Թավշյա հեղափոխությունը նաև մեդիայի հեղափոխություն էր։ Մեդիան հիմնովին ու վերջնականապես դուրս եկավ լրատվամիջոցների շրջանակից։ Մեդիա էր ամեն մեկը, ամեն տեղ, ամեն պահի։ Մեդիա էր լրագրողի կամ օգտատերի տարածած լայվը, վիդեոն, ֆոտոն։ Բայց տարածվող հազարավոր կադրերից ու լուսանկարներից հանրությունն ընտրում, սիրում ու անխնա տարածում է մի քանիսը, որոնք տպավորվում են որպես հեղափոխության պատկերներ։
Կարապետ Սահակյան, PAN Photo
Ապրիլի 16, 2018
Մետրոյում մի քանի հոգով էինք նկարում: Ինձ մոտ 55 մմ օբյեկտիվ էր, ու շատ մոտենալ չէի կարողանում, հեռվից էի նկարում: Տանջվում էի, փորձում էի ֆոկուսը բռնել: Հայտնվեցի դռան մեջտեղում։ Մի կողմից մարդիկ փորձում էին դռան դիմացը փակել, մյուս կողմից ոստիկանները փորձում էին նրանց հեռացնել, որ մետրոն շարժվեր։ Ես աջ ու ձախ էի նայում, ուզում էի և՛ մի կողմը նկարել, և՛ մյուսը: Երկու կողմերի կռիվ էր։ Ու ֆոտոումս դա երևաց։ Եթե լայնանկյուն օբյեկտիվ լիներ մոտս, ավելի շատ բան կերևար կողքերից ու, հնարավոր է, ֆոտոն ավելի լավը լիներ: Համենայն դեպս, ստացված արդյունքից գոհ եմ:
Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր
Ապրիլի 20, 2018
Ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ օրերից էր՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: Մարդիկ փակել էին ոստիկական մեքենաների դիմացն ու չէին թողնում անցնել: Սկսեցին աջուձախ բոլորին բռնել, որ մեքենաների ճանապարհը բացվեր: Այս դրվագը շարքով նկարել եմ՝ տղային բռնելու պահից մինչև նրան մեքենա նստեցնելն ու մեքենայի շարժվելը: Ենթադրաբար, բաժին տարան: Բնականաբար, շարքում ոչ բոլոր ֆոտոներն են հաջող ստացվել. մեկում ոստիկանի աչքն է փակ, մյուսում՝ տղայի դեմքը ոչ ճիշտ դիրքով է: Տեղում ընտրեցի մի քանիսն ու ուղարկեցի խմբագրություն՝ տարածելու համար: Ֆոտոյում ընդգծված է այդ օրերին պայքարող կողմերի բաշխվածությունը՝ հինգ ոստիկանն ընդդեմ մեկ երեխայի:
Ասատուր Եսայանց, Սպուտնիկ Armenia
Ապրիլի 21, 2018
Ես օնլայն տեսա, որ Արմեն Սարգսյանը եկավ հրապարակ, անմիջապես դուրս վազեցի: Բրթբրթելով հասա նրանց: Նման դեպքերում, երբ շատ մարդ կա, հաճախ չես լինում այն կետում, որը քեզ պետք է կամ հարմար է: Մեկին խնդրում ես, որ մի քիչ գլուխն իջեցնի, մյուսին՝ մի քիչ աջ գնա: Նկարեցինք, նկարեցինք, նկարեցինք, ու եկավ մի պահ, երբ Սարգսյանն ու Փաշինյանը սկսեցին իրար ականջի ինչ-որ բաներ ասել, չգիտեմ՝ թաքուն խոսակցություն էր, թե պարզապես աղմուկն էր շատ: Հետո նրանց միջև հայացքների փոխանակում սկսվեց: Ինձ մոտ այդ պահից մի քանի լուսանկար կա՝ տաբեր հայացքներով: Այս նկարի ամենամեծ արժեքն ինձ համար այն է, որ լայնանկյուն օբյեկտիվով արված նկար չի, որը հետո «քրոփ է արված»: Գաղափարապես այդպես էլ նկարել եմ, որ դիտողը հենց հայացքների վրա ուշադրություն դարձնի:
Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր
Ապրիլի 21, 2018
Հերթական երթը Մասիվից էր սկսվելու: Փաշինյանի գալուց առաջ մարդիկ արդեն փակել էին ճանապարհը: Իրավիճակը լարված չէր, բայց չգիտեմ ինչու, ոստիկաններն ամբոխի միջից այս տղային հանեցին ու դաժանաբար քաշքշելով տարան: Սկզբում սև դիմակավորներն էին, հետո՝ կարմիր բերետավորները, հետո՝ ոստիկանության զորքերը: Արդեն լարված էր, մեքենաների արանքում էինք, իսկ իմ ու նրանց միջև մի մարդու չափ ազատ տարածություն էր: Լուսանկարի ձգվածությունը նաև այդ մոտիկությունից է: Մի կադր առաջ կամ հետո այն չէ, իսկ այս լուսանկարում պահի ամբողջական պատկերն է: Երիտասարդին ոստիկանները հասցրին մինչև կանգառ, որտեղ ժողովուրդը փակեց ճանապարհն ու նրանց ձեռքից պոկեց տղային: Փախավ, ու էլ չկարողացան նրան հասնել:
