Արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող վիզուալ պատկերներ ստեղծող գործիքները գենդերային կողմնակալ վերաբերմունք ունեն։ Media.am-ի կողմից անցկացված փոքր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ այսպիսի գործիքներին հրահանգում ես գործարար կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդկանց պատկերել, ստանում ես մեծամասամբ տղամարդկանց լուսանկարներ։
Այս փորձարկումը մեր կողմից կատարվել է վերջին մեկ ամսվա ընթացքում (դեկտեմբեր 23-հունվարի 23), հարցումներն արվել են տարբեր օգտահաշիվներից, (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց) տարբեր լեզուներով, իսկ հրահանգները տրվել են առանց սեռային հուշման, ինչպես օրինակ՝ «գեներացրու քաղաքական գործչի լուսանկար», «ստեղծիր հաջողակ ընկերության գործադիր տնօրեն» և այլն։
Արհեստական բանականությունն աշխատում է համացանցում առկա ստանդարտների, կարծրատիպերի ու որոշակի մոտեցումների հավաքագրման արդյունքում։ Այն ուսուցանված է մեծ քանակի, արդեն իսկ գոյություն ունեցող տեքստերի, մոտեցումների, լեզվական ձևերի, օրինաչափությունների և հանրային դիսկուրսների հիման վրա։ Այսինքն՝ յուրաքանչյուր հարցման կամ հրահանգի պարագայում մեզ առաջարկվում է այնպիսի պատասխան, որը քաղված է արդեն իսկ գոյություն ունեցողից։ Սա նշանակում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու պարագայում ԱԲ-ն ևս կողմնակալ մոտեցում ունի, քանի որ արտացոլում է մեդիայում առկա եղելությունը։

Օրինակներից մեկը, երբ ChatGPT-ին խնդրել ենք գեներացնել քաղաքական գործչի լուսանկար
Երբ ChatGPT-ին հարցրինք, թե ինչու տղամարդ պատկերեց, ոչ թե կին, այն առանց որևէ բացատրության կնոջ լուսանկար գեներացրեց։ Խնդրեցինք բացատրել, թե ինչու առաջին հարցման պարագայում տղամարդու լուսանկար գեներացրեց, ինչին ի պատասխան ստացանք հետևյալը․ «[․․․] Այդ դեպքում ես ավտոմատ կերպով կիրառեցի տարածված վիզուալ կարծրատիպ․ ՏՏ ոլորտի ղեկավար = տղամարդ։ Սա իմ սխալն էր, ոչ թե քո հարցման թերությունը»:
Շարունակելով բացատրությունը ChatGPT-ն ասում է, որ տեխնոլոգիական և բիզնես ոլորտներում դեռ գերիշխող են տղամարդկային պատկերները։ «Մեդիան, ֆոնդային լուսանկարները, LinkedIn–ի «CEO» պատկերները տարիներ շարունակ ձևավորել են հենց այդ տեսքը։ Մոդելները (ներառյալ ես) հաճախ այդ նախնական օրինաչափությունները կրկնում են, եթե հատուկ սահմանափակում չկա։

ChatGPT-ի պատասխանն այն հարցին, թե ինչու պատկերեց տղամարդ

ChatGPT-ի բացատրությունն այն մասին, թե ինչու պատկերեց տղամարդ
Նույն արդյունքը ստացանք Gemini, Midjourney նեյրոցանցերի պարագայում, ինչը վկայում է այն մասին, որ անկախ ցանցի անունից արհեստական բանականությամբ աշխատող մոդելն այդ կերպ է վարժեցված։

Gemini-ին խնդրեցինք ստեղծել հաջողակ ընկերության ղեկավարի նկար
Մասնագետները նշում են, որ համացանցում առկա կարծրատիպերն արտացոլելը ամենևին էլ միակ բացատրությունը չէ։ Սթենֆորդի արհեստական բանականության ինդեքսի համաձայն, որը արհեստական բանականության զարգացման վերաբերյալ ամենամեծ զեկույցն է, մարդիկ, ովքեր պետք է գնահատեն ԱԲ աշխատանքի արդյունավետությունը ճնշող մեծամասնությամբ տղամարդիկ են (20%-ն են կանայք): Նշվում է, որ կանանց ավելի ակտիվ ներգրավումը մոդելների մշակման և գնահատման մեջ կարող է փոխել գենդերային կողմնակալության նկատմամբ մոտեցումը և նոր պատկերացումներ բերել։
Հետաքրքրական է, որ ChatGPT-ի խոստովանությունից հետո, թե ինքն ավտոմատ կերպով կիրառեցի տարածված վիզուալ կարծրատիպ, վերջում գրեց՝ ինքը կարող է արտացոլել կարծրատիպերը, բայց մարդն է որոշում՝ դրանք վերարտադրվե՞ն, թե՞ վերանայվեն։