ՀՌՀ-ն հրապարակել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստառադիոընկերություններում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքի վերաբերյալ տվյալները։
Հայաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին․ քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ընտրողներին կներկայացնեն մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Այս տարի քաղաքական գովազդի գները գրեթե նույնն են, ինչ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Ինչպես 2021-ին, այնպես էլ այս տարի ամենաբարձր գինը սահմանել է «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ մեկ րոպեի համար պահպանելով 100 հազար դրամ սակագինը։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ որոշակիորեն նվազել է «Շանթ» հեռուստաընկերության վճարովի եթերաժամանակի արժեքը։ Եթե 2021-ին քաղաքական գովազդի մեկ րոպեն այս հեռուստաալիքով արժեր 100 հազար դրամ, ապա այս տարի երեկոյան 18:00-23:59 այն կարժենա 90 հազար դրամ, իսկ 06:00-ից 17:59-ն ընկած ժամանակահատվածում՝ 45 հազար դրամ։
Մեկ րոպե եթերաժամանակի համար երրորդ ամենաբարձր արժեքը քաղաքական ուժերը կվճարեն Հանրային հեռուստաընկերությանը՝ 45 հազար դրամ։
Հանրապետական սփռում ունեցող ալիքներից ամենազգալի գնանկումը եղել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում. եթե 2021-ին մեկ րոպեն արժեր 40,000 դրամ, ապա այժմ այն 23,000 դրամ է։
Միայն Երևանում հեռարձակվող հեռուստաընկերություներից ամենբարձր գինն առաջարկում է «5-րդ ալիքը»՝ 30 հազար դրամ։ Նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմեմատ այս հեռուստաընկերությունում քաղաքական գովազդի մեկ րոպեի արժեքը 2,5 անգամ ավելացել է՝ 12 հազար դրամից դառնալով 30 հազար դրամ։
Մարզային հեռուստաընկերություններում էլ քաղաքական ուժերին հատկացվող վճարովի եթերաժամանակի արժեքը հիմնականում կամ նույնն է մնացել կամ ավելացել է։ Միայն Լոռու մարզում ցուցադրվող «Ֆորտունա» հեռուստաընկերությունում է, որ րոպեի արժեքը 25․200 դրամից նվազել է և դրաձել՝ 18․150 դրամ։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ռադիոգովազդի գներն անհամեմատ ավելի ցածր են։ Մեկ րոպե եթերաժամանակի առավելագույն արժեքը մայրաքաղաքային սփռում ունեցող «Ռադիո Վանում» և «Ռուսսկոյե ռադիո»-ում է՝ համապատասխանաբար 6200 և 5200 դրամ։
Հանրային ռադիոյում վճարովի եթերաժամանակի արժեքը 2021-ի համեմատ չի փոխվել և այս տարի էլ կազմում է 1800 դրամ։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում հեռուստառադիոընկերություններում քաղաքական գովազդի գինը սահմանվում է Ընտրական օրենսգրքով՝ հետևյալ մեխանիզմով․
- Հանրային հեռարձակողի դեպքում 1 րոպե վճարովի եթերաժամանակի գումարը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50%:
- Մասնավոր հեռարձակողների դեպքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքը: