տեղամասերում լրագրողների աշխատանքի համար նոր կանոններ են սահմանվել:
2
Ի՞նչ անել տեղամաս մտնելուց անմիջապես հետո:
Գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝ ներկա գտնվելու համար ընտրական հանձնաժողովի նիստերին ու քվեարկության սենյակում: Չմոռանալ նաև տեսանելի ձևով կրել ԿԸՀ կողմից տրված վկայականը:
3
Քվեարկության սենյակում նույն լրատվամիջոցի միաժամանակ քանի՞ ներկայացուցիչ կարող է ներկա գտնվել:
Մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ օպերատոր:
4
Ի՞նչ իրավունքներ ունի լրագրողը ընտրական տեղամասում:
Տեսաձայնագրել ընտրական հանձնաժողովների նիստերը, քվեարկության ընթացքը, չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:
5
Ի՞նչ է արգելված:
Լրագրողն իրավունք չունի միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ցուցումներ տալու ընտրական հանձնաժողովի անդամներին, ներկայացնելու պահանջներ:
6
Լրագրողին կարո՞ղ են հեռացնել ընտրական տեղամասից:
Կարող են, եթե քվեարկության սենյակում գտնվող լրագրողների և դիտորդների թիվը 15-ից ավելի է, և դա ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը: Խաթարման աստիճանը որոշում է հանձնաժողովը՝ ⅔-ի կողմից ընդունված որոշման համաձայն:
Քվեարկության սենյակում գտնվող լրագրողների սահմանափակման մասին դրույթը չի տարածվում հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:
7
Մասնագիտական գործունեությունից բացի ի՞նչ կարող է անել լրագրողը:
Լրագրողն անգամ չի կարող օգնել քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին: Մարդասիրական օգնությունը նրա լիազորություններից դուրս է: