Դեպքի վայրում. Կարլեն Ասլանյան

author_posts/sona-kocharyan
Սոնա Քոչարյան
twiterfacebook

Լրագրող

2005 թ-ին, երբ Կարլեն Ասլանյանը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էր, եկավ «Ազատություն» ռադիոկայան, փորձաշրջան անցավ «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրում, այդտեղից էլ սկսվեց լրագրողական ուղին: Թեև մասնագիտության ընտրությունն արել էր դեռևս 12-13 տարեկանում:

«Դպրոցական տարիներից հետաքրքված էի քաղաքականությամբ, տպագիր մամուլ էի կարդում, եթե դասից փախնում էի, ապա հանրահավաքների գնալու նպատակով: Արդեն գիտեի, որ լրագրող եմ դառնալու: Ընդունելության քննության ժամանակ էլ այն քիչ դիմորդներից էի, որ միայն մեկ ֆակուլտետ էին նշում հարցաթերթիկում»:

Կարլեն Ասլանյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, լրագրություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում: «Ազատությունում» սկզբում նյութեր էր պատրաստում երիտասարդական թեմաներով: 2000-ականներին՝ թերթերի դեմ դատական հայցերի, դատերի լուսաբանումից սկսվեց անցումը քաղաքական թեմաներին: Իսկ լրագրության ավելի լուրջ դպրոց համարում է 2008 թ-ի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքները:

«Բողոքի ակցիաների, հանրահավաքների ժամանակ դու կոփվում ես որպես լրագրող, սովորում ես հարց տալ, աշխատել արտակարգ իրավիճակում, ճանաչել մարդկանց, քաղաքական գործիչներին: Իսկ 2008-ի հանրահավաքներն առանձնանում էին իրենց մարդաշատությամբ, այդպիսի մեծածավալ հանրահավաքներ վաղուց չէին եղել: Առհասարակ, Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով շատ բան փոխվեց քաղաքական մշակույթի, պայքարի, ակտիվիզմի դաշտում: Սա նորություն էր մեզ համար, ու կարծում եմ՝ իմ սերնդի լրագրողները կարևոր դպրոց անցան, ինձ էլ համարում եմ այդ դպրոցի սաներից»:

Հանրահավաքներից բացի Կարլենը լրագրողի համար «հյութեղ նյութ» է համարում ընտրությունները՝ նախագահական, խորհրդարանական, վերջին դեպքում նաև՝ ավագանու: Նրա կարծիքով լրագրողների համար նոր ու անկանխատեսելի իրավիճակ էր «Խորենացու դեպքերը».

«Մարդիկ, որոնց ճանաչում էինք, նախկինում նրանց հետ տասնյակ հարցազրույցներ էինք արել, պատից այն կողմ կանգնած էին զենքով: Հետո էլ արդեն տեղի ունեցան լրագրողների նկատմամբ բռնության հայտնի դեպքերը»:

Թավշյա հեղափոխության դեպքում Կարլենն առանձնացնում է իրադարձությունների անկանխատեսելիությունը:

«2018-ին՝ առաջին անգամ, բողոքի ակցիաները արդյունք ունեցան: Մի մարդ, ում հետ մենք փողոցներով քայլում էինք, վազում նրա հետևից, ում հետ նստում էինք գետնին ու հարցազրույցներ անում, այսօր նրան դիմում ենք «պարոն վարչապետ»: Սա նախադեպը չունեցող մի բան էր, որին ականատես եղավ մեր սերունդը»:

Կարլենն ասում է, որ արտակարգ իրավիճակները լուսաբանելիս պատրաստվելու ժամանակ չի լինում, և լրագրողն առաջնորդվում է իր փորձով, կարողություններով ու գիտելիքով: Միևնույն ժամանակ, նա լրագրողի համար շատ կարևոր է համարում «իրատեսության զգացումը չկորցնելը»:

«Փորձը ցույց է տալիս, որ նժարի երկու կողմում դրված քարերն էլ լրագրողին փակուղային իրավիճակի մեջ են դնում: Մի կողմում «կաբինետային» լրագրությունն է, այդ աշխարհում ապրելը և ուրիշ իրականություն չտեսնելը: Իսկ մյուս կողմում ժողովրդական, ես կասեի՝ ժողովրդահաճո կամ պոպուլիստական լրագրությունն է, որը գուցե արտաքուստ գունեղ և հետաքրքիր է, բայց նորից փակուղի է տանում: Մենք ենք «ոսկե միջինը» մարդկանց փոխանցողը, հենց կորցրինք իրատեսության զգացումը, այդ պահին լրագրողական որակները մեծ անկում կապրեն»:

Սոնա Քոչարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *