Այն, որ Հայաստանում կանայք և հատկապես կին քաղաքական գործիչները թիրախավորվում են՝ նորություն չէ․ այս մասին կանանց տոներին ընդառաջ ավանդաբար խոսում են թե՛ մասնագիտական շրջանակները, թե՛ պատկան մարմինները։
Այս տարին, սակայն, փորք-ինչ տարբերվում է, քանի որ Հայաստանում նախընտրական ոչ պաշտոնական շրջանը մեկնարկել է։ Քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն ունեցող շատ կանայք բախվում են սեռական հիմքով խտրականության և վարկաբեկման արշավների՝ վիրավորական մեկնաբանություններից մինչև բամբասանքների շրջանառում ու դրանց վրա կառուցված թեզեր։
Մեր զրուցակիցներն իրենց անձնական օրինակներով հաստատում են՝ Հայաստանում կա կանանց նկատմամբ թիրախավորում։ Ասում են՝ դա արվում է ոչ միայն սոցիալական ցանցերում, ոչ միայն իրենց օպոնենտների կողմից, այլև՝ լրատվամիջոցների։
Միաժամանակ, բոլորն էլ նշում են, որ քաղաքականություն մտնելիս գիտակցել են, որ իրենց թիրախավորելու են, փորձելու են անսպասելի հարվածներ հասցնել, ամենևին «վարդագույն ակնոցներ» չեն կրել։
«Պետք է անենք ամեն ինչ, որ մեր հաջորդ սերունդն ավելի վստահ լինի հանրային կյանքում»

Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անցյալ ամիս թիրախավորվել էր վարչապետի «Վարչաբենդի» միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգի ներքո պարելու համար։ Ասում է, որ ընդհանուր առմամբ ակտիվ կանանց նկատմամբ որոշակի ուշադրություն կա, բայց առավել հատուկ վերաբերմունք կա քաղաքականապես ակտիվ կանանց նկատմամբ։
«Կան նաև նրանց նկատմամբ բարձր պահանջներ, օրինակ՝ սխալվելու անթույլատվություն։ Ես հասկանում եմ, թե ինչու է դա այսպես․ տարիներ շարունակ եղել են որոշակի դերեր՝ նախանշված տղամարդկանց ու կանանց համար, և երբ այդ անձն այդ կարծրատիպային դերերը փորձում է կոտրել, դրսևորում է այլ վարքագիծ, հասարակությունն անսովորությունից, պահպանողական մոտեցումից և այլ պատճառներից սկսում է անհանգստանալ այս երևույթով և «հետ բերել մարդուն» նախանշված դեր, կարծրատիպ»,- ասում է նա։
Միաժամանակ, նախարարն ասում է, որ եթե համեմատենք, իհարկե, իրավիճակը փոխվել է․ ամեն հաջորդ սերունդ օգտվում է նախորդ սերունդի ձեռքբերումից։ Նա բերում է իր մոր օրինակը՝ նշելով, որ նա ևս զբաղվել է քաղաքականությամբ և բախվել է խտրականության ավելի մեծ դրսևորումների։ «Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր հաջորդ սերունդն ավելի վստահ լինի հանրային կյանքում, հետևի իր երազանքներին, ակտիվ դերակատարում ունենա մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը խոստովանում է, որ ամենազգայունն այն արշավների նկատմամբ է, որոնք վիրավորում են ընտանիքին կամ երեխաներին։ «Ցավեցնող արտահայտություն են լինում ընտանիքի մասին, երեխաների․․․ արտաքինին վերաբերող, անձնականին վերաբերող մեկնաբանությունները, չարախոսությունները, ավելի հեշտ ես մարսում։ Բայց ինչ վերաբերում է ընտանիքին, երեխաներին, զգայուն են, որովհետև որպես մայր, որպես հայ կին, մեր ընտանիքը մի շրջանակ է, որին պաշտպանողական ես վերաբերում»,- նշում է նա։
Անահիտ Ավանեսյանը հիշում է վերջին հրապարակումներից մեկը, երբ լրատվամիջոցը նկարահանել էր ԱԺ-ում իր զրույցը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ու դա վերնագրել հետևյալ կերպ․ «2 որդիներին բանակ ճանապարհած Ավանեսյանը զրուցում է պաշտպանության նախարարի հետ»։
«Վերնագրի ելևէջից կարելի էր ենթադրել, որ ես կարծես թե ինչ-որ բան եմ խնդրում պաշտպանության նախարարից, այն ինչ այնտեղ ես որպես նախարար էի, ոչ թե որպես երկու զինվորների մայր։ Շատ հետաքրքիր էին արձագանքները, որ մարդիկ համարժեք պատասխան տվեցին։ Ես շատ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, որ հարյուրավոր արձագանքներ տվեցին, այդ թվում՝ պախարակող։ Հասկանո՞ւմ եք՝ խնդիրը ոչ թե փաստն է, այլ՝ կեղտոտ երանգը։ Մինչ այդ չէիք նկատել, որ իմ երկու որդիները ծառայում են բանակում, շարունակեք՝ չնկատել»,- ասում է նախարար Ավանեսյանը։
«Երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս եք պաշտպանվում թիրախավորումից, ասում եմ՝ չեմ պաշտպանվում, ժպտում եմ»

Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասում է, որ իրեն թիրախավորում են ամենօրյա ռեժիմով, բայց ինքը դրան ժպիտով է վերաբերում, դրանից չի կոտրվում, մեկնաբանողներին հաճոյանալու համար արտաքինը չի փոխում։ Որպես օմբուդսմեն ասում է՝ կանանց նկատմամբ խտրականության հիմնական պատճառը՝ նախապաշարմունքներն են։ Ըստ նրա՝ հատկապես հանրային գործունեություն ծավալող, որոշում կայացնող կանանց թիրախավորում են, որովհետև կարծում են, որ «կինը չի էլ կարող որևէ պաշտոն զբաղեցնել, քանի որ թույլ է, քան տղամարդը»։
«Շատերը չեն էլ պատկերացնում, որ կինն իր մասնագիտական կարողությունների, անցած ճանապարհի հիմքով կարող է շատ լավ աշխատանքային հաջողություններ ունենալ։ Մեծամասնության կարծիքով՝ հաջողության հասելը ընտանիքի, ամուսնու, ընկերոջ կամ որևէ այլ մեկի շնորհիվ է։ Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ մասնագիտական հաջողության հասած կինը չի կարող հասնել անձնական հաջողության։ Նախապաշարմունք կա, որ եթե կինը հանրային գործունեություն իրականացնի, չի հասցնի ընտանիք կազմել, անձնական կյանք ունենալ»,- ասում է Անահիտ Մանասյանը։
Ըստ օմբուդսմենի՝ որոշումներ կայացնող կանանց, պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը մեծացել է, բայց դա չի նշանակում, որ այս նախապաշարմունքները հետ են նահանջել։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ օրինակ է հիշում, երբ սոցիալական ցանցերում մի խումբ տղամարդիկ, այդ թվում՝ իրենց իրավապաշտպան անվանողներ, համակարգված կերպով տարածում էին մի կնոջ լուսանկար ու ծաղրական ոճով քննարկում նրա արտաքին տեսքը։
«Երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս եք պաշտպանվում թիրախավորումից, ասում եմ՝ չեմ պաշտպանվում, ժպտում եմ, փորձում եմ քննադատությունը թիրախավորումից տարբերակել։ Մի բան է, երբ առողջ քննադատություն կա, մեկ այլ բան է, երբ հատուկ թիրախավորում են»,- պատմում է Անահիտ Մանասյանը։
Նա հորդորում է լրատվամիջոցներին ուշադիր լինել, չտարածել կանանց թիրախավորող արտահայտություններ, մտքեր։
«Հայաստանում մինչև վերջերս քաղաքականությունն ընդգծված տղամարդկանց աշխարհ էր»

Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ասում է՝ իրեն թիրախավորելու փորձերն իր վրա չեն ազդում, իր ընտանիքն ամուր կանգնած է իր թիկունքին։ Ըստ նրա՝ քաղաքականությամբ զբաղվող կանանց թիրախավորման նպատակը մեկն է, որ կինն այլևս չզբաղվի քաղաքականությամբ, չասի այն, ինչ մտածում է, տեսնում է։
«Իմ քաղաքական հակառակորդները պետք է վաղուց հասկացած լինեին, որ դա ինձ վրա չի ազդում։ Ես ունեմ շատ ամուր կամք, առանցք, գիտեմ՝ ինչ եմ անում։ Փառք Աստծո, որ ունեմ ընտանիք՝ ամուսին, երեխա, ծնողներ, ամուսնու ծնողներ, ովքեր ամուր կանգնած են իմ թիկունքին»,- պատմեց Գրիգորյանը։ Միաժամանակ, նա խոստովանում է, որ «քարից չէ», երբ թիրախավորում են իրեն որպես մայր, դա իրեն նեղացնում է, բայց վարքագծի վրա չի ազդում։
«Տղաս այն տարիքում է, երբ տեսնում է ռիլեր, գրառումներ, բայց մենք զրուցում ենք։ Կարդում է ակնհայտ սուտ տեղեկատվություն, հարցնում է՝ ինչու են անում, ես էլ բացատրում եմ, որ դրանով փորձում են ինձ ճնշել, պայմանավորվում ենք, որ թիրախավորումները չեն կարող դառնալ պատճառ, որ ես լռեմ, չխոսեմ»,- անկեղծանում է ընդդիմադիր պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ իշխող մեծամասնության կանայք չեն արձագանքում, չեն դատապարտում ընդդիմադիր կանանց թիրախավորելու դեպքերը։ «Ընդհակառակը, գալիս ու շարունակում են թիրախավորել։ Ես չեմ հիշում, որ իմ տղամարդ գործընկերներից մեկը թիրախավորի ՔՊ-ական կին պատգամավորի։ Եթե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում, բայց ակնառու նման դեպք չեմ հիշում։ Իսկ հակառակը մենք տեսնում ենք։ Դժվար եմ պատկերացնում, որ տղամարդը իր տանը ակնածանք ունենա կնոջ նկատմամբ, իսկ ԱԺ-ում ասի՝ «աղջիկ ջան, գնա թեստ հանձնի»»,- ասում է նա։
Աննա Գրիգորյանը Հայաստանում քաղաքականությունը նկարագրելիս օգտագործում է “this is a mans world” (Սա տղամարդկանց աշխարհ է) հայտնի արտահայտությունը։
«Հայաստանում մինչև վերջերս քաղաքականությունն ընդգծված տղամարդկանց աշխարհ էր, բայց կանանց դերն ավելի ակնառու է դառնում, կանայք հիմա շատ ավելի ակտիվ են, քան բազմաթիվ տղամարդիկ։ Երբ ինձ կոմպլիմենտ են անում, գիտե՞ք ինչ են ասում՝ «հազար տղամարդ արժե․․․», ասում են՝ «այս աղջիկը, հազար տղամարդ արժե»։ Վերջերս էլ մի ռիլ տեսա, որի վրա իմ խոսքն էր ու գրված էր՝ «դահլիճի միակ տղամարդը»։ Ես հասկանում եմ՝ ինչ են ուզում ասել, բայց սա վկայություն է, որ կնոջը վերագրում են տղամարդուն բնորոշ հատկանիշներ, որ նոր ընդունեն իրենց ասածը»,- ասում է Աննա Գրիգորյանը։