«Մարզային լրագրությունը Հայաստանում զարգացած ու մրցակցային չէ։ Մինչդեռ մարզերում կան բազմաթիվ խնդիրներ ու հրատապ հարցեր, որոնք քիչ են լուսաբանվում, բայց շատ կարևոր են»,- ասում է Ազատություն ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը։
Մարզում առկա խնդիրների, բնակիչների առօրյայի ու կարիքների մասին պատմող լրագրողի կարծիքով երևանյան բոլոր խոշոր լրատվամիջոցները պետք է մարզային թղթակցական կետեր ունենան, որովհետև Երևանում լրատվամիջոցների թեմատիկ օրակարգն այլ է։ Մարզային խնդիրները հաճախ դուրս են մնում այդ օրակարգից կամ այդ օրակարգի մաս են դառնում միայն այն դեպքերում, երբ այնտեղ համապետական նշանակության իրադարձություններ են տեղի ունենում։
Նմանօրինակ վերջին իրադարձությունը Դեբետ, Աղստև և Տաշիր գետերի վարարումներն ու դրանց հետևանքով առաջացած ավերածություններն էին։
Կարինեն արձակուրդում էր գտնվում, երբ գետերի վարարումների ու դրանց հետևանքով առաջացած ավերածությունների մասին առաջին տեղեկությունները ստացավ։
Ժամեր անց նա արդեն դեպքի վայրում էր։ Փորձում էր հասկանալ, ու օպերատիվ կերպով ներկայացնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։
Ալավերդիում ծնված ու մեծացած լրագրողի համար շատ դժվար էր տեսնել ու լուսաբանել այն հսկայական վնասները, որոնք հասցրել էին վարարած գետերը, պատմել բազմաթիվ ծանոթ ու բարեկամ այն մարդկանց մասին, որոնք հեղեղումների հետևանքով կորցրել էին ամեն ինչ։ Կարինեն ասում է, որ նման իրավիճակներում ամենադժվարը չեզոքություն պահպանելն ու էմոցիաները կառավարելն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: