Արցախի պետական համալսարանում քաղաքագիտություն ուսումնասիրելու տարիներին Լիկա Զաքարյանը դեռ հստակ պատկերացում չուներ՝ ինչով էր հետագայում զբաղվելու: Լինելով արցախցի՝ նրա հետաքրքրությունները շրջանակվում էին հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության ոլորտների շուրջ: 2020-ի ամռանը նոր փուլ սկսվեց. որպես լրագրող աշխատանքի անցավ Ստեփանակերտում Սիվիլնթեի նորաբաց գրասենյակում:
Սեպտեմբերի 27-ը սպասված հանգստյան կիրակի էր. «Մինչև լուսաբաց գիրք էի կարդացել՝ մտածելով, որ տանն եմ լինելու, կարող եմ ինձ թույլ տալ երկար քնել: Արթնացա 7:30-ին առաջին պայթյունների ու ընտանիքիս անդամների ձայներից՝ «խփու՜մ են, խփու՜մ են, պատերազմ է»»:
Պատերազմի ընթացքում Լիկան եղել է Արցախում՝ որպես լրագրող ու որպես քաղաքացի: Ասում է՝ պատերազմի օրերին մեծ էր միջազգային ուշադրությունն Արցախի հանդեպ: Տեղացի լրագրողները թեև քիչ էին, բայց նրանց աջակցությունը մեծ էր ոչ միայն պարզապես լրահոսն ապահովելու, այլև հետնաբեմում գործընթացները կազմակերպելու հարցում. «Մենք թե՛ լրագրող էինք, թե՛ ֆիքսեր, թե՛ վարորդ… Սենսացիոն նյութերից առավել կարևոր էր մեզ համար, որ Արցախի մասին խոսելու հնարավորություն բոլորը ունենան»:
Լիկայի կարծիքով՝ մենք պարտվեցինք ոչ միայն ռազմական գործողություններում, այլ նաև մեդիա պատերազմում. «Պարզ օրինակ է, փորձենք Յություբում Արցախի մասին տեսանյութեր, ֆիլմեր փնտրել ու համեմատել ադրբեջանական կողմի ու մեր ունեցածը: 30 տարի շարունակ մենք պարտվել ենք, ինչպե՞ս պետք է պատերազմի ելքն այլ լիներ: Մարդիկ, որոնք մտածում էին, թե հաղթելու ենք, պարզապես շատ հեռու էին իրականությունից»:
Պատերազմում ցանկացած պահի իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար բավարար էր զորքերի գտնվելու վայրի մասին ծանոթ-բարեկամներից ժամ առ ժամ եկող տեղեկությունը. «Մարդիկ, ովքեր Հադրութում էին կռվում, հաջորդ պահին Ազոխում էին, Ազոխից հետո՝ Շեխերում, հետո՝ Կարմիր Շուկայում: Եթե Թաղավարդում էին բոյեր գնում, ինձ համար հասկանալի էր, որ արդեն Հադրութ չունենք: Ինչքան էլ պատրաստ լինեինք, Շուշիի լուրը անսպասելի էր»:
Պատերազմի առաջին օրերին Լիկան ՍիվիլՆեթի թիմի հետ վիդեոպատմություններ էր պատրաստում մինչև այն պահը, երբ օպերատորը՝ Լևոնը նույնպես զորակոչվեց: 11-րդ օրվանից սկսվեց ակտիվ օրագրությունը, որը կհրապարակվի փոքր գրքի տեսքով և որում տեղ կգտնեն նաև բաց թողնված օրերի պատմությունները:
«Իմ Երևան գնալու նախորդ օրը էվակուացիայի մասին լուրեր էին տարածվում: Մինչ այդ պահն ընտանիքս երբևէ ճնշում չէր գործադրել իմ վրա, բայց չես կարող միշտ «ռեմբո» լինել, միայն քո մասին մտածել: Այդ օրը երկար քննարկումներից հետո պայմանավորվեցինք՝ եթե հաջորդ օրը ոչինչ չփոխվի, գնում ենք: Պատերազմի ամենածանր ու հուսահատ դրվագներից էր. և՛ զգում էի վտանգը, և՛ երազում էի, որ մերոնք մի գյուղ վերցնեն, որ մեզ քաղաքից չհանեն: Այդ օրն օրագրում նշեցի, որ բառերն ինձ դավաճանել են, չեմ կարող ավելին գրել»:
Անորոշության հաջորդ ալիքը պատրազմի 44-րդ ու դրան հաջորդած մի քանի օրերին էր. «Պայմանագիրը կարդում ու չէի հասկանում՝արդյոք ունեինք Ստեփանակերտ կամ Արցախ: Ինձ անտուն էի զգում, կարծում էի՝ վերադառնալու տեղ չունեմ: Մի քանի օրից Ստեփանակերտում էի: Մենք առաջին վերադարձողներից էինք, քաղաքում դեռ շատ քիչ մարդ կար, դրսում ցուրտ էր ու մառախլապատ, տանն ու գրասենյակում՝ ցուրտ, մութ, հոսանքազրկված, առանց ինտերնետ, աշխարհից կտրված: Մտածում էի՝ մեզ հետ մի բան պատահի, ոչ ոք չի իմանա: Բայց դա էլ անցավ: Ամեն երեկո շենքերի կողքով անցնելիս նկատում էի նոր վառվող լույսերը, դրանք հուսադրող էին»:
Պատերազմից հետո շատ կարևոր թեմաներ կան Արցախում ՝սահմանամերձ դարձած շրջաններն ու գյուղերը, տեղահանված մարդիկ… «Եթե կարողանամ անկեղծ ու արդար ձևով պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում է այսօր, հավանաբար իմ բաժին գործն արած կլինեմ: Հիմա ավելի լավ պատկերացումներ ունեմ ներկայի մասին, քան նոյեմբերի 10-ին: Իհարկե, չէի ասի, թե հիմա ամեն ինչ նորմալ է, ոչինչ էլ նորմալ չէ, բայց ես նորից Արցախում եմ, վիրավորված ու տեղ-տեղ կորցված իմ տանը»:
Սոնա Քոչարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: