Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Ուսուցիչները վարքը սոցիալական ցանցերում կարող է դառնալ քննարկման առարկա ոչ միայն մասնագիտական հանրույթի կողմից, այլև լայն հասարակության։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ուսուցիչը սոցցանցերն օգտագործում է ոչ միայն որպես աշխատանքային գործիք, այլև որպես անձնական բլոգ․ հրապարակում է ընտանեկան, երբեմն շատ նեղ ընտանեկան, լուսանկարներ, քաղաքական գրառումներ կամ մեկնաբանություններ է անում, տարածում է ատելության խոսք պարունակող բովանդակություն կամ ապատեղեկատվություն։

Ի լրումն այլ հարցերի, նաև այս հարցի քննարկման համար Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) մշակել է «Սոցիալական ցանցեր և էլեկտրոնային հաղորդակցություն․ էթիկական վարքականոն ուսուցիչների համար» վարքականոն-ուղեցույցը։ Այն ուսուցիչների առցանց վարքի համար չափանիշներ է առաջարկում։ 

Ուսուցիչների՝ սոցիալական մեդիայում ակտիվության ու վարքականոնի անհրաժեշտության մասին իրենց տեսակետներն են ներկայացնում Երևանի երկու դպրոցների ներկայացուցիչներ՝ Մարգարիտ Սարգսյանը և Արամ Փախչանյանը։ 

Մարգարիտ Սարգսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար

Կրթահամալիրում վաղուց հաղթահարել են մեդիաբարդույթը և մեդիատիրույթն օգտագործում են ուսուցման նպատակով՝ որպես ուսումնական տարածք։ Բոլոր ուսուցիչները, սովորողները, ունեն բլոգներ․ դրանք բաց են և հասանելի, բոլորը կարող են տեսնել հրապարակումները՝ ուսումնական նյութեր, նախագծեր, վերլուծություններ։ Այս առումով մենք կրթական համայնք ենք, հրապարակումներն էլ մանկավարժական են, ուսուցիչը մեդիատիրույթում մանկավարժական բովանդակություն է ստեղծում։ 

Կրթահամալիրում կա չգրված պայմանավորվածություն՝ չտարածել կասկածելի, չստուգված բովանդակությունը, չհայհոյել, չվիրավորել, չտարածել հայհոյանքն ու վիրավորանքը, խնդիրները լուծել կիրթ, համաձայնությամբ։ Միաժամանակ, պետք է ասեմ, որ մենք չենք կարող արգելել որևէ ուսուցչի հրապարակել այս կամ այն բովանդակությունը ֆեյսբուքյան էջերում, քանի որ դա անձնական տարածք է։ 

Յուրաքանչյուր ուսուցիչ հասկանում է սահմանները։ Որոշակի մասնագիտություններ կան, որոնք պարտադրում են որոշակի չգրված նորմեր: Ուսուցչի մասնագիտությունը դրանցից մեկն է: Արգելել ուսուցչին, որ հրապարակի իր ընտանեկան լուսանկարները մենք չենք կարող: Բայց արդյոք ուսուցիչը ինքը չպետք է գիտակցի, որ կիսվել մերկիրան, կիսաբաց, լանջաբաց լոսանկարներով նորմալ չէ: Սա չգրված բարեվարքություն է, որին հասնելու համար պետք է աշխատել ուսուցիչների հետ: Ուսուցիչը հանրային գործիչ է ու կրում է հանրային գործիչ լինելու բոլոր հետևանքները։ Կարծում եմ՝ դպրոց, համալսարան օղակները կարևոր են․ իրենք են մասնագետներ պատրաստում,մասնագիտական որակավորում տալիս․ բարեվարքության կանոնները պետք չէ անտեսել։ Սա հենց ուսումնական նյութ է։ Հասարակությունն էլ պետք է սովորի կարևորել իր ուսուցչին ու նրա ստեղծած մանկավարժական բովանդակությունը։  

Եթե ուսուցիչներ կան, ում այս ամենը հիշեցնելու կարիք կա, ուրեմն նման բարեվարքության գրքույկի կարիք կա, բայց այն չպետք է սահմանափակի մարդու իրավունքները։ Ուսուցչին չսահմանափակենք այնքան, որ հակառակ պատկերն ունենանք․ սովորեցնենք, կրթենք։ Թեստերով բուհի ստացած գիտելիքը ստուգելն արդյունավետ չէ ու ոչ էլ կարևոր է՝ ուսուցիչն այդ խրթին մանրամասները հիշում է, թե չէ։ Չի հիշում, կբացի, կնայի, եթե պետք է։ Իսկ այս հարցերի վրա կենտրոնանալը կարևոր է․ հենց մանկավարժական բարեվարքությունը պետք է դառնա ուսուցման նյութ, եթե մարդն այդպես է պահում իրեն սոցցանցում, բա ինչպես կպահի դասարանում՝ փակ դռների հետևում։    