Հակոբ Պողոսյան, Հետք
Ապրիլի 25, 2018
Աղջկան կերպարն ինձ միանգամից գրավեց՝ իր դիմագծերով, իր ոգևորությամբ և եռագույն դրոշով։ Երթի ժամանակ եզակի բան էր։ Ոճով Քիմ Քարդաշյանին նմանեցրի ու այդ տպավորության տակ էլ նկարեցի։ Երեք կադր արեցի, որոնցից երկուսն ավելի ընդհանուր էին և այս մեկը՝ դիմանկարային։ Երբ երկու մատը բարձրացրեց, հասկացա, որ կադրս ստացվեց, ու էլ կարիք չկար շարունակելու։ Երթից ժամուկես հետո նրան հրապարակում հանդիպեցի, սպիտակ շապիկով էր։ Սկզբում լուսանկարը չէի ուզում հրապարակել, մեր մենթալիտետի համար մի քիչ բարդ ընկալելի էր, բայց ի վերջո որոշեցի Հետքում տեղադրել։ Այլ պայմաններում կփորձեի աղջկա կարծիքը հարցնել, բայց հանրային երթի պարագայում թույլտվության կարիք չկար։ Թալիշից հետո սա երկրորդ դեպքն է, երբ կասկածում էի՝ կադրը հրապարակել, թե՝ ոչ։
Նարեկ Ալեքսանյան, Հետք
Մայիսի 1, 2018
Ազգային ժողովում վարչապետի ընտրության առաջին փուլի արդյունքներից հետո էր, երբ հանրապետականները դեմ քվեարկեցին: Հրապարակում հավաքված մարդիկ սրտնեղել էին, բայց սպասում էին, որ Փաշինյանը գա հրապարակ ու ասի, որ «լավ է լինելու»: Այդ պահին համերգ էր, ես բեմի դիմաց կանգնած մարդկանց էի նկարում: Լեյլա տատից երկու կադր արեցի, առաջինը՝ սա, հաջորդում լույսը փոխվել էր, ու կադրս «վառած էր» ստացվել: Հինգ րոպե հետո հասա խմբագրություն ու հասկացա, որ մինչև ֆոտոսթորին շատ արագ պետք է Լեյլա տատի ֆոտոն Ֆեյսբուքում հրապարակեմ: Ինձնից առաջ նրան էլի էին նկարել։ Բայց սա այն պահն էր, երբ լարումն ու էմոցիաները կիզակետում էին, ու բոլորն ինչ-որ բանի էին սպասում, ինչ-որ ֆոտոյի: Հրապարակեցի, ու միանգամից տարածվեց, «վիրուսային» ֆոտո դարձավ:
Համլետ Հայրապետյան, սիրողական լուսանկարիչ
Մայիսի 8, 2018
Վարչապետի ընտրությունից հետո հրապարակի բեմի մոտ սպասողական վիճակ էր․ ճանապարհը բացել էին, որ Փաշինյանն ու թիմակիցներն անցնեին։ Այդ հատվածում Օսիպյանի հետ սելֆի անող երիտասարդներին տարբեր կողմերից էին նկարում։ Չգիտեմ ինչու, Օսիպյանը հենց իմ կամերային էր նայում, ու դրանով էլ նկարը ստացված եմ համարում․ նայողին թվում է, թե իրեն է ժպտում։ Ես հիմնականում անձնական ֆոտոներ եմ անում ու այս ֆոտոն հենց ընտանիքիս ու ընկերներիս նկարների հետ տեղադրեցի Ֆեյսբուքում։ Մեկ ժամ անց արդեն շատ-շատ էր տարածվել։ Հիմնականում չգիտեին ու չէին նշում հեղինակին։ Պահն այնպիսին էր, որ նկարը դրական ընդունվեց ու տրամադրություն փոխեց: Մարդիկ գրում էին՝ Օսիպյանը ժպտում էլ է՞։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո լուսանկարը սկսեց կրկնակի տարածվել թե՛ օգտատերերի, թե՛ լրատվամիջոցների կողմից։
Սոնա Քոչարյան
Հույսի կամուրջ
Այս նկարները ես համարում եմ հնգանեֆ կամուրջ, երկար կամուրջ՝ կանգնած 5 հզոր հենարանի վրա: Սրանք բոլորն էլ տարբեր իրադրություններ են բնորոշում, սակայն միմյանց հետ կարմիր թելով օրգանապես կապված նկարներ են: Կարծում եմ, դեռ ուրիշներն էլ կգտնվեն, ասենք՝ Անի Հակոբջանյանի և իր նորագյուտ սերն արտահայտող նկարը՝ մորուքվոր տղայի հետ, որը շատերին է հայտնի:
Խաղաղության երանգ
Նկարը արել եմ նախքան Ս. Սարգսյանի հրաժարականի ընդունումը: Երբ Երևանի փողոցներում կատարվում էր հերթական “Քայլը” մեքենաների շարանի մեջ նկատեցի փոքրիկին, որի կերպարը տպավորվեց իմ մեջ: Նրա հագուստի գույնը և դեմքի վառ, պայծառ, լուսավոր ժպիտը լրացնում էին մեկ մեկու: