ԱԺ անվտանգության աշխատակիցները հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին խորհրդարանի շենքից:
Լրագրողներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը, որոնք դեկտեմբերի վերջից սկսած մեկ տարով զրկված են ԱԺ հավատարմագրումից, մտել էին խորհրդարան ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից իջեցրած անցագրերով ու ներկա էին պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին։ Սակայն, նիստի ընթացքում ՊՊԾ աշխատակիցները հայտնեցին, որ նրանք իրավունք չունեն այդտեղ լինել։ Իրավիճակը լարվեց, ընդհուպ Քնար Մանուկյանին ուժի գործադրմամբ հեռացրին տարածքից։
Media.am-ի հետ զրույցում Սոնա Գրիգորյանն ասաց, որ իրենք կարող էին գտնվել այնտեղ, որտեղ կգտնվեր իրենց համար անցագիր իջեցրած պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իսկ նա մասնակցում էր տվյալ նիստին, որտեղից իրենց հեռացրին։
«Երբ ՊՊԾ-ը առաջին անգամ եկավ, որ մեզ դուրս հրավիրի նիստից, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք չեն խանգարում, կարող են մասնակցել նիստին, դրանից հետո իրեն դուրս հրավիրեցին ու ասացին, որ պետք է դուրս հանեն մեզ։ Անձամբ եկավ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, սպասեց, որպեսզի ՊՊԾ-ը իրագործի հրահանգը ու մեզ դուրս հանի»,- ասաց Սոնա Գրիգորյանը։
Ինքը՝ Առաքելյանը, տեղում պարզաբանեց, որ եթե լրագրողը շենք է մտնում անցագրով, ապա պատգամավորի կամ պատգամավորի օգնականի ուղեկցությամբ հանդիպում է պատգամավորի հետ իր աշխատասենյակում և հետ է ուղեկցվում։ Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե չի՞ կարող լրագրողը իրեն անցագիր իջեցրած պատգամավորի հետ մասնակցել հանձնաժողովի նիստին, Դավիթ Առաքելյանն ասաց․ «Խնդրում եմ էլի, դուք ստորագրում եք այս փաստաթղթի տակ, ևս մեկ անգամ կոչ եմ անում, որ կարդաք այդ փաստաթուղթը։ Որևէ հանձնաժողովի նախագահ չի կարող թույլ տալ, որ բացի հավատարմագրված լրագրողներից այլ լրագրողներ մասնակցեն նիստին»։
Սոնա Գրիգորյանն ապօրինի է որակում առհասարակ ոչ միայն այս միջադեպը, այլև իրենց անցյալ դեկտեմբերին հավատարմագրումից զրկելը։ «Դավիթ Առաքելյանը մեկ օրում երկու նկատողություն է տվել այն բանի համար, որ մենք փորձել ենք մոտենալ պատգամավոր Հայկ Կոնջորյանին նրան հարց տալու նախատեված վայրում։ ՊՊԾ աշխատակիցներին մենք հարցրել ենք՝ իրավունք ունե՞նք այս վայրում հարց տալ, ասել են այո, մենք փորձել ենք նրա հետ հարցազրույց անցկացնել, բայց նա չի էլ կանգնել, մեր հարցերին չի էլ պատասխանել ու դրա համար մեզ նկատողություն են տվել։ Նույն օրը նկատողություն են տվել նաև դրանից առաջ մեր կատարած փորձի համար, որ էլի նույն տեղում նույն պատգամավորին փորձել ենք հարց տալ, հետին թվով նկատողություն են տվել»,- պատմեց լրագրողը՝ հայտնելով, որ իրենք բողոքարկել են դատարանում այս որոշումը, քանի որ ուզում են շարունակել լուսաբանել խորհրդարանի աշխատանքները հատկապես ընտրություններից հետո ձևավորվող նոր խորհրդարանում։
Սոնա Գրիգորյանն ասաց, որ գործընկերների հետ ԱԺ էին գնացել որպես քաղաքացի ու այդ օրը լրագրողական աշխատանք չէին իրականացնում՝ «չենք տեսանկարահանել, հրապարակում չենք արել, գնացել են լսելու պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը media.am-ին ասաց, որ միտումը մտահոգիչ է․ առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանում որևէ կոնֆլիկտի հետևանքով լրագրողներին զրկում են հավատարմագրումից։
«Խորհրդարանում որևէ լարված իրավիճակ է լինում, լրագրողի հետ վեճ է լինում, վրդովված պատգամավորը ձեռնարկում է քայլեր, որպեսզի լրագրողին զրկեն հավատարմագրումից։ Սա դարձել է սովորական։ Ձևական նախազգուշացումներ են պատրաստում, հետո դադարեցնում են հավատարմագրումը։ Բայց արդյո՞ք այդ նախազգուշացումները, որոնք հիմք են ծառայում զրկելու հավատարմագրումից, իրավաչափ են։ Մենք անցյալում ունեցել ենք դեպքեր, որոնց անդրադարձել է նաև Տեղեկատվական վեճերի խորհուրդը, երբ լրագրողին նախազգուշացումը իրավաչափ չի եղել։ Օրինակ եղել է այն բանի համար, որ լրագրողը նկարել է անվտանգության աշխատակիցներին, թե ինչպես են նրանք մտնում նիստերի դահլիճ, այն անվտանգության աշխատակիցներին, որոնց դեմքերը բազմիցս նկարահանվել են անգամ խորհրդարանի ուղիղ եթերում»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը։
ԽԱՊԿ նախագահը չհամաձայնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի այն դիտարկման հետ, որ օրենքը սահմանափակում է լրագրողին անցագրով խորհրդարան մտնելու դեպքում չմասնակցել հանձնաժողովի նիստին։
«Ասում են, որ եթե Գեղամ Մանուկյանն է իրենց հրավիրել, Գեղամ Մանուկյանն է անցագիր տվել, ուրեմն լրագրողները կարող են այցելել միայն նրա աշխատասենյակ։ Այնինչ, լրագրողները կարող էին մասնակցել նաև հանձնաժողովի նիստին ու դրա ապացույցը նաև այն էր, որ սկզբում նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեմ չէր, որ նրանք ներկա լինեն։ Կարգում գրված չէ նման բան, որ պետք է միայն աշխատասենյակ գնան»,- ասաց Մելիքյանը։
Սոնա Գրիգորյանը կոչ արեց լրագրողական հանրույթին միավորվել, հասկանալ, որ տեղի ունեցող իրադարձությունները վերաբերում են ոչ միայն իրենց, այլև՝ բոլորին։ «Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն իշխանական պատգամավորներին անհարմար, ոչ ցանկալի հարցեր տալ, կունենան մեր ճակատագիրը։ Սա չորրորդ իշխանությանը լռեցնելու փորձ է նախընտրական շրջանից առաջ»,- կանխատեսեց լրագրողը։
Աշոտ Մելիքյանն էլ հավելեց, որ իր համար մտահոգիչ է, որ որևէ քայլ չի նախաձեռնվում մեղմելու լրագրողների կոնֆլիկտը իշխանության ներկայացուցիչների հետ, արվում է՝ հակառակը։ «Ինչ-որ տեղ լրագրողներն էլ ավելորդ ագրեսիվ, ինչ-որ տեղ չափից շատ համառ են այն մարդկանց հետ, ովքեր չեն ուզում հարցազրույց տալ, նույնը տենում ենք նաև մյուս կողմից, տենում ենք, որ միշտ հավասարակշռված ներկայացող պաշտոնյաները հանկարծ դուրս են գալիս հունից մի փոքր հարցից։ Բայց այս խնդիրը պետք է լուծել, կոնֆլիկտը պետք է հարթել, հակառակ դեպքում ընտրությունների ֆոնին Ազգային Ժողովը կվերածվի գլադիատորական մարտերի թատերաբեմի»,- ամփոփեց ԽԱՊԿ նախագահը։
Լարված մթնոլորտը մեղմելու մասին հայտարարել էին նաև լրագրողական կազմակերպությունները։
«Փաստերը վկայում են, որ լարված հարաբերությունների պատճառով ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցները շատ մեծ դժվարությամբ են կարողանում շփվել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, իսկ իշխանության հետ ասոցացվող ԶԼՄ-ների լրագրողները՝ ընդդիմադիր գործիչների հետ։ Հասկանալի է, որ սա նաև լրատվական դաշտի խիստ բևեռացման և քաղաքական շահերի սպասարկման հետևանք է։ Սակայն Ազգային ժողովը մինչ օրս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել իրավիճակն առողջացնելու համար, թեպետ մենք վաղուց առաջարկել ենք մեր աջակցությունն այդ հարցում»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
Լրագրողական կազմակերպությունները ԱԺ ղեկավարությունից պահանջում են «նախաձեռնել քննարկումներ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և պատգամավորների փոխհարաբերությունները կարգավորող կանոնագիր ստեղծելու և դրա պահանջների կատարմանը հետևող մարմին ձևավորելու նպատակով»։