Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Հայաստանի Ժուռնալիստների միության շենքը

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Պուշկինի 3 ա հասցեի շենքի նկատմամբ Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու պահանջով։ Հայցն ընդունվել է վարույթ։

Այս մասին Media.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։ 

Դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Ժուռնալիստների և այլ միությունների (Նկարիչների, Գրողների) գույքերի գործերը։ Ինչպես նույն օրը կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, կան գույքեր, որոնք տնօրինվում են ապօրինի, բայց պետական սեփականություն են հանդիսանում, ինչը պարզելու համար էլ գործընթաց են սկսել։

Շարունակելով նրա միտքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, թե ստեղծագործական միությունների գործունեությունը խոչընդոտելու սպառնալիք չկա, լինելու է ընդամենը ՀՀ–ին պատկանող գույքի պատշաճ կառավարում։ 

Գլխավոր դատախազությունից Media.am-ին պարզաբանեցին, որ «Ժուռնալիստների միությունը չէր կարող հավակնել Պուշկինի փողոց 3 ա հասցեում գտնվող շենքի սեփականատիրոջ կարգավիճակին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս չուներ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթեր»։ 

Դատախազության պատասխանից բխում է, որ բազմահարկ շենքը, որտեղ տեղակայված է ՀԺՄ-ն, շահագործման է հանձնվել 1978թ.-ին, իսկ Միությունը ստեղծվել է միայն 1992թ.-ին։ Ըստ դատախազության ՀԺՄ-ն ոչ իրավահաջորդի կարգավիճակով, ոչ էլ օրենքի այլ իրավասությամբ չէր կարող լինել գույքի սեփականատերը։ 

Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի` «ՀՀ, Երևան քաղաքի Պուշկինի 3ա հասցեի շենքի նկատմամբ 21.01.1999թ․-ի «Ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետքական գրացման (վկայական թիվ՝ 022340) առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին» (Գլխավոր դատախազության ամբողջական պատասխանը հասանելի է այստեղ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ում նամակի հիման վրա էլ սկսվել է գործընթացը, Media.am-ին ասաց, որ Հայաստանի անկախացումից հետո շատ տարածքներ են փոխանցվել ՀԿ-ներին, Միություններին, բայց դրանք եղել են ապօրինի, քանի որ չեն ունեցել որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր, որ իրենք ԽՍՀՄ ժամանակ գործող կազմակերպութունների իրավահաջորդներ են։ 

«Այս քննարկումները սկսվել են շուրջ 2 տարի առաջ։ Սա մեր ընդհանուր մոտեցումն է ու չի վերաբերում միայն Ժուռնալիստների միությանը։ Անկախացումից հետո բազմաթիվ գույքեր, որոնք ժամանակին պատկանել են Խորհրդային Հայաստանին, պետք է դառնային ՀՀ սեփականություն, ոչ թե դառնային ԽՍՀՄ-ում գործող կազմակերպությունների ու միությունների սեփականություն։ Մենք որոշակի սահմանափակումներ դրեցինք այդ միությունների համար, որ չկարողանան վաճառել, օտարել գույքը։ Վաճառքի համար պետք կլինի նոտարական համաձայնություն ունենալ ՀԿ-ի, Միությունների բոլոր անդամներից, դրա առկայության դեպքում կատարել օտարումը հրապարակային աճուրդի եղանակով և այլն։ Բայց հիմա եկել է ժամանակը, որ այդ տարածքները վերադարձվեն պետությանը»,- ասաց պատգամավորը։ 

Սիսակ Գաբրիելյան նշեց, որ շուրջ Ժուռնալիստների միության շուրջ 2400 քմ մետր տարածքում կա «ՎՏԲ-Հայաստան» բանկ, «Հարդ Ռոք» սրճարան, որոնք «ակնհայտորեն կապ չունեն լրագրության հետ» և իրենք ուզում են Միությանը վերադարձնել այս տարածքները։  

«Հայ լրագրությունը տուժելո՞ւ է, եթե այս տարածքները վերադարձվեն Ժուռնալիստների միությանը։ Տեսեք, օրինակ, ՎՏԲ բանկի տարածքը։ Ժամանակին Միության նախագահը այդ տարածքը վարձակալության է տվել ինչ-որ անձի։ Այդ անձն էլ իր հերթին վարձակալության է հանձնել տարածքը բանկին։ Նա կոպեկներ է տալիս Միությանը, իսկ բանկից տասնապատիկ ավելի շատ գումար է վերցնում վերավարձակալության տալով։ Մեր նպատակը լրագրողական հանրույթին այդ գույքը վերադարձնելն է։ Մենք միշտ ասել ենք՝ մի վախեցեք, այդ գույքը էլի տալու ենք ձեզ կառավարման կամ օգտագործման իրավունքով, ոչ թե սեփականության։ Չգիտեմ՝ ինչու են մտածում, որ սա Միության կամ լրագրողների դեմ է»,- մանրամասնեց Սիսակ Գաբրիելյանը։

ԱԺ պատգամավորի տեղեկությունը, թե Ժուռնալիստների միության տարածքները  վերավարձակալության են տրված այլ ընկերությունների՝ փորձեցինք ճշտել Ժոռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ։ Տիկին Սեյրանյանը հրաժարվեց պատասխանել media.am-ի հարցերին՝ ասելով, որ թեմայի շուրջ հանդես կգա մամուլի ասուլիսով։ 

Ժուռնալիստների միության նախագահը թեմայի վերաբերյալ կարծիք էր հայտնել նոյեմբերի 15-ին՝ Ֆեյսբուքում իր գրառմամբ։

«Մի ջղայնացեք, իզուր մի նյարդայնացեք, միասին այս 7 տարիների ընթացքում շատ բան ենք տեսել: Պարզ էր, չէ՞, որ հերթը լրատվամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը, նույնիսկ ոմանք այդ մասին հստակ հայտարարել էին: Սրանք գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված՝ հստակ դերաբաշխմամբ՝ պաշտոնական մակարդակում նախաձեռնելով կեղծ գործընթաց և դա ուղեկցելով սոցիալական ցանցերում սանձարձակ քարոզչական աղմուկով, կամ հակառակը: Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն: Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց… »,- գրել էր Սաթիկ Սեյրանյանը։ 

Սիսակ Գաբրիելյան ասաց, թե հիշում է, որ Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սաթիկ Սեյրանյանն ինքն է խոսել Ժուռնալիստների միության գույքի մի մասը տասնամյակներով վարձակալության հանձնված լինելու մասին ու այն մասին, որ Միությունը չի կարողանում տնօրինել այդ տարածքները։ 

«Տիկին Սեյրանյանը շատ արդարացիորեն բարձրացրել էր այդ հարցը, որովհետև այդ մարդիկ, ովքեր տարածքի վարձակալներն են, իրենց վարձակալած արժեքից տասը անգամ և ավել գնով վերավարձակալության են հանձնել այդ գույքը կոմերցիոն ընկերություններին։ Այդ գումարները կարող էին մտնել Ժուռնալիստների միություն։ Այդ պայմանագրերը կնքվել են դեռ գործող նախագահ Սաթիկ Սեյրանյանից առաջ, ուստի չեմ հասկանում, թե ինչումն է նրա դժգոհությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

168.am կայքը, որի խմբագիրն է Սաթիկ Սեյրանյանը, նոյեմբերի 28-ին հոդված է գրել այն մասին, որ ՀԺՄ տարածքները վարձակալության են հանձնվել Միության նախորդ նախագահի օրոք և Սաթիկ Սեյրանյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում փորձել է լուծել այդ տարածքները վերադարձնելու հարցը։ 

«Իսկ միգուցե մի նամակ էլ այդ մասին գրեր (խոսքն ուղղված է Սիսակ Գաբրիելյանին,-խմբ.) ու իմանար, որ սկսած ՀԺՄ նախագահ դառնալու առաջին օրերից, այսինքն՝ արդեն 7,5 տարի, ՀԺՄ-ն ու Սաթիկ Սեյրանյանը փորձում են լուծել նախկին պայմանագրերը և վերադարձնել ՀԺՄ-ի գույքը, որ 7,5 տարի ՀԺՄ-ն ՀՀ տարբեր ատյանների դատարաններում է հենց այդ նպատակով, որ ՀԺՄ գույքը Սաթիկ Սեյրանյանի՝ ՀԺՄ նախագահ դառնալուց առաջ նախկին նախագահը՝ Աստղիկ Գևորգյանը, մոտ 40, 70 և ավելի տարիներով, կոպեկներով վարձով է տվել ենթավարձակալության իրավունքով, որ ենթավարձակալները հսկայական շահույթներ են ունենում ՀԺՄ հաշվին, և, որ ամենակարևորն է, այդ տարածքները վարձով են տրվել առանց ՀԺՄ վարչության համաձայնության, նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանի կողմից կեղծելով ՀԺՄ վարչության անդամների ստորագրությունները, որ ՀԺՄ նախկին նախագահն այդ գործով մեղադրյալ էր, որ ուներ խափանման միջոց, որը վերացվեց (ի դեպ, հնարավոր է՝ այս մասին էլ Ալեն Սիմոնյանը պատմելու բան ունենա)…»,- գրվել էր 168.am-ի հոդվածում։ 

Սիսակ Գաբրելյանը ևս երկու հարց է բարձրացնում։ Պատգամավորը նշում է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու Միության վերահսկողության ներքո կազմակերպությունները, որոնք վարձակալում են տարածքները ՀԺՄ-ից, այդ թվում՝ Սաթիկ Սեյրանյանի կողմից ղեկավարվող «168 Ժամը», շարունակում են դրանք օգտագործել նվազագույն արժեքով։ Գաբրելյանն ասաց, որ քաղաքի կենտրոնում գտնվող այդ գույքը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով է տրվում այդ կազմակերպություններին։ 

Երկրորդ հարցը, որի մասին խոսեց պատգամավորը՝ գույքի գրավադրումն է։ «Ինչո՞ւ է ժուռնալիստների միության գույքի մի մասը գրավադրված բանկերում։ Սա ցավոտ խնդիր է։ 2400 քառակուսի մետր տարածքի առնվազն մի մասը, որոնք վարձակալությամբ հանձնված են, բանկում գրավադրված են ու վարձակալության հանձնելու համար բանկն է իրենց թույլտվություն տալիս։ Երբ և ինչու գրավադրվեց գույքը բանկում, սա ինձ համար անհասկանալի է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ 

Այս հարցերի վերաբերյալ ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանի տեսակետը չենք կարող ներկայացնել, քանի որ նա հրաժարվեց զրուցել Media.am-ի հետ։ 

Պատասխանելով մտահոգություններին, որ տարածքը պետականաշնորհելուց հետո լրատվամիջոցները չեն կարողանա վարձակալել այն, քանի որ արժեքը կփոխվի, իսկ լրատվամիջոցները սահմանափակ ռեսուրսներ ունեն, Սիսակ Գաբրիելյանն ասաց․ 

«Այս պահի դրությամբ, եթե ոչինչ էլ չանենք, մեկ է՝ գույքը պայմանագրով տրված է այլ անձանց տարիներով։ Մենք դեմ չենք, որ այդտեղ լինեն լրագրողական կազմակերպություններ, բայց թե ինչ ճակատագրի կարժանան այդ տարածքները, հետագայում ինչ գնով կհանձվեն, չեմ կարող հիմա, բնականաբար, ասել։ Եթե անգամ այդ գույքերը վերադառնան պետական սեփականության, առնվազն այդքան մասով, որ ծառայում են լրագրողական համայնքին, ես ամեն ինչ կանեմ, որ կրկին հանձվի լրագրողական համայնքին։ Իրենց գույքի 80 տոկոսը իրենցը չէ, դրանք վաղուց երկարաժամկետ դրված են վարձակալության։ Ազնիվ կլիներ, որ այդ կազմակերպությունները նման հայտարարություն անեին, որ պետությունն ընկել է իրենց հետևից, ոչ թե ժուռնալիստների միությունը։ ՀԺՄ-ը այս գործընթացից ոչինչ չի կորցնում, միայն շահում է։ Եթե միությունն այդ հսկայական գումարները ինքը ստանար, կհասկանայի, կմտածեի, թե նեղվում են, բայց ախր միությունն այդ գումարները չի ստանում, ստանում է այդ անձը, ով վերավարձակալության է տալիս այդ տարածքները»,- ասաց նա։ 

Media.am-ը կապ հաստատեց նաև ՀԺՄ նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ։ Նա ղեկավարել է  Միությունը ստեղծման օրից՝ 1992 թ․, մինչև 2017 թ.-ը։ Տիկին Գևորգյանն ասաց, որ պաշտոնը լքելուց հետո ինքն իրեն խոստացել է Միության հետ կապված որևէ հարցի հրապարակային չանդրադառնալ։