Մի երևույթ կար տարածված, հիմա հույս ունեմ, որ քիչ է, որ դպրոցի պաշտոնական էջերով շնորհավորում էին որևէ մեկի ծնունդը, մեկնաբանություններ էին գրում, վիրավորական արտահայտություններ։ Կան ուսուցիչներ, ովքեր տարածում են ապատեղեկատվություն, սուտ, կեղծ լուրեր, խաղեր են խաղում, թեստեր, որոնց արդյունքներով կիսվում են։ Ուսուցչի աշխատանքը ենթադրում է գրագիտություն, մեդիագրագիտություն, տեղեկատվության հետ աշխատելու հմտություն։ Ամեն գրառման հետևում պետք է հիշես, որ քեզ աշակերտներ են հետևում, որ դու իրենց համար օրինակ ես։ 

Դասարան մտնող ուսուցչի ու համացանցում գործունեություն ծավալող ուսուցչի կերպարը, իմիջը, պետք է նույնը լինի։ Մենք չենք մտնում դասարան ու անիծում։ Ինչո՞ւ ենք էդ դեպքում մեկնաբանություններում անիծում։  

Նայում ես՝ ուսուցիչ է, պայմանական PupsikDotAm կայքից հոդված է տեղադրել, որ չգիտեմ ինչ խմես՝ մի քանի օրում կբուժվես։ Լավ չպե՞տք է մարդը հասկանա, որ դա կայք չէ, որ դա հավաստի բովանդակություն չէ, որ չի կարելի դա տարածել։ Եթե մի բանից բարկացած ես, չի նշանակում, որ պետք է մտնես ինչ-որ մեկի էջ ու հայհոյախառը մեկնաբանություն թողնես։ Սրանք նորմեր են, որոնց պահպանումը կարևոր է։ 

 Արամ Փախչանյան
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 

Մենք թղթի վրա գրված կանոններ չունենք, բայց ունենք ընկալում, թե որ վարքագիծն է հակասում մանկավարժին հարիր բարոյական սահմաններին։  

Ինչ նկատի ունեմ։ Դպրոցում, օրինակ, արգելված է, ինչպես գիտեք, քաղաքական քարոզչությունը: Եթե որևէ ուսուցիչ կտրուկ հայտարարություն է անում սոցցանցերում, որը անցնում է սեփական կարծիք ունենալու սահմանը, դառնում է ագրեսիվ քարոզչություն, դա նորմալ չէ: Ուսուցիչները սա պետք է հասկանան։ 

Միաժամանակ, պետք է նշեմ, որ երևույթը կա, ուսուցիչներ կան, ովքեր սա և այլ խնդիրներ ևս չեն հասկանում, ուստի նրանց հետ պետք է տարվի աշխատանք։ Որքանով է ուղեցույցը նպաստելու դրան, դժվար է ասել։ Ես ավելի կողմնակից եմ, որ դպրոցի տնօրեննեըը պետք է հանդիպեն, խոսեն, բացատրեն մարդկանց, որ մարդիկ շտկեն իրենց վարքագիծը: Եթե մենք հիմա ուղեցույց սահմանենք, դա լինելու է շատ տեղայնացված ու շատ պահի ազդեցության տակ, լինելու է արդեն իսկ առկա օրինակներից ելնելով: Հետո ամեն մի հաջորդ օրինակի պարագայում թարմացնելո՞ւ ենք ուղեցույցը, լրացնելո՞ւ ենք։ 

Յուրաքանչյուր դեպք շատ հատուկ կարող է լինել և դպրոցը կարող է առաջնորդվել ըստ դեպքի քննության: Հիմա եթե ուսուցիչն ակնհայտ ոչ բարոյական, ոչ էթիկական վարքագիծ ցուցաբերի, որի մասին գրված չլինի ուղեցույցում, ասելու ենք՝ նորմա՞լ է: Մարդը ստացվում է, որ ոչ մի կետ չի խախտել չէ՞: Փորձը ցույց է տալիս, երբ բարոյական դաշտում կանոն ես սահմանում, դա վերածվում է փուչ բարոյագիտության։ 

Երբ մեր դպրոցում որևէ խնդիր է եղել, մենք ընկերաբար խոսել ենք, հասկացել ենք միմյանց, որովհետև դեպքերը հիմնականում եղել են չգիտակցված, մարդիկ չեն պատկերացրել, որ իրենց վարքը կարող է խնդրահարույց լինել, իսկ հասկանալուց հետո շտկել են։ 

Խնդիրն այլ տեղ է թաքնված․ ընդհանուր գրագիտության բարձրացման կարիք կա։ Եթե մարդը գրագետ լինի, նման հարցերը քննարկման չեն բարձրացվի։ Մարդը չի գիտակցում, որ եթե լուսանկար է դնում, դա ով կարող է տեսնել, ով կարող է օգտագործել։ Մեդիագրագիտության բարձրացման կարիք կա, տեղեկատվական գրագիտության տարածման կարիք կա։ Մնացածը՝ սրա հետևանքն է։ Դժվար թե լինի մարդ, ով գիտակցված վնաս հասցնի իրեն, հարվածի ինքն իր իմիջին, ընկնի ծնողների, երեխաների աչքերում։