Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում քննարկվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (հայտնի որպես Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման հարցը․ նախագիծը, սակայն, չընդունվեց։ Առաջարկին կողմ էր քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 0:
Ընդդիմադիր խմբակցությունը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ նշելով, որ Հակոբյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ է հնչեցրել ՀՅԴ հասցեին և այսպիսով «խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿԽ) նախագահի պարտականույթունները կատարող Մարիամ Գալստյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են հարցազրույցը և Հակոբյանի խոսքի միայն մեկ հատվածում են խախտում արձանագրել։
Նա ասաց, որ հանձնաժողովը հարցն ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 24-րդ հոդվածով, վարքագծի կանոնագրքի 64-րդ հոդվածով, ինչպես նաև Սահմանադրության 197-րդ հոդվածով, որի 5-րդ մասի համաձայն՝ ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակ չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, հրապարակային ելույթներով պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն։
Մարիամ Գալստյանը նշեց, որ պետք է անդրադառնալ նաև այն հարցին, թե արդյոք տվյալ հայտարարությունները Հակոբ Մովսեսի կողմից արվել են լիազորություններն իրականացնելու ժամանակ, թե ոչ։ Նա նշեց, որ հարցազրույցի ժամանակ Հակոբ Մովսեսը հանդես չի եկել ի պաշտոնե՝ հարցազրուցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար, բայց շեշտեց՝ անկախ հանգամանքից պաշտոնատար անձը ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից երևույթը խնդրահարույց է, քանի որ կառույցը պետք է քաղաքականապես չեզոք լինի։
«Այսպիսով՝ վարքագծի կանոնակարգի 64-րդ կետը կիրառելի է հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի դրսևորած վարքագծի նկատմամբ՝ անկախ հանգամանքից, որ Հակոբ Հակոբյանը չի ներկայացել որպես ՀՌՀ անդամ»,- ընդգծեց Մարիամ Գալստյանը։
Նա ասաց, որ խոսքային բնույթի արարքների քննության ժամանակ իրենք հիմնվում են մարդու իրավունքների եվրոպական դատարանին վերաբերելի նախադեպային իրավունքի վրա և այս տեսանկյունից ևս եկել են եզրահագման, որ «վարքագծի խախտում է ոչ միայն քաղաքական կուսակցության օգտին խոսելը, այլև՝ դեմ խոսելը»։
«Հանձնաժողովը գտել է, որ Հակոբ Հակոբյանն իր խոսքով մեկնաբանել ու քննադատել է կուսակցության գործունեությունն ու գաղափարախոսությունը՝ այն կոչելով հայ ժողովրդի համար շատ վտանգավոր»,- ասաց Մարիամ Գալստյանը։
Երկու օր ԱԺ-ում ընթացող քննարկումների ժամանակ իշխող ուժը չէր թաքցնում, որ Հակոբ Մովսեսի արտահայտություններին աջակցում է, ուստի քննարկումների փուլում արդեն իսկ պարզ էր, որ մեծամասնությունը կողմ չի քվեարկելու նրա լիազորությունների դադարեցման առաջարկին։
ՀՌՀ անդամի արտահայտման սահմանների վերաբերյալ ԱԺ նիստը պարբերաբար վերածվում էր ՀՅԴ-ի պատմական ու ներկա քաղաքական դերի մասին քաղաքական բանավեճի։
«Պարոն Հակոբյանը խոսում է գլոբալ հարցերի մասին, գնահատական է հնչեցնում օրինակ 1800-ականների Դաշնակցության գործունեությանը ու եզրահանգման է գալիս։ Պատմական իրողությունների փնտրտուքի արդյունքում արված գնահատական չի՞։ Պատմական իրողություններ է վերլուծել, եկել է եզրահանգման, որոնց հետ ես համաձայն եմ»,- ասաց իշխող ուժի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ Հակոբ Մովսեսը «թանկարժեք քաղաքական խորհրդատվություն է տվել Դաշնակցությանը», ոչ թե քննադատության է ենթարկել։ Նա հարցրեց՝ ինչո՞ւ եք դիտարկել նրա մտքերը որպես քննադատություն։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականույթունները կատարողն այս առնչությամբ ասաց, որ եթե անգամ ՔՊ-ն իրենց դիմում տար այն մասին, որ դա ՔՊ-ին աջակցող հայտարարություն է, իրենք դա կդիտարկեին որպես քաղաքական զսպվածության նորմի խախտում։ Նա ասաց, որ պատմական ակնարկներին, պատմությունը վերլուծելու դրվագների հետ իրենք խնդիր չեն տեսնում, խնդիրը՝ գործող քաղաքականության քայլերի հետ կապված դիրքորոշումն է, օրինակ, երբ Հակոբ Հակոբյանն ասում է, որ «Դաշնակցությունը պետք է փոխի իր ազգային ամբողջ քաղաքականությունը», «շատ վտանգավոր գաղափարախոսություն է հայ ժողովուրդի համար Դաշնակցության գաղափարախոսությունը»։ Մարիամ Գալստյանն ասաց, որ պատմական ակնարկն օգտագործել է գործող կուսակցության վերաբերյալ գնահատական տալու միջոց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ այս եզրակացությունը շատ կարևոր է և վկայությունն է նրա, որ Հայաստանում չկա Հեռուստատեսության և ռադիոյի անկախ հանձնաժողով։ Նա նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն ուղարկվել է Հակոբ Հակոբյանին, բայց դրանից հետո էլ նա շարունակել է նույն մտքերով հարցազրույցներ տալ Հանրայինին (նոյեմբերի 9-ին), FreeNews-ին (սեպտեմբերի 23-ին), Հայկական Ժամանակին (դեկտեմբերի 17-ին), տարածել է «իշխանության քարոզչական թեզերը», այդպիսով՝ չի հարգել հանձնաժողովի եզրակացությունը։
Մարիամ Գալստյանն ասաց, որ վարույթը հարուցելուց հետո դիմել են Հակոբյանին՝ պարզաբանում ներկայացնելու համար ու վերջինս տեղեկացրել է, որ համաձայն չէ իրենց եզրակացության հետ։
Հակոբ Հակոբյանը վերահաստատեց, որ ինքը համաձայն չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հետ։ Նա նշեց, որ ինքը հակադաշնակցական չէ, երբևէ չի եղել ու հիմա էլ չէ։ «Ես Դաշնակցության մեջ անուններ գիտեմ, ովքեր մտավորական, պետական գործիչներ են, կիսել են մեր ժողովուրդի ողբերգությունները, մեծ դեր են խաղացել մեր ազգային մտածողության մեջ։ Ես ՀՅԴ մասին խոսել եմ պատմական կտրվածքով, ես իրավունք ունեմ, մտավորական եմ, պարտավոր եմ։ Պարտավոր եմ 1915-ի ողբերգությունը դիտարկեմ պատմական, գաղափարական հիմքերով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մտավորականը չպետք է ենթարկվի ճնշումների նույնիսկ բանավեճային սուր հարցադրումներում։
Ըստ Հակոբյանի՝ իր կարծիքը կարող է չընդունվել, բայց պետք չէ համարել որպես ՀՅԴ-ի մասին մերօրյա քաղաքականության գնահատական։ «Ինձ չի կարելի մեղադրել Դաշնակցության ատելության մեջ, ես Դաշնակցությանը չեմ ատում։ Ես կարծում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել, ոչ մեկին չեմ վիրավորել, խոսել եմ գաղափարախոսությունների մասին, որոնց մասին մեր մտավորականությունը խոսել պարտավոր է»,- շեշտեց նա։
ՀՅԴ-ական անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ նկատեց, որ որքան էլ Հակոբ Մովսեսը փորձի ներկայանալ որպես նախկին նախարար, մտավորական, ինքը մնում է ՀՌՀ անդամ։ «Չե՞ք կարողանում ընկալել, թե չե՞ք ուզում ընկալել, որ ՀՌՀ անդամ եք։ Ամբողջ պաշտոնավարման ընթացքում, որքան որ մնաք կազմակերպությունում, դուք դրա անդամ եք, ՀՌՀ ներկայացուցիչ եք»,- ասաց Կյուրեղյանը։
Հակոբ Մովսեսը հակադարձեց․ «Կոռեկտ լինել, չի նշանակում գլավլիտի տակ լինել, վախենալ պաշտոնը կորցնելուց ու ձեն ու ծպտուն չհանել։ Ինչ ասել եմ՝ պատմական ենթատեքստ ունի, ոչ թե քաղաքական»։
ԱԺ դահլիճում ներկա ՀՅԴ-ական պատգամավորների հարցերը նպատակ ունեին պարզելու՝ արդյոք Հակոբ Մովսեսը վա՞տ է վերաբերում Դաշնակցությանը։ «Ես չեմ կարծում, թե ՀՅԴ-ը եկավ ու մտավ իր պատմական առաքելության թևի տակ, իսկ թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, ինքներդ որոշեք»,- հակադարձեց ՀՌՀ անդամը։ Հակոբ Մովսեսը նաև ասաց, որ ինքն այցելում է սրճարան, որը կապվում է ՀՅԴ-ականների հետ, բայց իրեն այնտեղ այլևս առաջվա պես չեն բարևում։
«Սովորաբար այն սրճարանն եմ հաճախում, որն ասում են՝ դաշնակներին է: Լավ սրճարան է, էժան գներ, լավ սպասարկում են: Ինձ մատուցողները սիրով էին ընդունում, բայց էս նախաձեռնությունից հետո մի լավ տղա կա, որը ինձ չի բարևում: Երբ հարցրեցի, ասաց, որ մաուզեռի վրա երդում է տվել: Ես կուզեի, որ Դաշնակցությունը երդում տար Սահմանադրության վրա: Եթե այսպես շարունակվի, կարող եք նաև կացինի վրա երդում տալ: Այսօրվա հայրենասիրությունը ադապտացիա է պահանջում քաղաքական իրավիճակներին: Ավելի վտանգավոր բան չկա, քան վերացական գաղափարները։ ՀՅԴ-ն շատ մեծ դեր կարող էր ունենալ մեր այսօրվա իրավիճակում, դա ավանդույթներ ունեցող կուսակցություն է, դուք ի զուր եք կարծում, որ ես ձեզ դեմ եմ, պարզապես դուք պետք է ադապտացվեք այսօրվա իրողություններին»,- հավելեց նա:
Հակոբ Մովսեսի հարցով ԱԺ-ում քվեարկությունը փակ գաղտնի էր։ ԱԺ մեծամասնությունը ընտրեց Հակոբ Մովսեսին ՀՌՀ կազմում թողելու տարբերակը։